Ախալքալաքի շրջանային սեփականաշնորհման բաժնի վարիչ Գվարամաձե Թամազի հաղորդած տեղեկատվության համաձայն, ոչ գյուղատնտեսական հողերի արժեքը թանկացել է 10 անգամ. աճուրդային նախնական գինը դարձել է 14 լարի (մոտ 8 դոլար): Ըստ Թ. Գվարամաձեի, այդ որոշումն ընդունել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն: Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Խաչիկ Այվազյանը «Ջավախք-ինֆոյին» ասել է, որ Ախալցխայի շրջանի նախարարությունը շաբաթվա ընթացքում պետք է հաստատի այդ որոշումը: Հողերի արժեքի թանկացումը վերաբերում է վարձակալության տրվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերին միայն եւ չի վերաբերում արոտավայրերին, որոնք աճուրդի ենթակա չեն: Անկախ մեծամասնական պատգամավորների խմբակցության պատգամավոր Դավիթ Ռստակյանի խոսքերով, իրենք՝ պատգամավորները, տեղյակ չեն այդպիսի որոշման, հողերի գնի բարձրացման որոշում չի քննարկվել շրջանային ժողովի նիստում: