Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունների կարգավորմանը եւ շահագրգիռ է, որ իր շրջակայքում չլինեն «թեժ կետեր» եւ լարվածության օջախներ: Ինչպես երեկ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հակամարտությունների կարգավորմանը հասնելու ճանապարհը Ռուսաստանը տեսնում է միայն իրավական, քաղաքական ու դիվանագիտական մեխանիզմների կիրառմամբ:
Ս. Լավրովը նշեց նաեւ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, դիրքորոշումը շարունակում է անփոփոխ մնալ: «Մենք դեմ ենք հակամարտության կողմերին դրսից կարգավորման որեւէ տարբերակ պարտադրելուն. վերջնական ընտրության կարեւոր պատասխանատվությունը պետք է լինի հենց հայերի եւ ադրբեջանցիների վրա: Ռուսաստանը պատրաստ կլինի ընդունել կարգավորման այն տարբերակը, որը կոնֆլիկտում ներքաշված բոլոր կողմերի համար ընդունելի կլինի: Այս պարագայում մենք պատրաստ կլինենք ձեռք բերված համաձայնության երաշխավորը դառնալ»,- ասաց նախարարը: Նա համոզված է, որ կենսունակ կլինի հիմնախնդրի այն լուծումը, որը հնարավորություն կտա վերադարձնելու Հարավային Կովկասի կայունությունն ու խաղաղությունը, հետկոնֆլիկտային շրջանում պահպանելու անվտանգությունը, ինչպես նաեւ՝ խուսափելու տարածաշրջանը ռազմաքաղաքական եւ ռազմական մրցակցության գոտու վերածելուց: «Չկա որեւէ կասկած, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր կլինի բացառապես բոլորի, ովքեր ապրել եւ ապրում են այդ տարածքում, շահերը եւ կարծիքը հաշվի առնելու դեպքում: Իսկ ինչ վերաբերում է բանակցությունների կոնկրետ ձեւաչափին, ապա կիրառվում է այն ձեւաչափը, որի շուրջ պայմանավորվում են կողմերը»,- նշեց Ս. Լավրովը: Անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին զեկույցում տեղ գտած «Հայաստանի կողմից գրավյալ տարածքներ» արտահայտությանը` ԱԳ նախարարը նշեց, որ այդ զեկույցները ոչ միշտ են արտացոլում մարդու իրավունքների իրական վիճակի գնահատականները: «Շատ հաճախ, ավելի հաճախ, քան նախկինում, դրանք օգտագործում են քաղաքականացված գնահատականներ: Գնահատականներ, որոնք, այսպես թե այնպես, արտահայտում են ԱՄՆ-ի տվյալ ժամանակաշրջանի քաղաքական նպատակահարմարությունը: Թե ի՞նչ դրդապատճառներով են դրանք պայմանավորված` դժվարանում եմ դատել, սակայն ասեմ, որ ԱՄՆ-ը չի հրապարակում զեկույց` հենց ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին: Սա ճիշտ չէ, պետք է ամեն ինչ հավասար լինի, եւ չկիրառվեն երկակի ստանդարտներ: Այն չպետք է պատսպարի իրեն որեւէ քննադատությունից»,- ընդգծեց ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովը մեկնաբանեց նաեւ միջազգային լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ապրիլի 6-ի առավոտյան ԱՄՆ-ը հարձակվելու է Իրանի վրա: ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր հարձակման կանխատեսումները չեն իրականանա: Իրանի խնդիրը, ինչպես եւ ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ցանկացած խնդիր, ուժային եղանակով լուծում չունի: Նախարարը վստահ է, որ ուժային եղանակով արձագանքման ցանկացած փորձ կարող է խնդիրը միմիայն առավել խորացնել, եւ նշում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ է ձեռնարկել շատ աշխույժ միջոցառումներ: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձեւի ընդունմամբ խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան հանդես եկան շատ խիստ հայտարարությամբ` հերթական անգամ վերահաստատելով իրենց հետաքրքրվածությունն իրանական կողմի հետ անհապաղ բանակցությունների վերսկսման առումով: Բանակցություններ, որոնք կհիմնվեն Իրանի` խաղաղ նպատակներով ուրանի հարստացման իրավունքը հարգելու, միջուկային զենքի չտարածման համաձայնագրի բացարձակ համաձայնության վրա, եւ որոնք հնարավորություն կտան հստակեցնելու Իրանի` այդ իրավունքի իրականացման կոնկրետ պարամետրերն ու ժամկետները: Կարծում եմ, որ մոտ օրերս քայլեր կձեռնարկվեն, որպեսզի այս առաջարկը գործնական հունի մեջ դրվի»,- նշեց Ս. Լավրովը:
Երեկ ՌԴ ԱԳ նախարարին ընդունել է նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք խոսել են երկու երկրների գործընկերությունն ընդլայնելու նոր հնարավորությունների մասին: