2007թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 54.3 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 36.4%-ով կամ շուրջ 20.1 մլրդ դրամով:
Պետական բյուջեի ընդհանուր եկամուտների գերակշիռ մասը՝ 80.6%-ը ձեւավորվել է հարկային մուտքերի հաշվին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք ավելացել են 28.2%-ով կամ 13.3 մլրդ դրամով՝ կազմելով ավելի քան 60.6 մլրդ դրամ։
Գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է մուտքերի աճ, բացառությամբ՝ ակցիզային հարկի:
Ընդհանուր հարկերի մեջ առյուծի բաժինը պատկանում է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)՝ 31.7 մլրդ դրամ, որը կազմում է հարկային եկամուտների 52.3%-ը: Այդ գումարից 17.7 միլիարդը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից (այսինքն, ներմուծվող ապրանքներից), իսկ 14.0 մլրդ դրամը՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: ԱԱՀ աճը 2006 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 43.2% կամ 9.6 մլրդ դրամ:
Ընդհանուր հարկային մուտքերի մեջ իր ծավալով երկրորդ տեղում շահութահարկն է։ Հունվար-փետրվարի հարկային եկամուտների 13.8%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով շուրջ 8.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս հարկատեսակն ավելացել է 34.8%-ով կամ շուրջ 2.2 մլրդ դրամով:
2007թ. հունվար-փետրվարի ընթացքում հավաքագրվել է 5.0 միլիարդ դրամի ակցիզային հարկ՝ հարկային եկամուտների 8.3%-ը։ 1.6 միլիարդ ստացվել է բենզինի եւ դիզելային վառելիքի, եւս 1.6 միլիարդ՝ ծխախոտի ներմուծման հարկումից:
Հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է ավելի քան 5.3 մլրդ դրամ, որը 4.3%-ով կամ 220.2 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերից: Հաստատագրված վճարները կազմել են 2.6 մլրդ դրամ, իսկ պարզեցված հարկից պետական բյուջեի մուտքերը՝ շուրջ 1.5 մլրդ դրամ:
2007թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում այլ հարկերի գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 3.1 մլրդ դրամ: Ուշադրություն դարձրեք, այս գումարի մեջ մեծ տոկոս են կազմում, այսպես կոչված, բնօգտագործման եւ բնապահպանական վճարները՝ 2.3 մլրդ դրամ։ Սրանք այն նույն վճարներն են, որոնք սկսեցին գանձվել 2007թ. հունվարի 1-ից՝ գործնականում 40%-ով ավելացնելով մեքենաների մաքսազերծման վրա ծախսվող գումարները։ Եթե 2 ամսվա ընթացքում դրանք կազմել են 2.3 միլիարդ դրամ, ապա դժվար չէ հաշվել, որ մեկ տարվա կտրվածքով այդ վճարների շնորհիվ բյուջեն համալրվելու է ավելի քան 13.5 միլիարդ դրամով։ Պետական տուրքի գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 2.6 մլրդ։ Պետական բյուջեի ոչ հարկային եկամուտները 2007 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել են շուրջ 7.6 մլրդ դրամ։
Ինչ վերաբերում է 2007 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք ավելացել են 12.8%-ով (կամ 6.2 մլրդ դրամով) եւ կազմել են 54.3 մլրդ դրամ: Ընդհանուր ծախսերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ընթացիկ ծախսերը՝ մոտ 85%։ Դրանց 30.7%-ը (14.2 մլրդ դրամ) կազմել են ընթացիկ տրանսֆերտները. ավելի քան 4.4 մլրդ դրամն ուղղվել է նպաստների, 3 մլրդ դրամը՝ թոշակների, 2.9 մլրդ դրամը՝ համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ֆինանսավորմանը: Ընթացիկ ծախսերի 10.9%-ն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, որը կազմել է ավելի քան 5 մլրդ դրամ։ 2007թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական բյուջեից տրամադրվել են ավելի քան 2.1 մլրդ դրամի սուբսիդիաներ։ Ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 23.8 մլրդ դրամ, որը կազմում է պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 51.6%-ը։ Կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը 2007թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեից տրամադրվել է ավելի քան 5.3 մլրդ դրամ:
2007թ. առաջին երկու ամիսներին ՀՀ պետբյուջեից վարկավորումը կազմել է շուրջ 2.9 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տրամադրվել է ԼՂՀ-ին: Արտաքին պարտավորությունների մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է 759.8 մլն դրամ, որը հատկացվել է ԱՄՆ ապրանքային վարկի, ինչպես նաեւ՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի գծով պարտավորությունների մարմանը:
2007թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարվել է 20.9 մլրդ դրամ հավելուրդով: