Օսկանյանը պատասխանում է

01/04/2007

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ լրագրողների խնդրանքով անդրադարձավ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը եւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հոդվածին: Նա եկեղեցու բացմանն ընդհանրապես չմասնակցելուն դեմ էր: Չմասնակցելուն կողմնակից էին հատկապես դաշնակցականները: «Գիտեք, տարբեր տեսակետներ կան, բայց չմոռանանք, որ վերջիվերջո սա հայկական հուշարձան է, մեզ է պատկանում,- ասաց պարոն Օսկանյանը: -Մենք ինչ-որ մի ներկայություն այնտեղ պետք է ունենայինք, ցույց տալու աշխարհին, որ սա հայկական է, որպեսզի տուրք չտայինք թրքական պրոպագանդային: Մեր ներկայությունը, կարծում եմ, պարտադիր էր նման ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող կղզու վրա, եւ այդպես էլ արեցինք՝ ցույց տալով աշխարհին, որ մենք այստեղ ապրել ենք, դարերով ենք ապրել»: Ըստ Վ. Օսկանյանի՝ եթե Թուրքիան Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը տեղադրեր նաեւ գմբեթի խաչը, ապա բացմանը մասնակից Հայաստանի պատվիրակությունը կլիներ ավելի ներկայացուցչական: Եթե խաչը տեղադրվեր, ապա արարողությանը կմասնակցեր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Իսկ Թուրքիայի վարչապետ Աբդուլլահ Գյուլի հոդվածին ի պատասխան՝ Վ. Օսկանյանը հայտարարեց, թե ՀՀ պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է, եւ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Հիշեցնենք, որ Ա. Գյուլն օրերս տպագրվել էր հեղինակավոր «Վաշինգտոն թայմս» թերթում եւ հայկական կողմին հերթական անգամ կոչ էր արել ստեղծել ցեղասպանության հարցն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով: «Հայկական ողբերգության քաղաքականացումը» հոդվածում քննադատելով հայկական լոբբիի դիրքորոշումը` Ա. Գյուլը նշել է, որ ցավալի է նույն շրջանում թուրքերի եւ մահմեդականների կորուստների մասին հիշատակումների բացակայությունը: «1915 թվականի իրադարձությունները ճշտելու միակ հնարավորությունը գիտնականներին հարցնելն է, ովքեր օբյեկտիվ կերպով կուսումնասիրեն այդ շրջանը՝ աշխատելով բոլոր սկզբնաղբյուրների հետ: Թուրքիան իր անցյալի հետ կապված խնդիրներ չունի: Մենք Հայաստանի կողմից դրական քայլի ենք սպասում, մասնավորապես՝ համաձայնություն՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ եւ դրա եզրակացություններն ընդունելու պատրաստակամություն»,- ասել է Գյուլը: «Այսօր փակ սահման ունենալու որեւէ հիմնավորում, պատճառ չկա,- Ա.Գյուլին ի պատասխան՝ հայտարարեց Օսկանյանը: -Երկու հարեւան երկրների միջեւ նորմալ իրավիճակ կլինի, եթե սահմանը բաց լինի Թուրքիայի կողմից: Միայն սահմանի բացումից հետո հնարավոր կլինի այլ հարցերի շուրջ երկխոսություն սկսել եւ կառուցողական ընթացք տալ այդ բոլորին»: