Ռազմավարական դուետ՝ ռուսական մոտիվներով

06/04/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ Վարդան Օսկանյանը նպատակահարմար համարեց խոսել ռուսերեն, եւ լրատվամիջոցները (ինչպես եւ պետք էր սպասել) մեծ ուշադրություն դարձրեցին այդ փաստի վրա։ Մինչդեռ, մեր կարծիքով, դա ընդամենը մանրուք էր. շատ ավելի կարեւոր էր, թե կոնկրետ ինչ ասաց պրն Օսկանյանը։ Լեզուն կարեւոր չէր, որովհետեւ նա կարող էր խոսել ռուսերեն, բայց հստակորեն հանդես գալ Հայաստանի շահերից, կամ խոսել հայերեն, բայց առաջնորդվել բացառապես Ռուսաստանի շահերով։

Իսկ ի՞նչ ասաց Վարդան Օսկանյանը։ Նա հայտարարեց, որ մեր երկրի տարածքում ռուսական ռազմաբազաների առկայությունը «հսկայական նշանակություն ունի» Հայաստանի անվտանգության համար։ Ցավոք, սա բացարձակ ճշմարտություն է, որի դեմ առարկելն անիմաստ է։ Ափսոս միայն, որ պրն Օսկանյանը չկոնկրետացրեց այն «գինը», որը Հայաստանը վճարում է Ռուսաստանին՝ անվտանգության այդպիսի երաշխիքների դիմաց։ Մինչդեռ գինը հայտնի է։ Հայաստանը ոչ միայն այդ ռազմաբազաների դիմաց գումար չի վերցնում Ռուսաստանից, դեռ մի բան էլ ծախսերի մի մասն ինքն է հոգում։ Ավելին. որպեսզի հանկարծ ռուսները չնեղանան, Հայաստանն իր ռազմավարական օբյեկտները հերթով տալիս է Ռուսաստանին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, ինչպես նշեց պրն Օսկանյանը, ռուսական ռազմաբազաները «հսկայական նշանակություն ունեն» Հայաստանի համար։ Պարզ ասած՝ որովհետեւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները թշնամական են։

Հիմա հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանը պիտի ամեն ինչ անի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները միշտ մնան թշնամական։ Որովհետեւ հենց որ այդ հարաբերությունները կարգավորվեն, ռուսական ռազմաբազաներն այլեւս մեզ համար «հսկայական նշանակություն» չեն ունենա, ու մենք կամ կպահանջենք, որ դրանք դուրս բերվեն Հայաստանի տարածքից, կամ, ծայրահեղ դեպքում, ռուսներից հսկայական գումար կպահանջենք։ Այլ կերպ ասած, Հայաստանի շահերը պահանջում են նորմալ հարաբերություններ հաստատել հարեւանների (առաջին հերթին՝ Թուրքիայի) հետ, իսկ Ռուսաստանի շահերը պահանջում են, որ Հայաստանը հարեւանների հետ թշնամական հարաբերություններ ունենա։ Հիմա ինքներդ որոշեք՝ ո՞ւմ շահերով են առաջնորդվում Հայաստանի իշխանությունները։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ Վարդան Օսկանյանը ռուսերե՞ն էր խոսում, թե՞ սուախիլի լեզվով։

Կարող են առարկել, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում ոչ թե ռուսների պատճառով, այլ որովհետեւ չլուծված է մնում ղարաբաղյան հարցը, որի նկատմամբ Թուրքիան խիստ կողմնակալ դիրքորոշում ունի։ Միանգամայն ճիշտ է։ Այդ դեպքում եկեք հասկանանք, թե ի՞նչ են խոսել Օսկանյանն ու Լավրովը ղարաբաղյան հարցի մասին։ Գոնե այս դեպքում ՀՀ իշխանությունները Հայաստանի՞ շահերով են առաջնորդվել, թե՞ դարձյալ խնդրին նայել են ռուսական շահերի տեսանկյունից։

Եվ այսպես, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Կոսովոն դուրս կգա Սերբիայի կազմից եւ միջազգային հանրության կողմից պաշտոնապես կճանաչվի որպես անկախ պետություն։ Այս հարցն ըստ էության կանխորոշված է, թեեւ Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է դիմադրել եւ թույլ չտալ, որ իր ավանդական դաշնակից Սերբիան տարածքներ կորցնի։ Հայաստանի համար, իհարկե, ցանկալի է, որ Կոսովոն անկախանա, եւ միջազգային հանրությունը ճանաչի այդ անկախությունը, որովհետեւ դա կարող է միջազգային իրավունքի նախադեպ դառնալ, որից կօգտվի նաեւ Ղարաբաղը։ Իսկ ահա ռուսներին այդպիսի «նախադեպեր» պետք չեն։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքում ռուսների դիրքորոշումը պիտի լինի մոտավորապես այսպիսին. «Կոսովոյի հարցը պիտի լուծվի Սերբիայի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Բայց որպեսզի հանկարծ մենք չնեղանանք, նրանք պիտի հայտարարեն նաեւ, որ «Ղարաբաղի հարցը առանձնահատուկ է»։ Սերգեյ Լավրովը ճիշտ այդպես էլ վարվեց։ Ըստ այդ նույն տրամաբանության, Հայաստանի դիրքորոշումն էլ պիտի լինի մոտավորապես այսպիսին. «Ոչ, Ղարաբաղի հարցն առանձնահատուկ չէ եւ շատ նման է Կոսովոյի խնդրին, հետեւաբար՝ եթե Կոսովոն անկախանում է (ինչը մենք ողջունում ենք), Ղարաբաղը նույնպես պիտի անկախանա»։ Իսկ ի՞նչ ասաց դրա փոխարեն Վարդան Օսկանյանը։ Նա հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Նախադեպերն, իհարկե, ունեն որոշակի նշանակություն, սակայն յուրաքանչյուր հակամարտություն պետք է դիտարկել իր համատեքստում»։ Այլ կերպ ասած, նա ներկայացրեց ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերից բխող դիրքորոշում։

Այնպես որ, Հայաստանն իսկապես վաղուց արդեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն չի իրականացնում, եւ հենց սա է «ֆորպոստ» լինելու հիմնական ապացույցը։ Մնացածը մանրուքներ են։