Դատավճիռն ուղարկել են Փանիկ գյուղ

01/04/2007 Ռ. ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամներ Դավիթ Մաթեւոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ին Երեւանի քաղաքապետին իրազեկել էին, որ մարտի 30-ին, ժամը 17-19-ը «Ազատության» հրապարակում հանրահավաք են անցկացնելու:

Քաղաքապետի լիազոր-ներկայացուցիչն էլ հանրահավաքն արգելելու մասին որոշում էր ընդունել: Թեեւ «Այլընտրանքը» մարտի 26-ին հայտարարություն էր տարածել, որ, նկատի ունենալով վարչապետի մահը, հանրահավաքը տեղափոխում են ապրիլի 13-ին, Դ. Մաթեւոսյանն ու Ն. Փաշինյանը մարտի 30-ի հանրահավաքն արգելելու մասին քաղաքապետի լիազոր-ներկայացուցչի որոշումը բողոքարկել էին դատարանում: Հայցը դատարան է մուտքագրվել մարտի 26-ին, ժամը 9:20-ին, ինչի մասին առկա է համապատասխան փաստաթուղթ: Ըստ օրենքի, դատարանը պարտավոր էր այս հարցով վճիռ կայացնել 24 ժամվա ընթացքում, սակայն դատարանը նիստը նշանակել է մարտի 29-ին, ժամը 16:30-ին, այսինքն՝ հայցի մուտքագրումից 77 ժամ 10 րոպե անց: Բացի սա, հայցվորները դատական նիստի մասին տեղեկացվել են նիստից մի քանի ժամ առաջ, իսկ հայցվորի ներկայացուցիչն ընդհանրապես չի տեղեկացվել: Չնայած հայցվոր կողմի առարկությանը, թե իրենք ունեն գործի հետ կապված կարեւոր փաստեր, որոնք մտադիր են պարզաբանել դատական նիստի ընթացքում, դատարանն ընդունել է պատասխանող կողմի միջնորդությունը՝ արագացված դատաքննություն իրականացնելու մասին, եւ առանց հայցվոր կողմի բացատրությունները, պարզաբանումները լսելու, առանց նրան հարցեր տալու, միջնորդություններ հարուցելու հնարավորություններ ընձեռելու, հեռացել է վճիռ կայացնելու, եւ որպես հետեւանք՝ մերժել է հայցը: Դատարանի նշված ու էլի բազմաթիվ ապօրինությունների մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեցին Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Մաթեւոսյանը եւ Վահագն Խաչատրյանը: Նրանք նշեցին նաեւ, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանն էլ հրաժարվել էր վերացնել մարտի 23-ին «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքի անցկացումն արգելելու մասին Երեւանի քաղաքապետի լիազոր-ներկայացուցչի որոշումը, «չնայած դատարանում մի շարք աղաղակող փաստեր են պարզվել»: Ի դեպ, այս դեպքում էլ հայցվորներ Պետրոս Մակեյանին եւ Ն. Փաշինյանին չի հաջողվել ստանալ սույն գործով կայացված վճիռը: Ն. Փաշինյանի խոսքերով՝ ամեն անգամ մի պատճառաբանությամբ հրաժարվել են վճիռը տալուց, իսկ վերջին անգամ էլ ասել են, թե փոստով ուղարկել են: Սակայն պարզվել է, որ մի օրինակն ուղարկել են քաղաք Իջեւան՝ այն հասցեով, որտեղ գրանցված է Ն. Փաշինյանը, եւ մի օրինակ էլ ուղարկել են Փանիկ գյուղ, որտեղ էլ գրանցված է Պ. Մակեյանը: «Այլընտրանքն» արդեն քաղաքապետարանին իրազեկել է նաեւ ապրիլի 13-ին, ժամը 17-19-ն «Ազատության» հրապարակում հանրահավաք անելու իր մտադրության մասին: Երեկ «Այլընտրանքի» ներկայացուցիչները ներկա են եղել համապատասխան նիստին, որի ընթացքում քաղաքապետարանն առաջարկել է փոխել հանրահավաքի վայրը՝ նշելով, որ նշված օրը, նշված ժամին «Ազատության» հրապարակում «Գարուն-2007»-ի ծիրին մեջ տեղի է ունենալու հերթական միջոցառումը: «Այլընտրանքի» ներկայացուցիչները, համաձայն «Ժողովներ, հանարահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի, առաջարկել են նշված վայրում, նշված օրը, սակայն այլ ժամի անցկացնել հանրահավաքը (ի դեպ, նման առաջարկ ներկայացնելը քաղաքապետարանի պարտավորությունն է): «Գարուն-2007»-ի միջոցառումը տեղի է ունենալու ժամը 16-19-ը, «Այլընտրանքն» էլ պատրաստակամություն է հայտնել հանրահավաքը սկսել ժամը 19-ին, սակայն, ըստ Դ. Մաթեւոսյանի, քաղաքապետարանում ասել են, թե «գիտե՞ք ինչ, մինչեւ տեխնիկան հավաքենք, ժամանակ կանցնի»: «Այլընտրանքը» պատրաստակամություն է հայտնել հանրահավաքը սկսել այդ ժամանակն անցնելուց հետո, սակայն այս անգամ էլ քաղաքապետարանը չի համաձայնել ու առաջարկել է հանրահավաքն անցկացնել ժամը 14-ին, ինչին էլ «Այլընտրանքը» չի համաձայնել, որովհետեւ այդ ժամին նրանց համախոհների մի մասն աշխատանքի է, եւ ստիպված կլինի հանրահավաքին գալ աշխատանքի հաշվին: