Էս խելքին ենք, որ էս խելքին ենք

01/04/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին հայկական մի քանի հեռուստաալիքներ հեռուստադիտողին հնարավորություն տվեցին ուղիղ եթերում դիտել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի գլխավորությամբ: Ներկա էր նաեւ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Թուրքական կառավարությունից միջոցառմանը մասնակցում էր մշակույթի նախարար Աթիլա Քոչը: Վերջինս նախօրեին հայտարարեց, թե Թուրքիան մտադիր է մի եկեղեցի էլ վերանորոգել Անիում, ու դա, ըստ նրա, վերջինը չի լինի: Մասնագետները փաստում էին, որ եկեղեցու վերանորոգումն իրականացվել է բարձր որակով եւ առանց լուրջ թերությունների: Բայց այսօր բացման արարողության մանրամասներին չէ, որ ուզում ենք անդրադառնալ, այլ Թուրքիայի կառավարության այս նախաձեռնության հայաստանյան արձագանքներին: Սուրբ Խաչի բացման օրը ԵՊՀ բակում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ բացվեց «Մշակութային եղեռն» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեց Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական պատմական մոտ 150 հուշարձանների անցյալ եւ ներկա վիճակը: Ըստ երիտասարդ դաշնակների, Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը թուրքական պետության հերթական քարոզչական քայլն է՝ աշխարհին ապացուցելու, որ «հայերի հանդեպ թուրքական պետության երկարամյա թշնամական քաղաքականությունն իբր փոխվել է»: Նրանք փաստում էին, որ Թուրքիայում գտնվող հայկական պատմամշակութային կոթողների հիմնական մասը կամ ոչնչացվել է, կամ գտնվում է ոչնչացման եզրին: Հայաստանի պետական քարոզչամեքենան նույնպես Սուրբ Խաչի բացումը բնութագրեց որպես «թամաշա», որպես «աշխարհի աչքին թոզ փչոցի» եւ այլն: ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանն էլ հայտարարեց, թե եկեղեցու բացման փաստը Թուրքիան օգտագործում է քարոզչական նպատակներով: Նա ասել էր նաեւ, թե հայկական կողմը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման իրական առաջընթաց կարող է լինել, նախեւառաջ, 1993թ.-ից փակված հայ-թուրքական սահմանի վերաբացումը: Այս դիրքորոշումն արդեն ավելի ու ավելի հաճախակի կարելի է լսել: Այսինքն՝ Հայաստանը, որը շարունակ հայտարարում էր, թե պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, «մանրից» սկսում է նախապայման դնել՝ բացել սահմանը, մի բան, որը ենթադրաբար պետք է լիներ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արդյունք: Այսինքն՝ թուրքական կողմի «թոզ փչոցիներին» հայկական կողմը պատասխանում է դիրքորոշման կոշտացմամբ (թե չէ, մեկ էլ տեսար՝ հայ-թուրքական հարաբերություններում բարելավում նկատվեց, ինչը մեր «ֆորպոստատեր», «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանին կարող է բարկացնել): Բայց եկեք թեմայից չշեղվենք ու վերադառնանք Սուրբ Խաչի բացմանը: Իսկապես, չի կարելի չհամաձայնել երիտասարդ դաշնակների հետ: Իսկապես սրբապղծություն է, երբ եկեղեցին ավերում են, վերածում գոմի… : Մի քանի տարի առաջ առաջին անգամ ականատես եղա նման մի բարբարոսական տեսարանի. եկեղեցին ամբողջությամբ ավերված էր, մնացել էին կիսաքանդ պատերը, տարածքում գտնվող որոշ մարդիկ, շրջակայքում արածող խոզեր, ոչխարներ, էշեր, կովեր ու էլի այլ անասուններ ժամանակ առ ժամանակ իրենց բնական կարիքները հոգում էին եկեղեցու հարեւանությամբ կամ հենց եկեղեցում, որտեղ հայտնվում էին շոգից փախչելու արդյունքում: Ավերված եկեղեցու շուրջը կեղտ ու ցեխ էր, տհաճ հոտ էր գալիս, ճանճերի քանակն էլ հասկանալի պատճառներով խիստ մեծ էր… : Տեսարանն իսկապես զզվելի ու բարբարոսական էր: Էլ չենք ասում, որ այդ վանքի գմբեթին խաչ չկար, որովհետեւ այն գմբեթ էլ չուներ: Դուք հավանաբար լսել եք այս կոթողի մասին: Այն կոչվում է Մաթոսավանք: Երիտասարդ դաշնակներին առաջարկում ենք իրենց հաջորդ ցուցահանդեսում անպայման ներառել նաեւ այս եկեղեցու մասին պատմող նկարներ: Բայց մի շտապեք հայհոյել թուրքերին: Նշված պատմական կոթողը գտնվում է Հայաստանի այսօրվա տարածքում, Դիլիջանում գտնվող ԵՊՀ ուսանողական ճամբարից ոչ հեռու: Ու այնտեղ ամեն տարի, ինչպես բազմաթիվ կովերն ու այլ անասունները, միզում են նաեւ թուրք բարբարոսներին գիշեր-ցերեկ հայհոյող երիտասարդ դաշնակների ուսանող ընկերները կամ գուցե հենց նրանցից շատերը: ՀՀ տարածքում գտնվող նմանօրինակ կոթողների մասին էլ կարելի է մի ցուցահանդես անել, որտեղ ոչ թե 150, այլ 1500 պատմամշակութային արժեք կարելի է ցուցադրել: Այդ ցուցահանդեսում իր արժանի տեղը կունենա նաեւ երիտասարդ դաշնակների ավագ գործընկերների կողմից մեր երկրի՝ ռեստորանի վերածված պատմամշակութային արժեքներից մեկը: Հենց այսօր էլ Երեւանի կենտրոնում բոլորիս, այդ թվում եւ՝ դաշնակների քթի տակ, ռեստորանի վերածված վերոնշյալ պատմամշակութային արժեքի մոտ, Կառավարության շենքի հարեւանությամբ քանդվում է պատմամշակութային հերթական արժեքը, որի տեղը հավանաբար մի «բոնբոներկա» հիշեցնող էլիտար շենք (կամ ինչպես «Սկսել ա» շարժման երիտասարդներն էին նկատել՝ ԷՇ) կկառուցվի: Էլ չենք խոսում այն մասին, թե այդ ԷՇ-երի կառուցման համար քաղաքի կենտրոնում քանի պատմամշակութային կոթող քանդվեց: Ինչո՞ւ ենք նկատում թուրքերի ոչնչացրածը (ընդ որում՝ փաստը բացատրելով թուրք էթնոսի «բարբարոս կերպարով»), իսկ մերը՝ ոչ: Ինչո՞ւ համառորեն պատմությունից դասեր չենք քաղում, լացուկոծին վերջ չենք տալիս: Ինքներս մեր երկրում քանի՜-քանի՜ պատմամշակութային արժեք ենք հիմնովին ոչնչացրել կամ, լավագույն դեպքում, արժանացրել Մաթոսավանքի ճակատագրին: Ավելի լավ չէր լինի՞, որ Մաթոսավանքը գոնե թանգարան լիներ, ու ուսանողներից ոմանք այնտեղ գնային ոչ թե բնական կարիքները հոգալու, այլ իրենց գլխի պարունակությունն ավելացնելու համար: Ու հիմա դժգոհում ենք, թե Թուրքիան քարոզչական նպատակներով շոու է սարքել Սուրբ Խաչի բացումը: Իսկ ինչո՞ւ չպետք է այդպես վարվեր, եթե դա իրեն շատ կոնկրետ օգուտ է տալիս: Փոխանակ հիանանք այս հարցում Թուրքիայի քաղաքականությամբ ու օրինակ վերցնենք Թուրքիայից, որ ամեն մի մանրուք թվացող բան այդ երկիրն օգտագործում է իր շահերից ելնելով, հայհոյում ենք նրանց, որ համարձակվել են… վերանորոգել ու թանգարանի վերածել Սուրբ Խաչը (ինչպիսի լկտիություն): Սա ենթադրում է, որ մենք կնախընտրեինք, որ 10-րդ դարի այդ կոթողը հիմնովին ավերվեր ու փոշիանար, միայն թե չվերանորոգվեր, թանգարան չդառնար ու որեւէ կերպ Թուրքիային օգուտ չտար: Զարմանալի է նաեւ Արտգործնախարարության ներկայացուցիչ Վ. Կարապետյանի այն միտքը, թե թուրքական իշխանությունները չեն հիշատակում այդ եկեղեցու հայկական պատկանելության մասին: Հիշեցնենք, որ Թուրքիան եկեղեցու բացման արարողությանը հրավիրել է միայն Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը: Հրավիրվել են նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Ուշադիր կարդացեք. հրավիրվել է միայն Հայաստանը, իսկ, ասենք, Տաջիկստանը կամ Նամիբիան չի հրավիրվել: Սրանից ավելի էլ ի՞նչ ենք ուզում: Մի՞թե սա չի նշանակում, որ նրանք մեզ տեր են համարում, այլապես չէին հրավիրի, կամ կհրավիրեին նաեւ ուրիշներին: Մեր ռեակցիան պարզապես վկայում է այն մասին, որ մենք ոչ թե մեր շահերով ենք առաջնորդվում, այլ Թուրքիայի հակաշահերով, այսինքն՝ մտածում ենք, որ եթե մի բան կարող է այս կամ այն կերպ օգուտ բերել Թուրքիային, ուրեմն՝ դրան մենք պետք է դեմ լինենք: Եղբայր, թող Թուրքիան հայկական պատմամշակութային կոթողներ վերանորոգելով «թոզ փչի» աշխարհի աչքին, մենք էլ միանանք, ու միասին «թոզ փչենք», եթե այդ «թոզ փչելու» արդյունքում հայկական պատմամշակութային բազմաթիվ արժեքներ կփրկվեն լիակատար ոչնչացումից, այսինքն՝ մեր եւ Թուրքիայի շահերը համադրելուց օգուտներ քաղենք, այլ ոչ թե պայքարենք յուրաքանչյուր այնպիսի բանի դեմ, ինչը կարող է Թուրքիային որեւէ ձեւով օգուտ բերել: Այդկերպ մենք նաեւ մեր դեմ ենք պայքարում: Ու թող չթվա, թե Սուրբ Խաչի բացումը Թուրքիան քարոզչական նպատակներով օգտագործում է, իսկ Հայաստանը՝ ոչ: Մենք էլ ենք դա քարոզչական նպատակներով օգտագործում, բայց ոչ թե մեր օգտին, այլ մեր դեմ՝ կեղծ ազգայնականությունը ծաղկեցնելով եւ հնարավորինս մշուշոտելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը: