Նամակ Արտաշես Գեղամյանին

06/04/2007

Երեկ խմբագրությունը նամակ է ստացել «Ազգային Միաբանություն» կուսակցության «երբեմնի ընտրող» Դավիթ Սասունյանից, ով խնդրում էր հրապարակել իր «նախընտրական կրքերով» հարուստ հարցաշարը՝ ուղղված Արտաշես Գեղամյանին: Դ. Սասունյանը խնդրում էր այն տպագրել, քանի որ հեռուստաելույթների ժամանակ իրեն չի հաջողվում ուղիղ կապով միանալ, բարձրաձայնել իր հարցերն ու ստանալ Ա. Գեղամյանի պատասխանները:

Հարց 1. «Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ սկզբունքով է կազմվում «ԱՄ» ցուցակը, ուր ոչ հայտնի քաղաքական գործիչներն ունեն իրենց անփոփոխ տեղերը: Ո՞ր շնորհների համար են նրանք առաջատար տեղեր զբաղեցնում, ու երրորդ անգամ հավակնում են գալ ԱԺ, մինչդեռ ԱԺ բոլոր նիստերին հետեւած մարդը ոչ մի սուր ելույթով կամ օրենսդրական նախաձեռնությամբ նրանց չի հիշում»:

Հարց 2. «Ե՞րբ է Ա. Գեղամյանը ընտրողներին պատասխանելու, թե ո՞ւր էր 2003թ. նախագահական ընտրությունների առաջինից երկրորդ փուլն ընկած ժամանակահատվածում, ինչո՞ւ նա չկողմնորոշեց իր ընտրազանգվածին ու լռությամբ ջարդեց ժողովրդի ըմբոստ ոգին: Ինչո՞ւ է նրան թվում, թե ժողովուրդը կարճ հիշողություն ունի: Ու հիմա հավատում է, որ իր կուսակցությանը ձայն կտան, հազիվ, թե…»:

Հարց 3. «Երրորդ հարցս վերաբերում էր իր սենսացիոն հայտարարությանը, որը վերջում պատճառաբանեց, թե սրճարանում է լսել: Ինչպիսի՞ տրիվիալ մոտեցում, ինչպիսի՞ խղճուկ պատճառաբանություն. ու մենք` ընտրողներս պիտի հավատանք, որ ՆԳՆ-ի ու ՊԱԿ-ի խնդիրները ստանձնած մեկն այնքան միամիտ է, որ սրճարանից լսածը փոխանցում է ԶԼՄ-ների միջոցով, ու ավելին` անպատիժ մնում բոլորից: Խաղ է ու թատրոն, պրն Գեղամյան, դուք սպառել եք Ձեր թատերական բոլոր շնորհները, բավ է ապակողմնորոշեք ժողովրդին ու կանխավ ապահովագրած «համարձակություն» խաղաք: Վատ եք խաղում, Ձեր ներկայությամբ փչացնում եք ընդդիմությունը, անշուշտ, լավագույն Ձեր դրսեւորումները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում է, այն էլ, չգիտենք ինչու, երբեմն-երբեմն ավելի համոզիչ Ռուսաստանի շահերն եք պաշտպանում»: