Կիեւի փողոցները հիշեցնում են երկուսուկես տարի առաջ տեղի ունեցած «նարնջագույն» իրադարձությունները՝ հազարավոր մարդիկ, վրաններ, պաստառներ, դրոշներգ Տարբերությունն այն է, որ այս անգամ միտինգավորները ոչ թե նարնջագույն ճամբարի կողմնակիցներն են, այլ նրանց հակառակորդները։
Ուկրաինական ճգնաժամն իրականում սկսվել է շատ ավելի վաղ։ Ներկայումս ուկրաինական խորհրդարանի՝ Ռադայի մեծամասնությունը Վիկտոր Յուշչենկոյի հակառակորդներն են։ 450 պատգամավորական տեղերից 250-ը պատկանում են վարչապետ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցությանը», սոցիալիստներին եւ կոմունիստներին։
Այս կոալիցիան ամեն ինչ անում է իր անդամների թիվը 300-ի հասցնելու համար։ Այդ դեպքում Յանուկովիչն ու իր կողմնակիցները հնարավորություն կստանան փոփոխել երկրի սահմանադրությունը, իսկ նախագահ Յուշչենկոյի լիազորությունները գրեթե կհավասարվեն զրոյի։
Ամենայն հավանականությամբ, դեպքերի այդպիսի զարգացումից վախենալով՝ Վիկտոր Յուշչենկոն ապրիլի 2-ի երեկոյան հրամանագիր ստորագրեց՝ խորհրդարանը ցրելու եւ մայիսի 27-ին նոր ընտրություններ նշանակելու մասին։
Բնական է, որ այս որոշումը չէր կարող գոհացնել խորհրդարանական կոալիցիային։ Եվ ահա հենց նույն օր երեկոյան տեղի է ունենում Գերագույն ռադայի արտահերթ նիստ, որին մասնակցում է նաեւ վարչապետ Յանուկովիչը։ Ռադան նախագահի հրամանագիրը ճանաչում է հակասահմանադրական, իսկ կառավարությանն արգելում է ֆինանսական միջոցներ տրամադրել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ «Եթե մայիսի 27-ին ընտրություններ լինեն, ապա դրանք կլինեն նախագահական ընտրություններ»,- հայտարարում է Յանուկովիչը։ Հաջորդ օրը 53 պատգամավորներ դիմում են Ուկրաինայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով քննարկել նախագահի հրամանագրի՝ սահմանադրական լինելու հարցը։
Միեւնույն ժամանակ, Յանուկովիչը հայտարարել է, թե ՍԴ-ի վրա ճնշում է գործադրվում, ինչի արդյունքում ՍԴ նախագահ Իվան Դոմբրովսկին կարող է հրաժարական տալ։ Երեկվա տվյալներով, Դոմբրովսկին, իրոք, հրաժարական է տվել, սակայն այն մերժվել է։ Իսկ իրեն՝ Դոմբրովսկուն տեղափոխել են հիվանդանոց։
Խորհրդարանական մեծամասնությունը եւ նախարարների մեծ մասը պաշտպանում են Յանուկովիչին։ Ուժային նախարարությունների հարցում իշխանությունը կիսված է. ոստիկանությունը Յանուկովիչի հսկողության տակ է, իսկ բանակը՝ Յուշչենկոյի։ Սակայն առայժմ ուժայինները որեւէ կերպ չեն մասնակցում իրադարձություններին։
Երեկ անգլիական «Financial Times»-ում տպագրվել է Ուկրաինայի նախագահի հոդվածը, որտեղ նա հիմնավորում է, թե ինչու է անհրաժեշտ ցրել խորհրդարանը։ «Պատճառը կոալիցիայի գործունեությունն է, որը գերազանցել է իր լիազորությունները եւ փորձել է մենաշնորհել քաղաքական իշխանությունը՝ անգամ Սահմանադրության խախտման եւ ժողովրդավարական ճանապարհով արտահայտված ժողովրդի կամքն արհամարհելու գնով»,- ասել է Յուշչենկոն։
«Հուսով եմ՝ Յանուկովիչը կհասկանա, որ նոր ընտրությունների անցկացումն այս ճգնաժամի լուծման միակ ճանապարհն է։ Իսկական ժողովրդավարները երբեք չպետք է վախենան մարդկանց կամքի արտահայտությունից»։
Գրեթե նույն խոսքերն է կրկնել Յուլյա Տիմոշենկոն՝ նշելով, որ ազնիվ պատգամավորները կարող են ընտրվել այնքան անգամ, որքան թույլ է տալիս օրենքը։ Նա նաեւ հիշեցրել է, որ նախագահի հրամանին չենթարկվելը քրեական հանցագործություն է։
Յանուկովիչը, սակայն, համաձայն չէ եւ առաջարկել է խնդրի լուծման իր սեփական տարբերակը։ «Այս իրադրությունից ելք կա: Այն պետք է լինի այսպիսին՝ միաժամանակ չեղյալ են հայտարարվում նախագահի հրամանագիրը եւ Գերագույն ռադայի որոշումները, որոնք ընդունվել են ապրիլի 2-ի գիշերը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Ըստ «Հասարակական կարծիք-Ուկրաինա» հիմնադրամի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների, Գերագույն ռադայի արձակման եւ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու գաղափարին դեմ է Ուկրաինայի բնակչության կեսից ավելին՝ 56.9%-ը։ Նշենք, որ հարցումների համաձայն՝ արտահերթ ընտրությունների պարագայում ամենից շատ ձայն կհավաքի հենց Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցությունը»՝ մոտ 30%։ Երկրորդ տեղում է Յուլյա Տիմոշենկոյի դաշինքը՝ 21.5%։
Ի դեպ, նույն հարցումների համաձայն, քաղաքական այս ճգնաժամը եւ արտահերթ ընտրությունները ամենց շատ ձեռնտու են հենց Տիմոշենկոյին։ Այդ կարծիքին է հարցվածների 46.6%-ը։ 10.1%-ի կարծիքով, շահողը կլինի Յանուկովիչը, 6%-ի կարծիքով՝ Յուշչենկոն։
Մոտավորապես նույն պատկերն է արտացոլում անգլիական BBC-ի կայք-էջում տեղադրված online հարցումը, որին մասնակցած ավելի քան 3000 հոգուց 45%-ը գլխավոր շահող համարում է Տիմոշենկոյին։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային արձագանքներին, ապա Արեւմուտքի եւ Ռուսաստանի տեսակետները (ինչպես ԶԼՄ-ների եւ վերլուծաբանների, այնպես էլ՝ քաղաքական գործիչների) խիստ տարբեր են։
Արեւմտյան ԶԼՄ-ները փորձում են արդարացնել Յուշչենկոյին եւ քաջալերել նրան։ Օրինակ, բրիտանական լրատվամիջոցներից մեկը գրում է, որ խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը Յուշչենկոյի ամենահամարձակ քայլն էր՝ իշխանության գալուց ի վեր։
Ինչ վերաբերում է ռուսներին, ապա չնայած օբյեկտիվ ու անկողմնակալ երեւալու ջանքերին, նրանց վերլուծաբանները ամբողջությամբ սատարում են Յանուկովիչին։ Յուշչենկոյի քայլերը համարում են հակասահմանադրական, իսկ որոշ տեղերում խորհրդարանը ցրելու հրամանագիրը որակվում է որպես պետական հեղաշրջման փորձ։
Մյուս կողմից, նրանք գտնում են, որ պետք չէր Յուշչենկոյին այդքան «նեղը գցել», սակայն դա ասվում է ավելի շուտ սարկազմով, քան սրտացավությամբ։ Ամեն դեպքում, ռուս վերլուծաբանների կարծիքով, եթե անգամ Յանուկովիչն ու իր կողմնակիցները համաձայնեն արտահերթ ընտրությունների գաղափարի հետ, միեւնույն է՝ կշահեն, որովհետեւ վայելում են ընտրողների մեծ մասի համակրանքը։
Ի դեպ, Ռուսաստանի Պետդուման վաղը պատրաստվում է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Իսկ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը (ՌԱԺԿ) այդ առնչությամբ ասել է. «Մենք, ինչպես միշտ, ուշանում ենք։ Մեր խորհուրդը, կարծիքները շատ կարեւոր են»։ Նա նշել է, որ թեեւ իրենց համակրանքը Յանուկովիչի կողմն է, սակայն իրավիճակի մեղավորը Ուկրաինայի Ռադայի խոսնակ Ալեքսանդր Մորոզն է։ Միտրոֆանովը նաեւ իր առաջնորդի՝ Ժիրինովսկու ոճով համեմատություն է անցկացրել՝ Մորոզին նմանեցնելով իր փոքրիկ շնիկին, որը «փորձում է լաբրադորի նմանվել»։