Հինգ տարի առաջ` 2002թ. ապրիլի 2-ին եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը որոշել էր ապրիլի 2-ին Երեւանի Օպերային թատրոնի մատույցներում տնկել 16 ծառ` ստեղծել ՀՀ Անկախության հռկաչագրի 16-ամյակին նվիրված խոսքի ազատության արահետ: Ակցիային ներկա էին ինչպես լրագրողներ, այնպես էլ քաղաքական եւ հասարակական գործիչներ: Բայց ծառատունկը չեղավ: Չթողեցին: Պարզվում է, որ Հայաստանում չկա ծառ, շիվ, տնկի սահմանող որեւէ իրավական ակտ: «Ա1+» հեռուստաընկերությունը ծառատունկի մասին ծանուցել էր Երեւանի քաղաքապետարանին եւ, համաձայն օրենքի, պատասխան չստանալով, որոշել էր, որ ծանուցումն ընդունված է ի գիտություն: Սակայն պարզվել է, որ «Ա1+»-ին չի կարելի ծառատունկ անել: Իսկ «չարտոնված» ծառատունկը կանխելու համար տեղում ներկա էր ոստիկանական մեծաթիվ «կորպուս»: Եկել էին Ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալներ գնդապետներ Չիբուխչյանն ու Աֆյանը, Ոստիկանության Կենտրոն համայնքի բաժնի պետի տեղակալ գնդապետ Բաղդասարյանը, բազմաթիվ մայորներ, փոխգնդապետներ: