Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ շարունակվում են ցավակցական հեռագրեր ստացվել: Հայ ժողովրդին իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքը: Լեհաստանի ԱԳ նախարար Աննա Ֆոտիգան իր հեռագրում նշել է. «Խորը վշտով տեղեկացա ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի վաղաժամ մահվան մասին: Երբ ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպեցի վարչապետ Ա. Մարգարյանին, դեռ վստահ էի, որ բազմակի անգամներ կկարողանանք համատեղ քննարկել մեր պետությունների համար կարեւոր խնդիրները եւ համագործակցել հանուն մեր երկու ժողովուրդների բարեկեցության: Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր Լեհաստանի մասին պարոն վարչապետի ցուցաբերած քաջածանոթությունը: Մեծ բավականությամբ ընդունեցի նաեւ նրա բարյացակամ վերաբերմունքը մեր երկու պետությունների հարաբերությունների զարգացման նկատմամբ: Ի դեմս Անդրանիկ Մարգարյանի` հայ ժողովուրդը կորցրեց կարեւորագույն առաջնորդներից մեկին, իսկ լեհ ժողովուրդը՝ հավատարիմ ընկերոջ»: ԵՄ-Հարավային Կովկաս Միջխորհրդարանական համագործակցության կոմիտեում Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ Մարի Աննա Իզլեր Բեգենի հեռագրում ասված է. «Ա. Մարգարյանը կհիշվի որպես նախորդ դարի 70-ականների այլախոհ, որը Խորհրդային Միությունում արիաբար պայքարեց հանուն Հայաստանի անկախության. պայքար, որը շարունակվեց նաեւ երկամյա ազատազրկման ընթացքում։ Նա պետական գործչի կատարյալ օրինակ էր եւ Հայրենիքի նկատմամբ իր նվիրվածությունն արտահայտեց Հայաստանի տնտեսության աննախադեպ զարգացմանն ուղղված ջանքերով»։