Երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո ժամը 22:00-ի սահմաններում Գյումրի վերադարձի ճանապարհին, Երեւան-Աշտարակ մայրուղու վրա անհայտ անձինք կրակահերթ են բացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա: Վ. Ղուկասյանը վարորդի հետ եղել է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Նրան ուղեկցել է եւս մեկ մեքենա՝ թիկնապահներով: Երեք հոգի՝ վարորդը եւ թիկնապահներից երկուսը տեղում մահացել են: Իսկ Վ. Ղուկասյանը թիկունքից վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է Նոր Նորքի հիվանդանոց, որտեղ նրան երեկ գիշերը վիրահատում էին: Մեր տեղեկություններով, քանի որ դեպքը տեղի է ունեցել ուշ ժամի, մթության պատճառով չեն կարողացել նկատել, թե ինչ մեքենայից է արձակվել կրակահերթը: