ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում «տարօրինակ» է համարել, որ Հայաստանի ղեկավարները ընտրությունների շեմին «վախենում են մամուլը դարձնել մատչելի»: Խոսելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի բարձր սակագների մասին՝ Ֆինլին խորհուրդ է տվել դրանք վերահսկողներին՝ իջեցնել սակագները: «Ավելի լավ է իջեցնեք դրանք: Ինձ համար տարօրինակ է, որ այս երկրների ղեկավարներն այսքան շատ վախենում են մամուլը դարձնել մատչելի, ավելի շատ թափանցիկություն ապահովել,- ասել է նա ու հավելել, – Դա ինձ համար միայն մեկ բան է նշանակում՝ որ ղեկավարները վախենում են կորցնել իրենց պաշտոնները: Իսկ գուցե սա նրանց համար ինչ-որ մի բանկային հաշվի վրա փող կուտակելու հնարավորություն է»: Հակառակ դեպքում, ըստ նրա, անհասկանալի է, թե ինչու ազատ չի դարձվում մամուլը, կամ չի իջեցվում քաղաքական գովազդի սակագինը: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանին մտահոգում է նաեւ Հայաստանում մամուլի ազատության վիճակը: Երեկ, երբ լրացավ «Ա1+»-ի փակման 5-րդ տարին, նա եւս մեկ անգամ դատապարտել է հեռուստակայանի փակումը եւ կոչ արել վերաբացել այն: «Չգիտեմ, թե բացի դատապարտելուց՝ ինչ կարող է ասել ԱՄՆ-ի առաքելությունն այս առթիվ»,- հայտարարել է Ջ. Ֆինլին: Երբ անցած տարվա հոկտեմբերին ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելեց Հայաստան, մամուլը տեղեկացրեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդունել նրան, եւ Ջ. Ֆինլին շատ դժգոհ է եղել նախագահ Քոչարյանից: Սակայն երեկ նա հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ Քոչարյանին անհարկի են քննադատել, եւ, որ իր հանդիպումը Հայաստանի նախագահի հետ հաստատված չի եղել նախապես: «Նա չկարողացավ այդ հանդիպումը տեղավորել իր ժամանակացույցում: Պատճառն այն չէ, թե ես պնդել եմ հանդիպման վրա կամ ցանկություն եմ հայտնել հանդիպել նրան»,- ասել է Ֆինլին: