Այս տարվա մարտին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցավ երկու նշանակալի իրադարձություն: Նախ հայկական կապի շուկա մուտք գործեց ինտերնետ հեռախոսակապ մատուցող երկրորդ ընկերությունը՝ «Ֆայբերնետը»:
Սա, իրոք, շատ կարեւոր էր, որովհետեւ մեր երկրում ինտերնետ կապը ներմուծվում էր միայն «ԱրմենՏելի» միջոցով: Իսկ «Ֆայբերնետի» գործունեությունը մեծապես կազատականացնի այդ շուկան, չնայած՝ Հայաստանում նման կարեւոր եւ շահութաբեր ոլորտում ոչ բոլորին է հաջողվում կամ թույլատրվում գործունեություն ծավալել: Այստեղ պետք է իշխանությունների մատն ինչ-որ կերպ խառը լինի, նրանք պետք է անձնական շահագրգռվածություն ունենան կամ անմիջապես իրենք ցանկանան գործունեություն ծավալել, որ ոլորտում բեկումնային փոփոխություն տեղի ունենա:
Սակայն նույնիսկ այս դեպքում էլ ինտերնետ ներմուծող երկրորդ օպերատորի մուտքը ողջունելի է ու օգտակար: Եվ այս պարագայում իսկապես երկրորդական է դառնում, թե ովքեր են կանգնած «Ֆայբերնետի» ետեւում՝ ՀՀ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա՞, թե՞ շարքային գործարար: Կարեւորն այն է, որ շուկայում մրցակցություն ստեղծվի, ծառայության որակը բարձրանա եւ սակագներն իջնեն: Հենց դա էլ խոստացել են նոր ընկերության ղեկավարները: Սա իրադարձություններից դրականն էր:
Երկրորդ «կարեւոր» իրադարձությունն էլ այն էր, որ ՀՀ կառավարությունը «ՎիմպելԿոմ» ընկերությանը վաճառեց «ԱրմենՏելում» ունեցած իր 10 տոկոս բաժնեմասը: Դա սպասվում էր դեռեւս աշնանը, երբ հունական OTE-ն նրան վաճառեց իր 90 տոկոսը: Ստացվում է այնպես, որ մի տեղ ազատվում ենք մենաշնորհից, մյուս տեղում՝ հանձնում լիակատար սեփականության եւ տնօրինության իրավունքները: Աշնանը մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կարծիք հայտնեց, որ եթե «ԱրմենՏելը» հրաժարվի իր մենաշնորհներից, մենք նրան պետք է նվիրենք մեր 10 տոկոս բաժնեմասը: Ճիշտ է, չնվիրեցինք՝ վաճառեցինք: Բայց այն ժամանակ էլ, հիմա էլ փորձագետները գտնում են, որ կառավարությունն այդ քայլին չպետք է գնար: «ԱրմենՏելի» սեփականության իրավունքն ամբողջությամբ հանձնելով ռուսական ընկերությանը, Հայաստանը զրկվում է ռազմավարական նշանակություն ունեցող հեռահաղորդակցության ոլորտի վրա ունեցած իր ազդեցությունից: Սակայն այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում, թե մի քանի ամիս հետո Հայաստանը կունենա ինտերնետ ներմուծող երկրորդ օպերատորը, չի բացառվում նաեւ՝ ֆիքսված հեռախոսակապ մատուցող երկրորդ օպերատորը: Կարծիք կա, որ «Ֆայբերնետն» իր ցանցի միջոցով նաեւ ֆիքսված հեռախոսակապ կմատուցի: Մյուս դեպքում էլ՝ ոլորտին քաջ ծանոթները գտնում են, որ այդքան էլ պետք չէ միանշանակ ուրախանալ այն փաստից, որ «ԱրմենՏելը» հրաժարվելու է մենաշնորհից:
«Այստեղ էլ խնդիր կա, որ շուկան ազատականացնելուց հետո «ԱրմենՏելն» այլեւս պարտավորված չի լինի հեռախոսիֆիկացնել Հայաստանի ամբողջ տարածքը, հատկապես՝ հեռավոր, սահմանամերձ ու քիչ բնակչություն ունեցող գյուղերը,- ասում է «ԱրմենՏելում» ՀՀ կառավարության նախկին լիազոր-ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը:- Եթե կար մենաշնորհ, կար նաեւ պարտավորություն, մենաշնորհի վերացնելուց հետո այդ պարտավորությունն էլ կվերանա: Այդպիսով մենաշնորհի վերացումը ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Դրական է, որովհետեւ շուկան բացվելու է, եւ դա նպաստելու է ծառայությունների որակի լավացմանը, սակագների իջեցմանը, ինչպես դա տեղի ունեցավ բջջային կապի ոլորտում, երբ մտավ երկրորդ օպերատորը՝ «ՎիվաՍելլը»: Բացասական է այն առումով, որ գյուղական համայնքների հեռախոսիֆիկացումը կգնա բավականին դանդաղ տեմպով: Խոսքը վերաբերում է ֆիքսված հեռախոսակապին: Պարզ է, որ ծառայություն մատուցողը շահագրգռված չի լինի հեռախոսիֆիկացնել փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղերը»:
«ԱրմենՏելը» լիցենզիայով պարտավորված պարտականություններն ավարտելու է այս ամսվա վերջին, եւ ընկերության ներկայացուցիչները հավատացնում են, որ մինչեւ այդ ժամանակ ամբողջ Հայաստանն ունենալու է ֆիքսված կապ, որը նաեւ լինելու է թվայնացված: Մինչեւ հիմա Երեւանի որոշ համայնքների հեռախոսակապը թվայնացված չէ: Նույնիսկ համայնքներ էլ կան, որտեղ ֆիքսված հեռախոսակապի հնարավորությունները բավարարում են պահանջարկի միայն կեսը: Այս պայմաններում արդեն դժվար է հավատալ նման խոստումներին, որովհետեւ ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ այդ աշխատանքը մեծ ժամկետներ է պահանջում: Բոլոր դեպքերում արժե հույսով սպասել: Մանավանդ, որ փոխվեց ընկերության սեփականատերը, եւ մենք դեռ չենք հասցրել տեսնել, թե ինչպես է կատարելու իր խոստումները ռուսական «ՎիմպելԿոմը»:
«ԱրմենՏելը» հիմա ունի երկու ծառայությունների մենաշնորհ՝ ինտերնետ հեռախոսակապով միջազգային կապի ապահովումը եւ ֆիքսված հեռախոսակապը: Մինչեւ 2007թ. վերջը ընկերությունը հերթով հրաժարվելու է դրանցից: Առաջինի դեպքում ծառայությունն, այսպես թե այնպես, բազմաթիվ այլ սպասարկողներ էլ է ունեցել: Գիտենք, որ ինտերնետի միջոցով միջազգային հեռախոսակապ էին մատուցում մոտ 250 ընկերություններ, որոնցից մի քանիսը դեռ թաքուն գործում են: Իսկ ֆիքսվածի դեպքում վիճակն, իրոք, բարդ է: «ԱրմենՏելից» բացի, արդյոք մեկ ուրիշ ընկերություն կուզենա՞ Հայաստանում ֆիքսված կապի ցանց ստեղծել: Չէ՞ որ մեր երկիրը փոքր է, եւ «ԱրմենՏելն» այդ ցանցի մեծ մասն արդեն ունի:
«Արտասահմանյան երկրներում ֆիքսված հեռախոսակապի ծառայություն մատուցում են մի քանի ընկերություններ, եւ ընտրությունը բաժանորդինն է,- ասում է պարոն Սարգսյանը:- Այսօր այդ կապը Հայաստանում բնական մենաշնորհ է, բայց չի նշանակում, որ դա կարող է երկար տեւել: Լուրջ ներդրումների դեպքում Հայաստանում կարելի է շատ արագ ալտերնատիվ ցանց ստեղծել եւ «ԱրմենՏելի» թողած բացը լրացնել: Նույնիսկ Երեւանում համայնքներ կան, որոնք ֆիքսված կապի հազարավոր հեռախոսահամարների կարիք ունեն: Մարզերի մասին էլ չեմ ասում: Բացի այդ, բաժանորդն ինքը կորոշի, թե որի կապից օգտվի, որինն է ավելի որակյալ: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ բջջային կապի դեպքում: «ՎիվաՍելլը» շուկա մտավ եւ ցանց ստեղծեց ամբողջ Հայաստանում: «ԱրմենՏելի» նախկին ղեկավարները թույլ տվեցին մի կոպիտ սխալ՝ ուշ գիտակցեցին, որ բջջային ցանցը շատ արագ զարգացնել է պետք: «ՎիվաՍելլը» դրանից օգտվեց եւ այսօր իր մրցակցից կրկնակի չափով ավելի բաժանորդներ ունի: Չի բացառվում, որ նույնը տեղի ունենա նաեւ ֆիքսված կապի դեպքում: Եթե, իհարկե, «ԱրմենՏելն» այստեղ էլ հապաղի: Այնպես որ՝ «ԱրմենՏելն» այս անգամ էլ պետք է զգուշանա «Ֆայբերնետից»:
Սկզբում նշվեց, որ կան քիչ բնակչություն ունեցող համայնքներ, որոնց համար ոչ միայն «ԱրմենՏելը», նաեւ նոր օպերատորները չէին ցանկանա ծախսեր անել եւ ֆիքսված հեռախոսակապ ապահովել: Բայց սա չի նշանակում, որ ընդհանրապես ելք չկա:
«Դեռեւս իմ աշխատանքային տարիներին գյուղական շատ համայնքներ դիմում էին «ԱրմենՏելին» եւ առաջարկում՝ թույլ տալ իրենց ուժերով հեռախոսիֆիկացնել համայնքը,- ասում է պարոն Սարգսյանը:- Ունեին ունեւոր բնակիչներ, որոնք ի վիճակի էին այդ ծախսը կատարել: Հիմա արդեն նման համայնքներն այդ իրավունքը կունենան: Արդեն պետությունը կամ «ԱրմենՏելը» խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Իսկ հովանավորներ չունեցող գյուղերի մասին պետք է հոգա պետությունը՝ միջոցներ գտնի եւ ցանց ստեղծի: Բայց կա սրա երկրորդ խնդիրը: Գյուղի ներքին հեռախոսացանց ստեղծելը մի գործ է, մյուս գործն էլ այն է, որ այդ ցանցը միանա «ԱրմենՏելին»: Պարզ է, որ դրա համար պետք է վարձ մուծի: Իսկ «ԱրմենՏելը» կարող է շատ բարձր գին սահմանել: Այստեղ էլ պետությունն, ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, պետք է ապահովի այդ հարաբերությունների մատչելիությունը»: