Ինչ ցանես, այն էլ կհնձես

05/04/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Ես Պարսկաստանից մի ասպիրանտ ունեմ, եւ նրա հետազոտման նյութն է եղել կենցաղային թափոններով աղտոտված գետի ջրերով ոռոգման հետեւանքները Շիրազի հարթավայրի վրա»,- ասում է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի ամբիոնի վարիչ Կառլեն Գրիգորյանը:

Երիտասարդ ասպիրանտը պարզել է, որ Շիրազի հարթավայրում աճեցված մշակաբույսերի վրա առկա են մակաբույծների ձվեր, որոնք անցնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են մոտ 23 տիպի վարակիչ հիվանդություններ: Շիրազի հարթավայրի վրա ներկայացված օրինակը խիստ տիպիկ է նաեւ մեր Արարատյան հարթավայրին, որի մշտական աղտոտողն է համարվում Հրազդան գետը: Պետական համալսարանի էկոլոգիայի ամբիոնի մշտական հետազոտությունների նյութն է Հայաստանի գետերի ջրերը, որոնց վիճակն օրեցօր ավելի է վատթարանում: Սա՝ այն դեպքում, երբ Հայաստանում դեռ կարգին չեն էլ աշխատում արտադրական հզոր ձեռնարկությունները։ Կառլեն Գրիգորյանը նշում է, որ Հրազդան գետի հիմնական աղտոտողներն են կոյուղաջրերը, որոնք առանց որեւէ մաքրման՝ ուղղակի լցվում են գետի մեջ: Մասնագետից տեղեկանում ենք, որ Հրազդան գետում հանքայնացման աստիճանն ու նիտրատների պարունակությունն ընդունված չափորոշիչներից շատ բարձր է: Ջրում բարձր աղայնությունն ուղղակի շարքից հանում է հողը, եւ պատահական չէ, որ Հրազդանի ջրերով ոռոգվող Արարատյան հարթավայրի հողերի աղակալումն ու անապատացումն ընդլայնվելու միտում ունի: Այս հողերում աճեցվող բույսերի համար էլ աղի մեծ քանակությունը թույն է համարվում: Մարդու օրգանիզմի համար աղերի մեծ քանակությունն այնքան էլ վտանգավոր չէ, որքան նիտրատների առկայությունը: Այն մարդու օրգանիզմում առաջացնում է թթվածնային «քաղց»: Խնդիրը նույնն է նաեւ Սեւանա լճի համար. տարածաշրջանի կոյուղաջրերն առանց մասնակի մաքրման թափվում են հենց լճի մեջ: Թեպետ լճում գնում է բնական մաքրում, սակայն սա հարցի լուծում չի կարելի համարել:

«Հրազդան գետն իր աղտոտվածության մաքսիմալ «դոզան» ստանում է մայրաքաղաքում: Զանգվի ձոր կոչվող հանգստյան գոտում կառուցված ռեստորանաժամանցային համալիրները, համաձայն ՀՀ օրենքների, պարտավոր են մաքրել իրենց կենցաղային թափոններն ու մթնոլորտ նետվող գազերը: Բանը նրանում է, որ մաքրող այդ սարքերը երբեմն ավելին արժեն, քան իրենց կառուցած ռեստորանները: Նախկինում, խորհրդային տարիներին նման կարգի մաքրումները գոնե 70 տոկոսով կատարվում էին, իսկ ներկայումս ընդհանրապես չի կատարվում ո՛չ մակերեւութային, ո՛չ քիմիական, ո՛չ էլ տեխնիկական մաքրում: Կոյուղու ջրերի մաքրումից առաջացած ֆեկալից ստանում էին տեխնիկական սպիրտ, որը մեծ կիրառություն ունի կենցաղում եւ ավելի թանկ է, քան խմելու սպիրտը: Գետառի վիճակն էլ բարվոքներից չէ: Կենցաղային թափոններից բացի, այստեղ իր զգալի դերակատարությունն ունի նաեւ «Աղի հանքը»: Վիճակը լավերից չէ Հայաստանի տարածքով հոսող մնացած գետերում էլ»,- նշում է Կառլեն Գրիգորյանը:

Ըստ էկոլոգիայի ամբիոնի հետազոտությունների՝ Դեբեդն այլեւս համարվում է «մեռյալ» գետ: Վանաձորի եւ Ալավերդու ծանր մետաղներ մշակող գործարանների գետին հասցրած վնասները համարվում են անդառնալի նաեւ շրջակա միջավայրի առումով: Այս տարածաշրջանում գետի ջուրը նույնպես օգտագործվում է ոռոգման նպատակներով: Հողի մեջ կուտակված ծանր մետաղները հեշտությամբ անցնում են բույսերին, որից էլ՝ մարդու օրգանիզմ: Անգամ զրոամբողջական տոկոսով ծանր մետաղի ավելցուկն ախտահարում է մարդու այս կամ այն օրգանը, իսկ մասնավոր կազմակերպությունն իր կատարած չարիքի համար որպես բնապահպանական տույժ՝ պետական բյուջե է մուծում սիմվոլիկ գումար: Տեխնոլոգիաների կատարելագործման մեր ժամանակներում գետերի ջրերի աղտոտվածությունը գնալով ավելի խորքային խնդիր է դառնում: Չնայած առկա պատկերին, Հայաստանը մասնակից է տարածաշրջանային մի շարք պայմանագրերի: Այն է` պարտավորվել է չաղտոտել իր երկրի տարածքով անցնող սահմանային գետերը եւ ջրի պաշարների մոտ 50 տոկոսը բաց թողնել հարեւան երկրներին: Տարածաշրջանի երկրներից այս համաձայնագիրը չի վավերացրել Թուրքիան, իսկ մնացած երկրներն էլ իրարից դժգոհում են` էկոլոգիական աղետ դարձած գետերի ջրերի բաղադրությունից: Իրողությունն այն է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային Քուռ գետի աղտոտման համար երեք երկրներն էլ հավասարապես իրենց մեղքի բաժինն ունեն: Մեզ համար տարածաշրջանային համագործակցության ուսանելի օրինակ կարող ենք համարել Կենտրոնական Եվրոպայի երկրներով անցնող Հռենոս գետը, որը տեղի բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրն է համարվում:

Իսկ ի՞նչ ջուր ենք խմում մենք: Տեղական մարմինների անալիզների տվյալներով՝ հայկական ջուրն ամենակենարարն ու ամենամաքուրն է: Իսկ ահա դրսի կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունը կասկածի տակ է դնում հայկական ջրի «առեղծվածն» ընդհանրապես, որն էլ խոստանում ենք ներկայացնել մեր թերթի առաջիկա համարներում: