Վերջին շրջանում Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության ներսում կատարվող իրադարձությունների մասին որեւէ տեղեկություն ստանալը երբեմն նույնիսկ ավելի բարդ է լինում, քան իր փակ համակարգով վաղուց հայտնի ՀՅԴ-ի ներքին կյանքի մասին տեղեկություններ ստանալը:
«Դաշինքի» շուրջ ծավալվող իրադարձությունները վերջերս մի խորհրդավոր փուլ են մտել: Այս կուսակցության ներսում որոշ խմորումներ սկսեցին ի հայտ գալ համամասնական ցուցակի հրապարակումից հետո: Նախ՝ մոտ երկու շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, թե ապօրինի զենքի հետ կապված ձերբակալվել է «Դաշինքի» քաղխորհրդի անդամներից մեկը, Ազգային անվտանգության ծառայություն է տարվել նաեւ Ս. Բաբայանը…: «Դաշինքի» անդամները մի քանի օր անհասանելի էին, ու հնարավոր չէր նրանցից մեկնաբանություն ստանալ, իսկ երբ հասանելի դարձան, հրաժարվեցին որեւէ հստակ բան ասել: Այս խորհրդավոր պատմությունից անմիջապես հետո թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված «Դաշինքի» ղեկավար Ս. Բաբայանն իր թեկնածությունը հանեց՝ դա հիմնավորելով ոչ այնքան համոզիչ փաստարկներով. իբր դա արվել է մամուլի այն հրապարակումների ճնշման տակ, որոնք նույն ընտրատարածքում Ս. Բաբայանի ու Սաշիկ Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբոր) մրցակցությունը ներկայացնում էին որպես Ս. Բաբայանի ու Սերժ Սարգսյանի անձնական հակամարտություն: Բաբայանի թեկնածությունը հանելու մի այլ հիմնավորում էլ դրվեց շրջանառության մեջ, թե նույն ընտրատարածքում առաջադրված, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Բաբայանին կոչ է արել հանել թեկնածությունը հօգուտ իրեն, այս կոչն էլի շատ ընդդիմադիրներ են արել, Ս. Բաբայանն էլ ընդառաջել է ու հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Ս. Հարությունյանի: Ու այս խառը իրավիճակում մեկ էլ հանկարծ պարզվում է, որ «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում տեղի է ունեցել ինը փոփոխություն: Ուշագրավ է, որ ցուցակից հանվել է նաեւ «Դաշինքի» քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանի թեկնածությունը (նա ցուցակում 8-րդն էր): Պրն Թեւանյանը երեկ մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը: Ամեն դեպքում, կարծեք թե, ուրվագծվում է, որ «Դաշինքում» մի առանձին թիմ է ձեւավորվում: Ի դեպ, ուշագրավ է նաեւ, որ «Դաշինքի» շուրջ տեղի ունեցող այս խորհրդավոր իրադարձություններից մի քանի օր առաջ մեր խմբագրությունը «Այդ տարօրինակ «ընդդիմադիրը» վերնագրով մի ռուսալեզու անանուն նամակ էր ստացել: Նամակն Ա. Թեւանյանի մասին էր: Ըստ նամակագրի, Ա. Թեւանյանը կուսակցության ստեղծման օրվանից նախընտրել է չերեւալ ու մնալ Ս. Բաբայանի ստվերում: Հեղինակի պնդմամբ՝ Ա. Թեւանյանը ջավախյան ծագում ունեցող ռուսական ձեռնարկատեր Նորիկ Թեւանյանի եղբոր թոռն է, ում Ա. Թեւանյանն ու իր ընտանիքը պարտական են իրենց այսօրվա ունեցվածքի համար: «Իսկ Ն. Թեւանյանն ակտիվորեն աշխատում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի օգտին»,- գրել էր նամակի հեղինակը: Վերջինիս պնդմամբ՝ այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ Ս. Բաբայանի ու Ս. Սարգսյանի հարաբերությունները լարված են: «Երկար ժամանակ Ա. Թեւանյանին հաջողվում էր թաքցնել իր բարեկամական կապերը, սակայն, երբ Ն. Թեւանյանը սկսեց բացահայտ աշխատել Ս. Սարգսյանի օգտին, Ա. Թեւանյանը ստիպված էր ապացուցել իր չեզոքությունը Ս. Բաբայանին: Բայց նա դա արեց բավականին յուրօրինակ ձեւով: Նա սկսեց «Իրավունք» եւ «Փակագիծ» թերթերում Տարոն Խաչատրյան, Արման Սահակյան, Վ.Ս. եւ այլ կեղծանուններով հոդվածներ տպել Ն. Թեւանյանի դեմ, ով մինչեւ վերջերս ֆինանսավորում էր նրան»,- գրել էր նամակի հեղինակը, ում պնդմամբ, այսքանով Ա. Թեւանյանի կապն իշխանությունների հետ չի սահմանափակվում: «Հայաստանում դժվար է գտնել եւս մեկ նման «ընդդիմադիր» գործիչ, ում մտերիմներն ունեն այնքան սերտ կապեր «հակառակորդի» ճամբարում: Մեկնաբանություններն ավելորդ են»,- գրել էր նամակագիրն ու շարունակել, թե Ա. Թեւանյանը ղեկավարել է օլիգարխ Հրանտ Վարդանյանին պատկանող «Ար» հեռուստաընկերության տեղեկատվավերլուծական բաժինը: Նամակում նշված են Ա. Թեւանյանի գործունեությունից այլ փաստեր եւս: