Ի՞նչ ջոկատ, ի՞նչ հանրահավաք

06/04/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ կեսօրին Ազատության հրապարակում զինվորական վրան էր հայտնվել, որը գրավել էր շատերի ուշադրությունը: Անմիջապես լուրեր տարածվեցին, թե քաղաքապետարանի հերթական «տրյուկներից» է՝ «Այլընտրանքի» հանրահավաքները խոչընդոտելու համար:

Վրանի կողքին փակցված ցուցապաստառի վրա գրված էր` «Հատուկ նշանակության երգեր», իսկ վրանի կողքին կայանած դաշտային խոհանոցը պարզապես փակել էր «երգեր» բառը, ինչն էլ մեր հայրենակիցների երեւակայությունը շարժել էր: Հետո էլ սկսել էին բանահյուսել, թե հանրապետությունում արտակարգ դրություն է, իբր հատուկ նշանակության ջոկատ են բերել, որպեսզի հանրահավաքները խափանեն: Այցելեցինք Ազատության հրապարակ. իսկապես միջոցառման նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում: Միջոցառման ռեժիսոր եւ պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը, ով բեմահարթակի վրա աշխատողներին ցուցումներ էր տալիս, զարմացավ. «Ի՞նչ ջոկատ, ի՞նչ հանրահավաք: Մենք ամսի 6-ին կայանալիք համերգի նախապատրաստական աշխատանքներն ենք կատարում: Ընդ որում, սա 6 ամիս առաջ պլանավորած, երկարատեւ աշխատած համերգ պետք է լինի, որը նվիրված է լինելու բանակին: 15 երգերի պրեմիերա պետք է լինի, որը գրվել է վերջին կես տարվա ընթացքում»: Բանն այն է, որ այս համերգը պետք է տեղի ունենար մարտի 30-ին, սակայն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահվան պատճառով հետաձգվել է մարտի 6-ին, ժամը 19:00-ին: Նշենք, որ ստեղծագործական խումբը 6 ամիս աշխատել է «Հատուկ նշանակության երգեր» խորագրով նախագծի վրա, եւ երեկ պարզապես համերգի գլխավոր փորձն էր տեղի ունենում, որի ընթացքում նաեւ նկարահանումներ պետք է կատարվեին: Ի դեպ, նշենք, որ «Այլընտրանքի» հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 13-ին, եւ քաղաքապետարանն այս անգամ թույլատրել է այն անցկացնել Ազատության հրապարակում։