Մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրապետության 2 հազար ընտրատեղամասերում տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար, որոնք թվով 4000-4500 մարդ են, տեղադրված կլինեն հատուկ աջակցող տեխնիկական հնարավորություններ: Կույրերի մասնակցությունը համապետական ընտրություններին կապահովվի ընտրական կաղապարներով եւ բրալյան մեթոդով: Կլինեն նաեւ խոսող գրքեր: «Այդ նպատակով կույրերին բաշխվել են 1000 ուսուցողական թերթիկներ: Սա աշխարհում ընդունված կարգ է: Ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրությունները հասանելի եւ մատչելի լինեն կույրերին: Սա առաջին փորձն է, հաջորդ ընտրությունների ժամանակ այս ընտրակարգն ավելի կբարելավվի»,- երեկ Ժուռնալիստների տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հաշմանդամ անձանց շահերի պաշտպանության» (ՀՄՇՊ) հասարակական կազմակերպությունների (ՀԿ) դաշինքի համանախագահ, «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը, որը քաղաքական կուսակցություններին կոչ արեց ընտրությունները մատչելի դարձնել հանրապետության 140 հազար հաշմանդամների համար, իսկ քաղաքական գովազդների ժամանակ զուգահեռաբար խուլ-համրերի համար սուրդո` ժեստերի լեզվով թարգմանություն կատարել, իսկ շարժասայլակով անձանց համար համապատասխան հարթակներ կառուցել: 2006թ. նոյեմբերին ձեւավորված ՀՄՇՊ ՀԿ-ների դաշինքի մեջ ընդգրկված են 15 կազմակերպություններ: Նրանք 2007թ. հայտարարեցին Հայաստանում հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության համախմբված շարժման սկիզբ: Այդ առթիվ ՀՄՇՊ համանախագահ, «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանն ասաց, որ ժամանակն է անցնել հաշմանդամների աջակցության բժշկական մոդելից սոցիալական մոդելին: «Որպեսզի ունենանք ժողովրդավար երկիր, պետք է առաջին հերթին մարդկանց մտածելակերպը փոխել, այլ ոչ թե օրենքները: Ոչ թե պետք է սայլակներ բաժանել հաշմանդամներին, այլ նրանց տալ այնպիսի աստիճաններ, որ սայլակները կարողանան տեղաշարժվել»,- ասաց Ս. Թադեւոսյանը: