Բանաստեղծները հացի «թթխմորն» են

06/04/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ֆրանսիայում ամեն տարի գարնանը պոեզիային նվիրված ճամփորդական ընթերցումներ եւ շփումներ են կազմակերպվում, որոնք հենց այդպես էլ կոչվում են` «Պոետների գարունը»: Աշխարհի տարբեր երկրներից Ֆրանսիա են հրավիրվում պոետներ, ովքեր շրջում են քաղաքներով, ընթերցում սեփական գործերը, մասնակցում գրքերի շնորհանդեսների, քննարկումների, շփվում ընթերցողների հետ: Միջոցառումներն անցկացվում են ցուցասրահներում, սրճարաններում, կինոթատրոններում, գրադարաններում: Մի խոսքով, ամեն ինչ արվում է, որպեսզի բառի հետ շփումն ու բառի գնահատումը սովորական ու միաժամանակ` տպավորիչ դառնա: Ֆրանսիայում պոետների ցանց է ստեղծվել, որպեսզի բանաստեղծներն իրար հետ եւ ընթերցողի հետ կապ պահպանեն:

Ֆրանսիան, ինչպես եւ աշխարհի բոլոր երկրները, դժգոհում է, որ գնալով նվազում է գիրք կարդացող մարդկանց քանակը: Այդ պատճառով ֆրանսիացիները շատ կոնկրետ ու հեռահար նախագծեր են իրականացնում` մարդկանց գիրք կարդալու «վարժեցնելու» համար: Հայտնի բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին, օրինակ, ամենայն լրջությամբ ասում էր, որ գիրք չկարդալը պետք է մահացու մեղքերի շարքը դասել: Եթե գիրք չես կարդում, ուրեմն չես զարգանում եւ ինքդ քեզ վրա խաչ ես քաշում:

Անցյալ տարի Ֆրանսիայում տպագրվեց հայկական ժամանակակից պոեզիայի անթոլոգիան, որը շատ լավ ընդունվեց ֆրանսիացիների կողմից: Եվ այս տարի Ֆրանսիա մեկնեցին հայ բանաստեղծներ Հովհաննես Գրիգորյանն ու Տիգրան Պասկեւիչյանը, ովքեր ճամփորդության կես ամսվա ընթացքում եղան ֆրանսիական տասը քաղաքներում: Ավինյոն քաղաքում տեղի ունեցավ Հ. Գրիգորյանի «Սահմանադրություն» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Այս գիրքն առաջինն է հայ գրականության պատմության մեջ, որի տպագրության նախաձեռնողը ոչ թե հայ, այլ` արտասահմանյան հրատարակիչն է եղել: Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն ու տպագրվել ֆրանսախոս ընթերցողի համար: Եվ դա արվել է ֆրանսիացի հրատարակչի պատվերով, արվել է շատ որակյալ ու գեղեցիկ: Հովհաննես Գրիգորյանը վստահ է, որ պոեզիան առանձնահատուկ առաքելություն ու դեր ունի մարդու կյանքում:

– Բանաստեղծությունը, գեղեցիկ «դեսերտ» լինելուց բացի, կարող է եւ պետք է շատ պրակտիկ, գործնական նշանակություն ունենա: Բանաստեղծների միջոցով է լեզուն ապրում, աշխատում, նորանում ու թարմանում: Ինչպես ասում էր Էլիոթը` պոեզիան մաքրում է լեզվի վրա գոյացող ճարպագեղձերը:

Այնպես որ, բանաստեղծների դերը լեզուն անվերջ երիտասարդացնելն ու կենդանի պահելն է:

– Արձակագիրները նույն առաքելությունը չունե՞ն:

– Արձակը դա չի կարող անել, քանի որ արձակը թույլ պոեզիան է, իսկ բանաստեղծությունը դա կոնցենտրացված, սեղմված մի ամբողջ վեպ է: Պատահական չէ, որ բոլոր լավ արձակագիրները լավ ու հետաքրքիր բանաստեղծներ են եղել: Ֆրանսիացիներն, օրինակ, իրենց լավագույն պոետը Հյուգոյին են համարում: Թեեւ աշխարհին ավելի հայտնի է նրա արձակը, իր հայրենիքում նա առաջին հերթին որպես պոետ է ընդունվում: Բանաստեղծությունը շատ ազգային երեւույթ է եւ շատ ավելի դժվար է դուրս գալիս երկրի սահմաններից: Արձակն ամենօրյա շփման ձեւ է, մենք բոլորս ամեն օր արձակի միջոցով ենք շփվում միմյանց հետ, արձակով ենք զրուցում հեռախոսով:

– Բանաստեղծները կարծես միշտ ժողովրդի խղճի, ներքին ձայնի արտացոլումն են եղել, բարձրաձայն ասել են այն, ինչը սպասում էր ժողովուրդը: Հիմա այդպիսի հրապարակային ձայնի կարիք ունե՞նք, թե՞ ոչ:

– Ամեն ժամանակ իր մոդելն է ստեղծում: Այսպիսի ասացվածք կա. «Մարդիկ միշտ ավելի շատ նման են իրենց ժամանակին, քան` իրենց ծնողներին»: Հայաստանում ժամանակ կար, երբ ստեղծվեց Շիրազը, ով խոսում էր կիսաարգելված բաների մասին: Հետո եկավ Սեւակի մոդելի պոեզիայի ժամանակը, երբ կարելի էր երեւույթների մասին ոչ թե կեսբերան, այլ` բարձրաձայն խոսել: Իսկ հիմա՝ 21-րդ դարում, ազատ խոսքի մոդելն է գործում: Ինչ ուզում ես` խոսիր, միայն թե հետաքրքիր խոսիր: Իսկ հետաքրքիրը դա նույն տաղանդավորն է, քանի որ տաղանդավոր մարդը ձանձրալի լինել չի կարող: Տաղանդը դրամի միավոր է, որը մեկ ոսկուն է համարժեք: Ստացվում է, որ ոսկի ունեցող մարդը միշտ հետաքրքիր է:

– Ոսկին միջակությունից տարանջատելու, իսկապես տաղանդավորին սատարելու համար ի՞նչ է պետք: Պոետներն իրենք իրենց դժվարությամբ կարող են ներկայացնել: Համաշխարհային ցանցը կարո՞ղ է օգնել այդ ճանաչմանը:

– Ինտերնետն այնքան է աղբով լցված, որ գրեթե չի կարելի հասկանալ գրականության հիերարխիան: «Նյու Յորք թայմսն», օրինակ, իր թերթի էջերում գրական սյունակ ունի, որտեղ գրողների ցանկ է տպագրվում: Ես հավատում եմ այդ սյունակին, քանի որ գիտեմ, որ այն շատ խստապահանջ մարդ է վարում, եւ երբ այնտեղ որեւէ մի գրողի մասին կարդում եմ, գնում եմ, փնտրում եմ ու նրա գիրքն եմ ձեռք բերում: Իսկ ինտերնետին չեմ հավատում: Մեզ մոտ նման դեր պիտի ունենա Մշակույթի նախարարությունը:

– Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե նման վերլուծություն ու քարոզչություն Գրողների միությունից սպասեինք:

– Գրողների միությունը ցանկ ստեղծել չի կարող, քանի որ անկախ չէ, նա 450 գրողների ճնշմանն է ենթարկվում, իսկ այդ գրողներից միայն 10-15-ն են գրող, մնացածը պարզապես գրում են: Եթե հանկարծ ասեմ, որ, օրինակ, այսինչ գրողն ամենատաղանդավորն է, ապա մնացած 449 գրողները կսպանեն ինձ:

– Գրողները պարտադիր պետք է ամբիցիոզ մարդիկ լինե՞ն:

– Ամբիցիաներից զուրկ մարդ լինել չի կարող, գրողն` առավելեւս: Ասում են, չէ՞, որ այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ, իսկական զինվոր լինել չի կարող: Նույնն էլ գրողի համար է:

– Գրականության «գեներալը» ո՞րն է:

– Ամենա-ամենան դառնալը: Գրողն անպայման պետք է մեծամիտ լինի ու բացի իրենից՝ ուրիշ գրողի չընդունի:

– Պոեզիան օգնո՞ւմ է ապրել:

– Օգնում է նրանց, ովքեր ուզում են պոեզիայի օրենքներով ապրել: Այսինքն, բարձր, հզոր, ոչ սովորական ու ոչ կենցաղային ապրումներ զգալ: Եթե մարդը կամավոր է կենցաղային բեռն իր ուսերին դրել, պոեզիան նրան չի փրկի: Իսկ եթե մարդը կրում է այդ բեռը` սպասելով, որ օրվա մեջ գոնե 20 րոպե ազատ շունչ է քաշելու, այդ ժամանակ պոեզիան նրան օգնության կգա:

– Գուցե ավելի շուտ նրան օգնության են հասնում հումորային ծրագրե՞րը:

– Հումորային ծրագիրը կարող է քեզ 5-10 րոպե «պահել», ոչ ավելի: Հումորն արհամարհել պետք չէ, այն շամպայնի պես է ազդում ուղեղի վրա եւ շատ արագ «թողնում» է իր ազդեցությունը: Ամենօրյա, առօրյա կյանքն իր պոեզիան ունի, 20-րդ դարի վերջում պոեզիան հրաժարվեց ռոմանտիզմից, պաթոսից, հիմա բանաստեղծներն իջել են Օլիմպոսից ու սովորական մարդկանց կողքին են կանգնել, քանի որ հասկացել են՝ որքան հրաշալի է այս փոքր երկրագնդի վրա բոլորի հետ միասին ապրելը: Համոզված եմ, որ 21-րդ դարում մարդկանց հետ հանգերով խոսելը բավականին դաժան է: Շատ ցավոտ հարցեր ու հոգսեր կան, որոնք հանգավորել ու սիրունացնել պարզապես չի կարելի: Նարեկացին իր պոեմի գլուխներից մեկն այսպես է սկսում` ես լավ գիտեմ հանգավորել, եւ ոմանք հանգավորում են բառերը մարդկանց լացացնելու համար: Նա հանգերով գրում էր այն հատվածները, որտեղ ուզում էր հուզիչ բան ասել:

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ առաջնորդի կամ հերոսի կարիք ունեն հայերը:

– Մեր ժողովրդի հերոսը Սասունցի Դավիթն է, ով օժտված էր գերբնական ուժով: Այսօր պրեզիդենտն էլ մոտավորապես այդպիսին` գերբնական ուժով օժտված մարդ պիտի լինի: Իսկ այդ ուժի մեջ ոչ մի արտասովոր բան չկա, դա այդքան էլ մեծ բան չէ: Մեր այսօրվա հերոսները մեր երկրի ղեկավարները պիտի լինեն, բայց մենք այդպիսի հերոսների չենք տեսնում: Այսօր մարդկանց շատ է ճնշում հոգսերի բեռը, մենք շատ գետնաքարշ ենք ապրում, հայացքներս հառում ենք գետնին, որպեսզի գետնին ընկած փողը կամ ուրիշների կորցրած երջանկությունը գտնենք: Իսկ երբ գտնում ենք, գալիս են բանաստեղծներն ու ասում` դա ուրիշինն է, շատ մի ուրախացեք: Բանաստեղծը թթխմորի պես բան է, առանց որի հաց թխել չես կարող, քանի որ այն համեղ չի լինի, ու ոչ ոք այն չի ուտի: