Երեկ Էջմիածին քաղաքի մշակույթի ակումբի շենքը, որտեղ տեղակայված է թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, շրջապատված էր մարդկանցով ու ոստիկաններով:
Վերջիններս երկաթյա ճաղերով փակել էին ակումբ մտնելու ճանապարհը, որտեղ ժամը 14:00-ին պետք է շարունակվեր հանձնաժողովի նախորդ օրվա կիսատ մնացած նիստը, որի ընթացքում պետք է որոշվեր` գրանցելո՞ւ են արդյոք քաղաքացիական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածուներ առաջադրված էջմիածինցի Հակոբ Հակոբյանին եւ Սուսաննա Հարությունյանին: Դատելով ժողովրդի վանկարկումներից, կարող ենք ասել, որ այնտեղ էին հավաքվել հիմնականում Հակոբ Հակոբյանի թիմակիցները, որոնց ասել էին, թե հանձնաժողովն իբր «վերեւներից» հրահանգ է ստացել չգրանցել Հ. Հակոբյանին եւ Ս. Հարությունյանին` պատճառաբանությամբ, թե գրանցման համար ԸԸՀ ներկայացրած նրանց փաստաթղթերը թերի են: Հանձնաժողովի բակում հավաքված ժողովուրդը բղավում էր` «պայքար մինչեւ վերջ», «ազատություն»(՞), «արդարություն», «Հակոբյան» եւ այլն: «Հակոբյան» բղավելու ժամանակ հանձնաժողովի շենք էր մտնում նաեւ մյուս թեկնածու Հակոբ Հակոբյանը, ով` կարծելով, թե ժողովուրդն իրեն է նման ոգեւորությամբ դիմավորում` անկեղծ հուզմունքով շրջվեց դեպի ժողովուրդն ու ձեռքը սրտին դնելով՝ մի քանի վայրկյան խոնարհվեց: Ժողովուրդը, սակայն դրանից էլ ավելի բորբոքվեց ու վերաձեւակերպեց իր կոչը` բղավելով. «էջմիածինցի Հակոբյան»: Երեւանցի Հակոբյանն այդ ժամանակ միայն հասկացավ, որ հանձնաժողովի մոտ հավաքված բազմությունն իրեն չէր դիմավորում:
Եվ այսպես: Մինչ հանձնաժողովի նիստը, Հ. Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովը «կորցրել» է իր եւ Ս. Հարությունյանի` քաղաքացիների ստորագրություններով պահանջվող փաստաթղթի մեկական էջերն ու հիմա հայտարարում է, թե նախաձեռնող խմբի անդամների ստորագրությունները բավարար չեն իրենց թեկնածությունները գրանցելու համար: Հիշեցնենք, որ համաձայն Ընտրական օրենսգրքի, քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվող թեկնածուները ԸԸՀ պետք է ներկայացնեն 50 քաղաքացիների ստորագրությամբ փաստաթուղթ: Հ. Հակոբյանը, սակայն, ԸԸՀ էր ներկայացրել պահանջվածից ավելի` 61 հոգանոց ցուցակ, իսկ Ս. Հարությունյանի ցուցակը բաղկացած էր 75 հոգուց: Տարօրինակ զուգադիպությամբ, երեկ թե՛ Հ. Հակոբյանի, թե՛ Ս. Հարությունյանի ԸԸՀ ներկայացրած փաստաթղթերի միջից անհայտացել էին նախաձեռնող խմբի ստորագրություններով ցուցակի վերջին մեկական էջերը, եւ ստացվել էր, որ նրանք երկուսն էլ ներկայացրել են հենց 50 ստորագրություններ: Բնականաբար, թիվ 19 ԸԸՀ նախագահ Մովսես Քարտաշյանը հերքում էր, թե իրեն ներկայացվել է 3 էջանոց ցուցակ: Սակայն փաստաթղթերը հանձնելիս ԸԸՀ-ն Ս. Հարությունյանին ստացական էր տվել, ուր նշված էր, որ թեկնածուն ԸԸՀ է ներկայացրել 3 էջանոց ցուցակ: Էջերի անհետացման հետ կապված այս պատմությունը, թերեւս, միտումնավոր չդիտվեր, եթե ԸԸՀ-ն չկառչեր նաեւ այս երկու թեկնածուների գոնե 50 ստորագրություններից: Թիվ 19 ԸԸՀ նախագահ Մովսես Քարտաշյանը երեկ հայտարարեց, թե թեկնածուներ Հ. Հակոբյանի եւ Ս. Հարությունյանի նախաձեռնող խմբերից համապատասխանաբար երկու եւ երեք հոգի գնացել են իր