Ասա կարգախոսդ, ասեմ՝ ով ես դու

06/04/2007

Կարգախոսները, որոնցով Հայաստանի քաղաքական ուժերը պետք է մասնակցեն մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին, արդեն հայտնի են: ԿԸՀ-ում գրանցված գրեթե բոլոր կուսակցությունները որոշել են, թե ինչ խոսքերով պետք է գայթակղեն ժողովրդին՝ նրանց քվեները ստանալու համար:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, ինչպես արդեն հայտնի է, որոշել է, որ այս անգամ ընտրությունների պետք է գնան ոչ թե՝ «Ապավինենք մեր մտքին ու բազկին» լոզունգով, այլ՝ ավելի երգեցիկ՝ «Քեզ համար Հայաստան» կարգախոսով: Այնպես որ՝ ՀՀԿ քաղաքական պաստառները հնարավոր կլինի տարբերակել հենց այս կարգախոսով: Իշխանական մյուս կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» կարգախոսները, պարզվում է, 30-ից շատ են: Նրանք բոլորն էլ օգտագործելու են, եւ, ինչպես «Արմենպրեսի» թղթակցին ասել է կուսակցության լրատվական ծառայության պատասխանատու Բաղդասար Մհերյանը, դրանցից յուրաքանչյուրն ուղղված է լինելու հասարակության կոնկրետ շերտի, ինչից էլ կարելի է ենթադրել, որ Հայաստանի հասարակությունն ունի երեք տասնյակի հասնող շերտեր: Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնական կարգախոսներն են` «Միասին կառուցենք բարգավաճ երկիր», «Ուժեղը պիտի լինի արդար, թույլը` պաշտպանված», «Գյուղի վերածնունդ, բարգավաճ Հայաստան», «Ծերերին խնամք եւ հարգանք», «Ապրեք արժանավայել եւ բարեկեցիկ», «Համայնքի հավասարաչափ զարգացում», «Մեկ թիմ, մեկ նպատակ` բարգավաճ Հայաստան», եւ այլն:

Բ.Մհերյանը նաեւ նշել է, թե կուսակցությունը ընտրողների հետ ուղղակի շփումների ընթացքում կներկայացնի սեփական ծրագրերը, կօգտագործի հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, արտաքին գովազդի ընձեռած հնարավորությունները: Մհերյանը նաեւ հայտարարել է, թե կուսակցությունում դեռեւս որոշում չի ընդունվել վճարովի եթերաժամից օգտվելու հարցի մասին, քանի որ, ըստ նրա, կուսակցության հիմնադրամն առաջարկվող սակագների հետ համեմատած՝ փոքր միջոցներ ունի: Իսկ ՀՅԴ-ն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընտրել է «Մեր հին ընկերը դաշնակցությունն է» կարգախոսը, որն, ինչպես հայտարարել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, առաջացել է «Հին ընկերները չեն դավաճանում»՝ ՀՅԴ հին ու բարի թեւավոր խոսքից: ՀՅԴ-ից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ ՀՅԴ-ն կօգտվի անվճար եթերաժամից, իսկ եթե քարոզչության մարտավարությունը պահանջի հավելյալ հնարավորություն, կօգտվի նաեւ վճարովի եթերաժամից: ՀՅԴ-ի մարզային կառույցները վերածվել են նախընտրական շտաբների, որոնք ակտիվ նախապատրաստում են քարոզչությունը, որը հիմնվելու է հիմնականում օրենսդիր եւ գործադիր մարմիններում կուսակցության կատարած աշխատանքի հաշվետվության, քաղաքական ուժի սոցիալիստական գաղափարախոսության վրա: «Դաշինք» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Ուժ եւ միասնություն» հիմնական կարգախոսով: Կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանն «Արմենպրեսին» փոխանցել է, թե «Դաշինքը» քարոզարշավին «մարտական է տրամադրված», իսկ այս փուլում կատարվում են նվիրատվություններ, հավաքվում են առաջին կիսամյակի անդամավճարները: Ըստ նրա, հենց այդ հավաքված գումարի չափից է կախված, թե «Դաշինքն» ինչ չափով կօգտվի վճարովի եթերաժամից:

Ընդդիմադիր ուժերը նույնպես արդեն որոշել են, թե ինչ կարգախոսներով են մասնակցելու ընտրություններին: Օրինակ, «Նոր Ժամանակներ» կուսակցությունը որոշել է իր կարգախոսում օգտագործել հենց կուսակցության անունը: «Նոր Ժամանակներն» էլ կունենա մի քանի կարգախոս: Այսպիսով՝ «Նոր Ժամանակների» կարգախոսները հետեւյալն են. «Նոր Ժամանակներ, նոր Հայաստան», «Մենք խոսում ենք միայն փաստերով»: Կուսակցությունն այս ընտրություններում պահպանելու է նաեւ իր հիմնական` «Պետություն եւ առաջընթաց» կարգախոսը: Կուսակցությունում վստահեցրել են, թե իրենք այժմ բանակցություններ են վարում հեռուստաընկերությունների հետ՝ վճարովի եթերաժամերի սահմանման շուրջ:

Իսկ ՀԺԿ կարգախոսները երկուսն են՝ «Սկզբունք եւ արժանապատվություն» եւ «Սկզբունքներն արժեք են»: «Ժառանգություն» կուսակցության կարգախոսը կլինի՝ «Հավատ եւ հայրենիք»: «Ազգային Միաբանություն» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Հայրենիքը փրկենք միաբանությամբ» կարգախոսով: Կուսակցության փոխնախագահ, նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը վերահաստատել է վճարովի եթերից չօգտվելու իրենց որոշումը: Նրանք արդեն սկսել են տպագրել իրենց հայտնի հակաճգնաժամային ծրագիրը, բուկլետները եւ պաստառները:

Իսկ Շավարշ Քոչարյանի «Ազգային ժողովրդավարական կուսակցությունն» ընտրություններին կմասնակցի «Արդար պետություն, կրթված հասարակություն, վաստակած բարեկեցություն» կարգախոսով: