Տուն-տունիկ՝ պետական մակարդակով

05/04/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Թվում էր, թե մեր երկրի դիվանագիտության կատարյալ ձախողվածության վերջին ապացույցից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի զեկույցից հետո ավելի խայտառակ բան դժվար էր պատկերացնել:

Սակայն այդ զեկույցի հրապարակմանը հաջորդող օրերը ցույց տվեցին, որ մեր երկիրը կարող է հայտնվել (եւ հայտնվեց) է՛լ ավելի խայտառակ իրավիճակում: Հիշեցնենք, որ մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի վերջին զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշված էր, թե «Հայաստանը շարունակում է օկուպացրած պահել Ադրբեջանի տարածքները՝ Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները»: Զեկույցի հրապարակումից հետո ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե դա «վրիպակ եւ սխալմունք է»: Դրան հետեւեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատասխան-հայտարարությունը, որտեղ «վրիպակի» ընդունման երանգ անգամ չկար: Հետո նորից Վ. Օսկանյանն ասուլիս հրավիրեց ու ասաց, թե ինքն իր կոնտակտներով հարցերը լուծել է, ու ԱՄՆ Պետդեպն ընդունել է, որ նշված ձեւակերպումն «ակնհայտ սխալ է», եւ հավանաբար շուտով իր վեբ-կայքում կամ հայտարարության ձեւով կշտկի այդ «սխալը»: Հարցին, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ նույն «ակնհայտ սխալը» տեղ գտավ նաեւ զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում, Վ. Օսկանյանը պատասխանել էր, թե հավանաբար այդ զեկույցները գրվել են մի մարդու կողմից, եւ արտահայտում են այդ մարդու «ընկալումները» տվյալ հարցի վերաբերյալ: Իսկ երբ նախարարին նաեւ հիշեցրել էին, որ երբ ինքը Պետդեպի զեկույցի նշված հատվածը «վրիպակ» որակեց, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում այդ «վրիպակի եւ սխալմունքի» ընդունման նշույլ չկար, Վ. Օսկանյանը դա բացատրել էր նրանով, թե իր «կոնտակտները» Պետդեպի հետ դեռ չէին եղել, երբ այդ հայտարարությունն արվել է: Եվ որպեսզի իր ասածներն ավելի համոզիչ թվան, նախարարը նաեւ ավելացրել էր. «Ես գիտակցում եմ, որ ինչ որ ասում եմ, լսվելու է Պետդեպարտամենտում, եւ այս հարցում չեմ կարող շեղումներ տալ, թե չէ՝ միանգամից կասեն, որ Օսկանյանը ստում է կամ խաբում է»: Այս տուն-տունիկից հետո իսկապես Պետդեպում լսեցին մեր երկրի արտգործնախարարին, եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մարտի 23-ին տարածեց եւս մի հայտարարություն: Ահա հենց այս հայտարարությունն էր, որ մի տեսակ անուշադրության մատնվեց: Վերջապես ընդունո՞ւմ է ԱՄՆ-ը, որ «ակնհայտ սխալ եւ վրիպակ» է թույլ տվել. ըստ ԱՄՆ դեսպանատան երկրորդ հայտարարության՝ չէ էլի, չէ՝ վպՑ: Իհարկե, այս պատասխանը ձեւակերպված է դիվանագիտական լեզվով՝ հետեւյալ կերպ. «ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը խոսել է մեր եւ Վաշինգտոնի հետ՝ հստակորեն արտահայտելով զեկույցի շարադրանքի վերաբերյալ իր հիասթափությունը: Մենք հասկանում ենք օգտագործված արտահայտությունների հետ կապված մտահոգությունները, սակայն արդեն հրապարակված զեկույցը փոփոխել չենք կարող»: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է մոտավորապես հետեւյալը. հասկանում ենք ձեր մտահոգությունները, բայց դե՝ ի՞նչ արած: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այս պատասխանով, փաստորեն, անուղղակիորեն նշել է նաեւ հետեւյալը. ՀՀ ԱԳ նախարարն այնքան էլ ճիշտ չէ, երբ ասում է, թե իբր ԱՄՆ-ը ընդունել է, որ այդ ձեւակերպումն «ակնհայտ» սխալ է, ու առաջիկայում վեբ-կայքում կամ հայտարարության ձեւով ուղղում կմտցնի (հայտարարությունում «սխալն» ընդունելու եւ առաջիկայում այն ուղղելու մտադրության մասին նույնիսկ ակնարկ չկա): Թերեւս ավելորդ է նշել, որ վեբ-կայքի վրա էլ Օսկանյանի խոստացած ուղղումը մինչ օրս չի եղել եւ, վստահաբար կարելի է ասել՝ չի էլ լինի: Արդյունքում ստացվեց այնպես, որ մեր երկրի դիվանագիտության հերթական խայտառակ ձախողմանը գումարվեց եւս մի խայտառակություն. ԱՄՆ-ը մեր երկրի ԱԳ նախարարին անուղղակիորեն անվանեց, այսպես ասենք՝ իրականությանն այնքան էլ չհամապատասխանող բաներ ասող: Դիվանագիտական այս ձախողումների պատճառն էլ շատ պարզ է. մեր երկրի արտաքին քաղաքականությունը կառուցված է զգացմունքների վրա, Արտգործնախարարությունը չունի հստակ ձեւակերպված նպատակներ ու առաջնորդվում է միջազգային հանրությանն ու սեփական երկրի բնակչությանը «ֆռռացնելու» տրամաբանությամբ: Եվ եթե այդ «ֆռռացնելու» «ծիրին մեջ» պետք է ինչ-որ մի բանի մասին այսօր ասել՝ «Ա», վաղը՝ «Ճ», խնդիր չէ, հենց այդպես էլ արվում է, նույնիսկ ուշադրություն չի դարձվում այն հանգամանքին, որ հաճախ «Ա»-ն ու «Ճ»-ն իրար հակասում են: Արդյունքում ստացվել է այնպես, որ ԱԳ նախարարությունը զբաղված է զուտ դրսին ու ներսին «ֆռռացնելու» փորձերով, տոնական ընդունելություններ կազմակերպելով ու, ամենագլխավորը՝ մուրաբա, չիր ու պնդուկ-մնդուկ վաճառելով (սա ոչ «վրիպակ» է, ոչ էլ ձեր անձնական «ընկալումը». խոսքն իսկապես ոչ թե Գյուղատնտեսության, այլ Արտաքին գործերի նախարարության մասին է): Մեր երկրի ԱԳ նախարարի վերոնշյալ հայտարարություններն էլ տեղավորվում են հետեւյալ տրամաբանության մեջ. հիմա մի բան ասենք, որ գլուխ չտանեն, հետո կտեսնենք՝ ինչ կլինի, ու ըստ այդմ՝ մի բան կմոգոնենք: Հավանաբար այս տրամաբանությունն է պատճառը, որ ԱԳ աշխատակիցները մեկ-մեկ մոռանում են, թե որտեղ ինչ են ասել, թե որ հարցի մասին մեր երկիրն ի՞նչ դիրքորոշում է որդեգրել, ու հաճախ հակասական հայտարարություններ են անում, քանզի հավանաբար իրենք էլ չեն պատկերացնում, թե երկիրն ո՞ւր եւ ինչպե՞ս են տանում: Բերենք ամենաթարմ օրինակը: Վ. Օսկանյանը եւ Արտգործնախարարության շատ այլ աշխատակիցներ բազմիցս հայտարարել են, որ մեր երկիրը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Սակայն, օրինակ, մարտի 30-ին, Երեւանում, Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում Վ. Օսկանյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարել է, թե «միայն սահմանի բացումից հետո հնարավոր կլինի այլ հարցերի շուրջ երկխոսություն սկսել»: Հիմա ի՞նչ՝ նախապայման դնո՞ւմ ենք, թե՞ ոչ: Մնում է ենթադրել, որ նախապայման ավելի շուտ չենք դնում, քան դնում ենք, որովհետեւ առաջին տարբերակի մասին առայժմ ավելի շատ ենք լսել: Այստեղ մի հարց էլ է ծագում. մեր ինչի՞ն է պետք բաց սահմանը: Չէ՞ որ նույն Վ. Օսկանյանը վերջերս հայտարարում էր, թե մենք փակ սահմաններով էլ մի 100 տարի վագրային տեմպերով կզարգանանք: Ի դեպ, այստեղ արժե նշել մի փաստ եւս. համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ նախագահը, այնպես որ, մեր երկրի դիվանագիտության ձախողումները միայն Վ. Օսկանյանի վրա բարդելը ճիշտ չէ: