Էվանսն արջի ծառայություն մատուցեց

10/05/2005

Գրեթե մի ամբողջ օր Հայաստանը հերթական դիվանագիտական հաղթանակն էր տոնում. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Սան Ֆրանցիսկոյի համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Մեծ եղեռնը պետք է որակվի որպես ցեղասպանություն, իսկ Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելը կհանգեցնի աղետալի հետեւանքների։ Այս հայտարարության մեջ սենսացիոնը թերեւս այն էր, որ իսկապես` Մեծ եղեռնը ցեղասպանություն է, եւ իսկապես` Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնել չի կարելի։ Այսինքն` դեսպանը զուտ ճշմարտությունն էր ասել։ Իսկ դիվանագետին, ինչպես հայտնի է, լեզուն տրված է ոչ թե մտքեր արտահայտելու, այլ մտքերը թաքցնելու համար։

Ինչեւէ։ Հաջորդ օրը դեսպանը պարզաբանեց, թե իր անձնական տեսակետն է հայտնել։ ԱՄՆ Պետքարտուղարությունը նույնպես շտապեց հայտարարել, թե դա ընդամենը դեսպանի անձնական տեսակետն է, իսկ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ 1915-ին Օսմանյան կայսրության տարածքում տեղի է ունեցել ոչ թե ցեղասպանություն, այլ «սարսափելի ողբերգություն»։

Հիմա փորձենք հասկանալ կատարվածը։ Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծանոթ չլիներ իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը։ Բացառված է։ Հնարավո՞ր է արդյոք, որ դեսպանը ծանոթ չլիներ դիվանագիտական էթիկայի այբուբենին, որն ընդունվել է դեռեւս 1815 թվականին` Վիեննայի կոնֆերանսում, եւ առ այսօր գործում է առանց էական փոփոխությունների։ Նույնպես բացառված է։ Ուրեմն ի՞նչ է նշանակում այս ամենը։ Սա հասկանալու համար պարզապես արձանագրենք, թե ինչ հետեւանքներ ունեցավ դեսպանի հայտարարությունը։ 1. Հայ ժողովուրդը հասկացավ, որ դեսպանը լավ մարդ է եւ սիրում է հայերին։ 2. ԱՄՆ Պետդեպարտամենտը հերթական անգամ հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Ջոն Էվանսը մեզ փաստորեն արջի ծառայություն մատուցեց։ Պատահական էր, թե ոչ` դա էլ թող մասնագետները որոշեն։ Ամեն դեպքում, ամերիկյան դիվանագետները հազվադեպ են իրենց նման պատահականություններ թույլ տալիս։