մոտ, դիմում են գրել, որ իրենց ստորագրությունները հայտնվել են այդ մարդկանց ցուցակում անկախ իրենց կամքից. «Նրանք եկել են ինձ մոտ, ստորագրել են, որ իրենք չեն մասնակցել այդ նախաձեռնող խմբի ժողովին ու չեն ստորագրել դրա տակ»,- հայտարարեց Մ. Քարտաշյանն ու կոչ արեց հանձնաժողովի 6 անդամներին՝ չգրանցել Հակոբյանին ու Հարությունյանին: Պարզվեց՝ որոշ փաստաթղթեր կորել էին նաեւ երեւանցի թեկնածու Հակոբ Հակոբյանի ներկայացրած փաստաթղթերի տրցակից, սակայն նրան հնարավորություն էր տրվել նորից ներկայացնել դրանք: Քանի որ Քարտաշյանը համոզում էր, թե բացառվում է, որ հանձնաժողովից որեւէ բան կորեր, տիկին Հարությունյանը` փորձելով թարմացնել Քարտաշյանի հիշողությունը, նրան հիշեցրեց անցյալ օրվա նիստի որոշ դետալներ. «Հիշո՞ւմ եք, ես էլ ձեզ ասացի, որ եթե դառնամ պատգամավոր, ձեզ մի հատ լավ քարտուղարուհի կբերեմ, որ էլ փաստաթղթերը չկորցնի»,- ասաց Ս. Հարությունյանը: Երեւանցի Հակոբյանն էլ ասաց, թե ինքն ասել է, որ դրանք հավանաբար իր «լիազոր-ներկայացուցիչն է ճանապարհին կորցրել»: Էջմիածինցի Հակոբ Հակոբյանը` կանխելու համար թեկնածուների եւ ԸԸՀ նախագահի լեզվակռիվը, որից նեղվում էր երեւանցի Հակոբյանը, նշեց. «Դու մեր շրջանում ղոնախ ես, ինչ ասես՝ մեր համար օրենք է: Հես ա, որ իջնենք դուրս՝ ժողովրդին ասելու եմ` քեզ ձեռքերի վրա թռցնեն»: Սուսաննա Հարությունյանի գրանցման քննարկման ժամանակ ԸԸՀ-ում «Ազգային Միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Գաբրիելյանն ասաց, որ ինքը վստահ չէ, թե ցուցակում դրված նրանց ստորագրությունները կեղծ են, դրա համար ինքը կողմ է, որպեսզի Ս. Հարությունյանին գրանցեն: Իսկ ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանն ասաց. «Ես Սուսաննայի հետ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, բայց դա ոչինչ չի նշանակում: Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանին, իմ սուբյեկտիվ գնահատականով գտնում եմ, որ նա վերջին նախագահական ընտրությունների ընտրախախտումների հեղինակներից է, դրա համար իր նկատմամբ ես լավ կողմնորոշում չունեմ: Այսինքն` չի բացառվում, որ դրվեր միայն մեկ անձի խնդիր, ես սուբյեկտիվ լինեի, բայց իրականում ի պաշտոնե պարտավոր եմ այդ ամենը դնել մի կողմ ու որպես հանձնաժողովի անդամ՝ նայել` արժե՞ գրանցել, թե՞ չարժե: Այն, որ մեկն ինձ հարազատ է, մյուսի նկատմամբ վատ եմ տրամադրված, ոչինչ չի նշանակում: Ինչքան էլ վատ տրամադրվեմ ինչ-որ մեկի անձին, չեմ կարծում, թե մի անձը չկարողանար 50 ստորագրություն ապահովել, մանավանդ, եթե այսքան մարդ է հավաքվել հանձնաժողովի մոտ: Եթե հետամուտ են խնդրին, թող այդ ստորագրողները դիմեն դատարան ու ասեն, որ իրենց ստորագրությունները կեղծել են: Մեզ Ֆորմալ առումով բավարարում է նրանց փաստաթղթերը»: Քվեարկության ժամանակ չորս «կողմ» ձայնով Ս. Հարությունյանի թեկնածությունը գրանցվեց, որից հետո հանձնաժողովն անցավ Հակոբ Հակոբյանի փաստաթղթերի ուսումնասիրմանը: Ըստ Մովսես Քարտաշյանի, Հակոբյանի թեկնածությունը նույն պատճառաբանությամբ նույնպես կասկածի տակ է, որովհետեւ Հ. Հակոբյանի դեպքում ցուցակում ընդգրկված երկու քաղաքացիներ դարձյալ գնացել են իր մոտ ու դիմում են գրել, որ իրենց ստորագրությունները ցուցակում հայտնվել են անկախ իրենց կամքից: Եթե Ս. Հարությունյանի դեպքում հանձնաժողովի նախագահը փորձում էր հնարավորինս ճնշում չցուցաբերել հանձնաժողովականների նկատմամբ, ապա Հակոբյանի դեպքում դա այդպես չէր: Քարտաշյանն ասում էր, որ ինքը դեմ է, ու իր համար, ի տարբերություն մյուս հանձնաժողովականների, «էական հիմք» են հանդիսանում այն երկու քաղաքացիները, ովքեր իր աչքի առաջ դիմում են գրել ու հրաժարվել են, թե իրենք մասնակցել են Հակոբյանի նախաձեռնող խմբի ժողովին ու ստորագրել են դրա տակ: Հակոբյանի գրանցման հարցը քվեարկության դնելուց առաջ ելույթ ունեցավ նաեւ Հանրապետական կուսակցության կողմից պաշտպանվող թեկնածու Սեյրան Սարոյանի լիազոր-ներկայացուցիչ Բորիս Մկրտչյանը: Նա, չգիտես ինչու, որոշել էր Ս. Հարությունյանի դեպքում ոչինչ չասել, այնինչ երկու թեկնածուների գրանցման հարցը կասկածի տակ էր նույն պատճառաբանությամբ: Ինչեւէ, Բ. Մկրտչյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց առաջնորդվել Ընտրական օրենսգրքով, եւ եթե Հակոբյանի փաստաթղթերը թերի են, ստորագրությունները հերքող դիմումներ կան, ապա նրան պետք է չգրանցել: Հակառակ դեպքում, նա սպառնաց, թե կարող է հանձնաժողովի կազմի փոփոխման հարց բարձրացնել, ինչին ի պատասխան՝ հանձնաժողովի քարտուղարն ասաց. «Սպառնո՞ւմ եք, դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում, եւ դուք իրավունք չունեք մեզ ասել, թե մենք ինչ պետք է անենք»: Այնուհետեւ «Ազգային Միաբանության» ներկայացուցիչը կոչ արեց հանձնաժողովականներին՝ հավատալ ոչ թե փաստաթղթերին, այլ իրենց աչքի տեսածին` նկատի ունենալով դրսում հավաքված բազմությանը, ովքեր ամբողջ ընթացքում գոռում էին «Հակոբյան», մեկ-մեկ էլ` «Սուսան». «Մեր աչքի տեսածին չենք հավատում, փաստաթղթերի՞ն ենք հավատում: Կարող է՝ էդ մարդկանց վախեցրել են, նրանք էլ եկել ստորագրություններից հրաժարվել են»: Իսկ ԱԺՄ ներկայացուցիչն ասաց, թե իրենք չպետք է թույլ տան, որ նման ձեւով թեկնածուներին չգրանցելու նախադրյալ ստեղծվի` վստահեցնելով, որ այն կարող է ընդդիմության թեկնածուներին ընտրապայքարից դուրս մղելու լավագույն մեթոդը դառնալ: Հակոբյանի գրանցման հարցը հանձնաժողովի նախագահը երկար ժամանակ, կարծես դիտավորյալ, ձգձգում էր` սպասելով, որ նիստին ներկայանա նաեւ հանձնաժողովի մյուս` դատարանի ներկայացուցիչը: Միայն նրա գալուց հետո Հակոբյանի հարցը դրվեց քվեարկության, ինչին, բնականաբար, նա դեմ քվեարկեց: Չնայած դրան, Հակոբյանի թեկնածությունը չորս «դեմ» ձայնով գրանցվեց: Հիշեցնենք, որ չգրանցելու համար անհրաժեշտ էր 6 «դեմ» ձայն: Բայց դա դուր չեկավ հանձնաժողովի նախագահին, ու նա հարցը դրեց վերաքվեարկության, ինչից կարելի է ենթադրել, որ ԸԸՀ երկու անդամ եւս խոստացել էին դեմ քվեարկել Հակոբյանի գրանցմանը, սակայն կեսից փոշմանել էին, ու Քարտաշյանը հարցը դնելով վերաքվեարկության, փորձում էր նրանց ստիպել ուղղել քվեարկությունը:
Հ.Գ. Ժողովուրդը, որ մինչեւ վերջ սպասում էր, թե թիվ 19 ԸԸՀ-ն ինչ որոշում է կայացնելու Հակոբ Հակոբյանի եւ Ս. Հարությունյանի գրանցման վերաբերյալ, վերջում` համոզվելով, որ երկուսն էլ գրանցվել են, Հակոբյանի եւ Հարությունյանի հետ ոտքով շարժվեց դեպի «Հռիփսիմե» եկեղեցի` միասին մոմ վառելու: