Ազգային փոքրամասնություններ. հրեական համայնք

06/04/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մացցա` աղքատության հաց

Այս օրերին` ապրիլի 2-10-ը, Հայաստանի հրեական համայնքը նշում է իր ազգային տոներից Պեսախը: Ճիշտ է, ժամանակացույցով այն համընկնում է Հայ Առաքելական եկեղեցու Զատիկի հետ, սակայն Պեսախն այլ ծագում եւ նշանակություն ունի: «Եթե Ձեր Զատիկը Քրիստոսի հարությանն է նվիրված, ապա հրեական Պեսախն ունի այլ արմատներ, այն առնչվում է Եգիպտոսից հրեաների դուրս գալու, նրանց՝ ստրկությունից ազատագրման հետ: Բայց քանի որ մեր երկու ժողովուրդներն իրենց ողջ պատմության ընթացքում տառապել են, դրա համար գոյություն ունեն շատ ավանդույթներ, որոնք միմյանցից չեն տարբերվում»,- ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Պեսախի առաջին օրը կոչվում է սեդոր, որի համաձայն՝ հերթականությամբ պետք է ուտել ճաշկերույթի համար նախատեսված բոլոր ուտեստները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին իմաստը: Օրինակ, այդ օրերին հրեաները չեն օգտագործում աղ, փոխարենը խմում են աղի ջուր: Պեսախի ժամանակ հրեաներն օգտագործում են դառը կանաչեղեն, որը խորհրդանշում է նրանց ապրած դառնությունները: Պատրաստվում է նաեւ խարոսետ, որն ընկույզից, խնձորից, գինուց «միահյուսված» բլիթ է, այն խորհրդանշում է կավը, որից կառուցված է տաճարը: Ի դեպ, ի տարբերություն հայերի, հրեաները ձուն չեն ներկում, սակայն խմում են անպայման 4 բաժակ քաղցր գինի: Պեսախի ժամանակ միակ ճաշակելիք հացատեսակը մացցան է` աղքատության հացը, որը, Ռ. Վարժապետյանի ասելով՝ եւ՛ անվան արտասանությամբ, եւ՛ իր համային հատկություններով շատ մոտ է հայկական հացին` լավաշին: «Դա Աստծու կողմից ուղարկված չոր հաց է, որը թխվում է միայն ալյուրով եւ ջրով, առանց թթխմորի»,- հավելում է Ռ. Վարժապետյանը:

Հրեական բոլոր տոները մի առանձնահատկություն էլ ունեն, դրանք ուղեկցվում են հատուկ ծիսակարգերով եւ ճաշկերույթներով: «Այդ ավանդույթների ու արարողակարգերի պահպանումը մեր համայնքի առջեւ դրված կարեւորագույն խնդիրներն են: Մենք ձգտում ենք, որպեսզի Հայաստանում գտնվող հրեաները, որոնք առավելապես ասիմիլացված են (խառնամուսնությունները կազմում են գրեթե 90 %), եկող սերունդներին փոխանցեն այդ ամենը»,- ասում է հրեա համայնքի ղեկավարը, որի ծավալած գործունեությունն ու առաքելությունը նպատակաուղղված է Հայաստանում հրեական համայնքին նույնացումից զերծ պահելուն, լեզվի, ավանդույթների, տոնակատարությունների պահպանմանը: Իսկ հրեական տոները շատ են եւ նշվում են համաձայն լուսնային օրացույցի: Աշնանը հրեա ժողովուրդը մեծ շուքով տոնում է իր Նոր տարին` Ռոշ-Ա-Շանան: Ավանդույթի համաձայն, Աստված այդ օրերին է ստեղծել մարդուն: «Այդ ժամանակ ամենազոր Արարիչը վերեւից հսկում է, եւ եթե դու ապաշխարել ես, ապա նա քեզ գրանցում է Կյանքի գրքի մեջ: Մարդիկ գնում են գետի կամ հոսող ջրի մոտ եւ իրենց գրպանները թափ են տալիս այնտեղ` իրենց մեղքերին թողություն տալով, հետո ռաբբին խոյի եղջյուրով փողհարում է` հաղորդակցվելով Բարձրյալի հետ»,- պատմում է Ռ. Վարժապետյանը: Այնուհետեւ բացվում են տոնական սեղանները, որտեղ բացառվում են աղի, կծու ուտելիքները: Որպեսզի գալիք տարին լինի «քաղցր», հրեաները խնձորը թաթախում են մեղրի մեջ, իսկ առաջավոր եւ հաջողակ լինելու համար՝ ուտում են ձկան գլուխ` այն զարդարելով կլոր կտրատված գազարներով, ինչը խորհրդանշում է փող ու հարուստ տարի:

Նոր տարուց մեկ ամիս անց նշվում է Սուկկոտ տոնը: Այդ ժամանակ հրեաները մեկ շաբաթ իրենց նախնիների նման (որոնք գաղթելու ժամանակ ստիպված են եղել անապատում բնակվել) ժամանակավորապես բնակվում են քոլիկներում: Սուկկոտի ժամանակ վայելում են մեծ քանակությամբ մրգեր: Այդ տոնի շրջանակներում ընդունված է նաեւ զոհաբերություններ անել եւ այցելել տարեցներին. այս ավանդույթը երիտասարդներին կրթելու միտում ունի:

Ողջ աշխարհի հրեաների կողմից դեկտեմբերին մեծ շուքով նշվում է նաեւ Խանուկան` 8 մոմերի տոնը: Լեգենդի համաձայն, երբ հրեական եկեղեցին ավերվել է, ու հանգել են բոլոր լույսերը, լույսի մի փոքր շող է մնացած եղել, որը վառելու համար սուրհանդակ են ուղարկել ձիթապտղի յուղի հետեւից, բայց զարմանալիորեն լույսի այդ փոքր կայծը շարունակել է առկայծել 8 օր շարունակ:

Ռոշ-Ա-Շանայից հետո հրեաների համար կարեւորվում է նաեւ Յոմ Կիպուր պահքը: Այդ օրն անհրաժեշտ է անպայման պաս պահել: Ռոշ-Ա-Շանայի եւ Յոմ Կիպուրի միջեւ եղած 10 օրերն այն օրերն են, երբ Աստված հսկում է հրեա ժողովրդին` Կյանքի գրքի ընտրյալներին: Իհարկե, հրեական տոները շատ են, եւ մենք չենք կարող անդրադառնալ բոլորին:

Հրեական արյունը միշտ իրեն զգացնել է տալիս

Գաղտնիք չէ, որ եթե մայրը հրեա է, նրանից ծնված երեխաները համարվում են հրեա, իսկ եթե միայն հայրն է հրեա, ապա կարծիք կա, որ 4-րդ սերնդից հետո հրեական արյունը տարրալուծվում է: Ռ. Վարժապետյանի կարծիքով, սակայն, հրեական արյունը միշտ իրեն զգացնել է տալիս: Աշխարհում ընդունված է եղել կարծել, թե Հայաստանում հրեաներ չկան: Այդ պատճառով այնպիսիք, ինչպիսիք, օրինակ, վրացական, մոլդովական, ուկրաինական հրեաներն են, հայկական հրեաներ հասկացություն գոյություն չունի: «Հայաստանում բնակվող հրեաները հիմնականում այլ երկրներից եկած երկրորդ, երրորդ սերնդի հրեաներն են»,- ասում է 10 տարի գործող հրեական համայնքի ղեկավարը, որն ամեն օր Հայաստանում հրեական ծագում ունեցող ընտանիք է հայտնաբերում: «Կենցաղում նրանք, միգուցե, զգում են իրենց հրեա լինելը, սակայն համայնքում իրենց չեն դրսեւորում»,- նկատում է Ռ. Վարժապետյանը: Հրեական մեկ այլ ավանդույթի համաձայն, հրեաներին չի կարելի հաշվել, իսկ եթե նրանց հաշվում են, ապա դա միայն արվում է տվյալ թիվը ժխտելով: Այնուամենայնիվ, ներկա դրությամբ, Հայաստանում 250-260 հրեական ընտանիք կամ մինչեւ 1000 հրեա կա: «Իհարկե, նրանք զտարյուն հրեաներ չեն, մայրական ծագում ունեցող հրեաների թիվը չի գերազանցում 300-ը»,- նշում է համայնքի ղեկավարը: Նրանք բնակվում են հիմնականում Երեւանում, Վանաձորում, Գյումրիում: Սեւանում բնակվում են նաեւ հուդաիզմ դավանող էթնիկ ռուսներ: Վերջիններս կոչվում են շաբաթականներր։ Նրանք մեծամասամբ տարեցներ են եւ հրեական համայնքի կողմից ընդունելի կրոնական փոքրամասնություն են: Մի քանի տարի առաջ Եղեգնաձորի Եղեգիս գյուղում հայտնաբերվել է նաեւ 12-րդ դարի հրեական գերեզմանոց, որի վերականգնման ուղղությամբ ներկայումս համայնքի կողմից աշխատանքներ են տարվում: Երեւանում գործում են հրեական կիրակնօրյա դպրոցներ` ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար:

Հայրենադարձության դասեր հրեաներից

Անդրադառնալով 2007թ. մարտ ամսին Կնեսետի` Իսրայելի պառլամենտի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին, Ռ. Վարժապետյանն այն որակում է որպես պատմական իրողություն: «Ճիշտ է, օրինագիծը 2 ձայնով չընդունվեց, բայց այն հայերի կողմից մեծ հաղթանակ էր: Այն նաեւ Հայաստանի հրեական համայնքի հաղթանակն էր, որովհետեւ մենք միշտ քարոզում, հայտարարություններ ենք անում այդ ուղղությամբ: Ես ամեն տարի Ամերիկա-հրեական կոմիտեի հրավիրած նիստերի ժամանակ ներկայացնում եմ Հայաստանի շահերը` հաստատելով, որ Հայաստանում չկա հակասեմիտիզմ, որ Հայաստանը հեռանկարային երկիր է ազգային փոքրամասնությունների բնակության համար: Բոլոր ամբիոնները ես օգտագործել եմ Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում: Եվ համոզված եմ, որ ջրի կաթիլը քարը ծակում է»,- հավաստիացնում է Ռ. Վարժապետյանը, որն ի սրտե ցանկանում է, որ հրեական ԱԼԻԱՆ, որը նշանակում է՝ վերադարձ դեպի վեր՝ Իսրայել, օրինակելի լինի նաեւ հայերի համար, որպեսզի աշխարհում սփռված հայերը վերադառնան իրենց հայրենիքը: «Ասում են, այնտեղ լավ է, որտեղ մենք չկանք, իսկ մենք ամենուր ենք: Հայերը, ինչպես նաեւ՝ հրեաները սիրում են գաղթել: Այսքան շենքեր են կառուցում, ո՞ւմ համար են դրանք: Շատ ցավալի կլինի, որ դրանք զբաղեցնեն օտարները»,- ցավով նկատում է Ռ. Վարժապետյանը, որն իրեն հզոր եւ անհաղթելի է զգում միայն այն դեպքում, երբ ուժեղ եւ խաղաղ է իր Իսրայելը: «Մեզ համար մեծ ողբերգություն է այնտեղ տեղի ունեցող ցանկացած քաղաքական հեղաշրջումը, դրանք շատ ցավոտ են մեզ համար»,- նկատում Է նա:

«Ազգայնականը մնացած ազգությունների հակառակորդը չէ»

«Մեզ շատ հոգեհարազատ է Հայաստանի Հանրապետական կուսակցության աշխատանքը: Հիացած ենք նաեւ հանրապետության բարգավաճմանը նպաստող Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ: Չնայած Դաշնակցությունն իր կողմնորոշմամբ այստեղ եւ սփյուռքում այդքան էլ «մոտ», բարիդրացիական հարաբերություններ չունի հրեաների հետ, սակայն մենք նրանց հետ էլ շատ լավ հարաբերություններ ենք ստեղծել»,- ասում է Ռ. Վարժապետյանը, որը կարծում է, որ «ազգայնական»՝ բնավ չի նշանակում՝ մնացած ազգությունների հակառակորդ, այլ՝ դա այն մարդն է, որը մեծ հետաքրքրություններ ունի իր ազգի նկատմամբ: Ռ. Վարժապետյանը տեղեկացնում է նաեւ, որ կան քաղաքական ուժեր, որոնք նախընտրական այս օրերին ցանկություն են հայտնում հանդիպել հրեական համայնքի հետ, սակայն ներկա դրությամբ նրանք պատրաստ չեն իրենց ձայներն ամբողջությամբ տալ որեւէ մեկին: «Երբ մենք հիմնում էինք Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերին նվիրված մեր հուշարձանը, այդ հարցում մեզ սատարել է ՀՀԿ-ն, որը հովանավորել եւ մեծ ըմբռնումով է մոտեցել այդ հարցին` ի դեմս երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի»,- հիշատակում է համայնքի ղեկավարը: Ռ. Վարժապետյանը խոստովանում է նաեւ, որ հրեա համայնքը բացասական վերաբերմունք է տածում բացառապես Ժողովրդական կուսակցության` Տիգրան Կարապետյանի ուլտրա-ազգայնական հայացքների ու հրեա ժողովրդին վիրավորելու նրա ձգտումների նկատմամբ, որի պատճառով անհնար է դառնում նրանց հետ բարեկամական հարաբերությունների ձեւավորումը: