Սերժ Սարգսյանը՝ վարչապետ

05/04/2007

Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստը, ուր միաձայն որոշվել է ՀՀ վարչապետի պաշտոնի համար առաջադրել ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ նիստին ՀՀԿ խորհրդի 69 անդամներից ներկա են եղել 66-ը: ՀՀ վարչապետի պաշտոնի համար թեկնածության առաջադրման հարցի վերաբերյալ զեկուցել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ով ներկայացրել է ՀՀԿ գործադիր մարմնի առաջարկը եւ ՀՀ վարչապետի պաշտոնի համար առաջադրել ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այլ առաջադրումներ չեն եղել: Ապրիլի 4-ին կլինի Ս. Սարգսյանի նշանակման հրամանագիրը: Նիստում անդրադարձ է եղել նաեւ Արմավիրի քաղաքապետի ընտրություններին, որի արդյունքները երեկ դատարանում բողոքարկում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Արայիկ Աղաբաբյանը: Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն էլ է ցանկանում, որպեսզի ամեն ինչ ստուգվի եւ, եթե կեղծիքներ եղել են՝ մեղավորները պատժվեն, քանի որ դեռ հարց է, թե ում կողմից են կեղծիքներ եղել: