«Սասունցի Դավիթ» մուլտֆիլմին սպասելիս

06/04/2007 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Տարիներ առաջ հայկական հեռուստատեսային լրատվական հաղորդումներից մեկով հայտարարեցին, թե «շուտով» էկրան դուրս կգա Սասունցի Դավթի մասին նոր հայկական լիամետրաժ մուլտֆիլմ։ Անցավ մեկ, երկու, երեք ու, Աստված գիտի՝ էլի քանի տարի, բայց մուլտֆիլմն այդպես էլ չտեսանք։ Մարդիկ էլ, բնականաբար, մտածում են՝ ի՞նչ եղան այն փողերը, որոնք պետբյուջեից տարիներ շարունակ հատկացվում էին այդ մուլտֆիլմի ստեղծման համար։ Ոմանք մտածում էին, թե այդ գումարները պարզապես գրպանվեցին, ոմանք էլ՝ թե մուլտֆիլմը ձախողվեց:

Իրականում մուլտֆիլմի ուշանալու պատճառը տեխնիկան էր. «Նրանք, ովքեր քննադատում եւ բողոքում են՝ ասելով, թե ի՞նչ եղավ մուլտֆիլմը, ինչո՞ւ այսքան ձգձգվեց, պետք է իմանան մուլտֆիլմի առանձնահատկությունը, այն էլ՝ մեր հայկական պայմաններում»,- ասում է «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի ռեժիսոր Արման Մանարյանը։ 2001թ. վերջերին որոշվեց 1։30 ժամ տեւողությամբ մուլտֆիլմ նկարահանել՝ պատմական էպոսի հիման վրա։ Մինչ այդ՝ հարցն էլի դրվել էր, սակայն ֆինանսներ չլինելու պատճառով այն անպատասխան էր մնացել։ Ա. Մանարյանն ասում է, որ եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ Հայաստանում դիմել է տարբեր մեծահարուստների, սակայն բոլորն էլ մերժել են ֆինանսավորել մուլտֆիլմի նկարահանումը։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նրանցից շատերը մերժել են միայն այն պատճառաբանությամբ, որ չգիտեին՝ ով է Սասունցի Դավիթը։ «Մենք պետք է իմանանք մեր պատմությունը։ Մեր մանուկները, երիտասարդներն էլ բավականաչափ անտեղյակ են։ Ընդունելության քննությունների ժամանակ հարցին՝ «Ո՞վ է Սասունցի Դավիթը», պատահական, ամոթալի պատասխաններ են տալիս»,- ասում է Ա. Մանարյանը (անցյալ թե նախանցյալ տարի դիմորդներից մեկը Սասունցի Դավթին անվանել էր զոհված ազատամարտիկ)։ 2002թ., երբ պետական ֆինանսավորում եղավ, Ա. Մանարյանը որոշեց «մտնել արտադրություն»։ «Մինչ այդ մենք անում էինք կարճամետրաժ մուլտֆիլմեր, եւ մեր մուլտիպլիկացիոն ստուդիայի հնարավորությունը, որը ելնում է աշխատուժի քանակից, տարեկան 10 րոպեից ավելի տեւողությամբ ժապավեն չէր տալիս։ Մերը բաղկացած է 8 մասից, որի համար 8 տարի է պետք։ Այդպես պլանավորված էր հենց սկզբից»,- պարզաբանում է Ա. Մանարյանը՝ ավելացնելով, որ եթե իմանային, թե ինչքան բարդ խնդիրներ կառաջանան, հաստատ այլ կերպ կմոտենային հարցին։ «Իհարկե, պետք էր նախապատրաստական փուլ ունենալ՝ այս ամենը հաշվի առնելու համար, ինչն այն ժամանակ չարվեց։ Սակայն այնքան էինք սպասել այդ պահին, որ էնտուզիազմով մտանք, դրա համար մեզ հաշիվ չներկայացրինք, թե հնարավորություններն ինչպիսին էին»,- ասում է Ա. Մանարյանը։ Չի եղել ոչ համապատասխան տեխնիկա, ոչ էլ համապատասխան աշխատուժ։ Աշխատանքները սկսվել են առանց համակարգչի, իսկ հետո էլ բաժին է հասել մի համակարգիչ, որը բավարար չէր մուլտֆիլմ ստեղծելու համար։ Միայն վերջերս՝ անցած տարվա սեպտեմբերին է աշխատանքային խումբը ձեռք բերել հզոր համակարգիչ։ Խնդիրներ կան նաեւ աշխատանքային խմբի հետ. նկարիչները քիչ են, աշխատում է ընդամենը մեկ մուլտիպլիկատոր, եւ այլն։ Պետական ֆինանսավորումն էլ ամեն տարի տրվում է 10 րոպեի կտրվածքով։ «Ֆինանսավորվում է այնքան, ինչքան գեղարվեստական ֆիլմի համար։ Գեղարվեստական ֆիլմի համար նախատեսված է մոտ շուրջ 300-400 հազար դոլար, սա միջինից ցածր թիվ է։ Մուլտֆիլմի 10 րոպեի համար մենք ստանում ենք տարեկան այս գումարի մոտավորապես 1/8-րդ մասը»,- ասում է Ա. Մանարյանը։ Չնայած այս ամենին՝ մուլտֆիլմի 75 տոկոսն արդեն պատրաստ է։ «Ես կարծում եմ՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակում մենք պատկերաշարի աշխատանքները կավարտենք, ու կմնա ձայնային, գունային հարցերը, որոնք, ի դեպ, մեզ մոտ չենք կարող անել։ Դրա համար էլ պետք է գնանք կամ Սանկտ Պետերբուրգ, կամ Մոսկվա, ինչն էլ մեծ ֆինանսների հետ է կապված»,- ասում է Ա. Մանարյանը՝ հուսալով, որ 1-2 տարուց «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը վերջնականապես կավարտվի ու կներկայացվի հեռուստադիտողներին։

Հ.Գ. «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմը նայող սերնդի համար «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը կարող է անհասկանալի ու խրթին թվալ։ Եթե արտասահմանյան մուլտերում պատմական հերոսներն ու իրադարձությունները երեխաներին ներկայացվում են կատակային ժանրում, ապա «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը նկարահանվել է ռեալիստական մոտեցումով։ Ինչպե՞ս պետք է մուլտֆիլմը կրթի ու հրապուրի երեխային, ի՞նչ է հայկական մուլտիպլիկացիան իրենից ներկայացնում, ինչպես նաեւ այլ հարցերի մասին կարող եք կարդալ «3 Միլիոն» ամսագրի առաջիկա համարներում։