Երեկ ավարտվեց մայիսի 12-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետը: ԿԸՀ դիմած 28 քաղաքական ուժերից երեքը երեկ այդպես էլ փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ: Դրանք են` Հովհաննես Հովհաննիսյանի՝ Առաջադիմական, Վազգեն Սաֆարյանի` Առաջադիմական միացյալ կոմունիստական եւ Արշակ Բակլաչյանի` «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Ի դեպ, երեկ ԲՀԿ-ն, «Իմպիչմենտը», ՕԵԿ-ը, ՄԱԿ-ը եւ «Ժառանգությունը» ԿԸՀ են ներկայացրել նաեւ իրենց կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանք ԿԸՀ-ն կուսումնասիրի եւ գրանցել կամ չգրանցելու մասին որոշում կկայացնի ապրիլի 2-7-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա` Սամվել Բաբայանը կգրանցվի՞, թե՞ ոչ: Սակայն մեր տեղեկություններով, թիվ 37 ընտրատարածքից իր թեկնածությունը Ս. Բաբայանը հանել է հենց այդ պայմանավորվածությամբ, որ իրեն թույլ են տալու համամասնական ընտրակարգով մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: