Երեկ հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Սա բոլորովին էլ չափազանցություն չէ, որովհետեւ սգո արարողության ժամանակ հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ: Եկել էին ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից ու ամենահեռավոր գյուղերից, այն մարդիկ, որոնց հետ մարզեր, դպրոցներ, հիմնարկներ կատարած այցերի ժամանակ հանդիպել եւ զրուցել է վարչապետը:
Վարչապետի դին առավոտյան Ավանի իր բնակարանից տեղափոխվեց Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ, որտեղ էլ տեղավորվեց սպիտակ զրահամեքենայի վրա: Վարչապետին վերջին հրաժեշտը տալու համար կուսակցության գրասենյակի մոտ հավաքվել էին կուսակից ընկերները, պաշտոնյաներ, պատգամավորներ, գործընկերներ եւ համակիրների մեծ բազմություն: Անդադար տեղացող անձրեւը եւ ցուրտը չէին խոչընդոտել, որ նրա համակիրները դրսում սպասեին վերջին հրաժեշտը տալուն: Սգո թափորը Կուսակցության գրասենյակի մոտ մի քանի րոպե սպասելուց հետո շարժվեց Կառավարության շենքի մոտ: Այդտեղ նույնպես մեծ բազմություն էր հավաքվել: Սգո թափորը մի քանի րոպե կանգ առավ նաեւ Հանրապետության հրապարակում, որը արարողության երկրորդ կանգառն էր, եւ Ամիրյան ու Մաշտոցի պողոտաներով շարժվեց դեպի Օպերայի եւ բալետի պետական թատրոն, որտեղ էլ պետք է տեղի ունենար հրաժեշտի վերջին արարողությունը: Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտից մինչեւ Ամիրյան փողոց վարչապետի դին ոտքով ուղեկցում էր կառավարության գրեթե ողջ կազմը՝ Սերժ Սարգսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը, մարզպետներ, թաղապետեր ու քաղաքապետեր, պատգամավորներ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չկար ուղեկցող թափորի մեջ, եւ նրա բացակայությունը խիստ նկատելի էր: Անվտանգությունը պահպանող ոստիկաններից, լրագրողներից մինչեւ սովորական քաղաքացին հարցնում էին, թե ինչո՞ւ չկա Ռ. Քոչարյանը: Հրապարակից մինչեւ Օպերայի շենք տանող փողոցների երկու կողմերում հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, ովքեր միանում էին սգո թափորին: Այդ ամբողջ ընթացքում փողոցների շենքերի բնակարանների պատուհաններից այդ արարողությանն էին հետեւում բազմաթիվ բնակիչներ: Դիակառքի մոտենալու ժամանակ շենքերի բնակարանների պատուհաններից նույնիսկ ծաղիկներ էին նետում: Սգո թափորին մի հոծ բազմություն էլ դիմավորեց Օպերայի բակում: Ազատության հրապարակը երկար ժամանակ այդքան շատ մարդ չէր ընդունել: Մոտ ժամը 13:00-ին Օպերայի շենքում սկսվեց վարչապետի հրաժեշտի վերջին արարողությունը:
Անհնար էր գնահատել, թե որքան մարդ էր եկել Ա. Մարգարյանին հրաժեշտ տալու, բայց նրանցից ոչ բոլորին հաջողվեց ներս մտնել: Այդ երկու ժամերը չբավականացրին բոլորին ներս թողնելու համար: Օտարերկրյա հյուրերը, բարձրաստիճան պաշտոնյաները եւ Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչները առաջնահերթության կարգով մասնակցեցին հրաժեշտի արարողությանը: Եվ եթե պետական կառույցների եւ դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներն ինչ-որ իմաստով՝ պարտականություն էին կատարում, ապա հասարակ ժողովուրդն իսկապես եկել էր հրաժեշտ տալու: Մարդկանց այդ հսկա բազմության մեջ շրջելով հասկանում էիր, որ նրանք եկել են ոչ թե հետաքրքրության համար, այլ անկեղծորեն սգալու, իրենց սիրո եւ հարգանքի վերջին հնարավորությունը դրսեւորելու: Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ներկայությունից հասկանալի էր, որ Անդրանիկ Մարգարյանը ժողովրդի կողմից ընդունված ղեկավար էր, մեծ ժողովրդականություն վայելող գործիչ էր: Անկեղծ ասած, նրա կենդանության ժամանակ քչերն էին դա ամբողջությամբ գիտակցում: Եվ հատկանշական է, որ Օպերայի շենքում մարդիկ բարեւելիս նաեւ միմյանց ցավակցում էին:
Գրող, լրագրող Վանիկ Սանթրյանն Ա. Մարգարյանի քենակալն է: Պարզ է, որ նա շատ անգամներ է շփվել վարչապետի հետ ու կարողանում է նրան բնութագրել ոչ միայն մարդու, այլ ղեկավարի ու պետական գործչի տեսանկյունից:
«Զարմանալի բան էր՝ նրա համար նշանակություն չուներ, որ ինքը վարչապետ էր,- ասում է Վ. Սանթրյանը: -Նա ուներ զարմանալի հատկություն՝ դիմացինին լսելու ունակություն: Դա շատ մարդկային է, ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմացինին լսել: Մարդը հետդ խոսում է, բայց քեզ չի լսում: Նա ուշադիր էր բոլոր հարաբերություններում՝ մարդկային, ընկերական, գործնական, ընտանեկան: Եվ ինչպես էր սիրում իր ընտանիքը, ապշում էիր: Մենք երբեմն հանդիպում, զրուցում էինք, եւ միշտ իմ կռիվը նրա հետ մեկն է եղել՝ բարձրացրեք կենսաթոշակը: Ասում էր՝ ինչքան կարողանում ենք՝ անում ենք, ես չե՞մ ուզում, որ մեր թոշակառուները լավ լինեն: Այնքան բան են ինձ պատմում՝ իմանալով, որ քենակալն եմ: Էնպիսի պատահական մարդկանցից եմ լսել, որ իրենց օգնել է: Քանի որ ես երկար տարիների լրագրող եմ, սկսած համայնավարական շրջանից շփվել եմ Հայաստանի շատ ղեկավարների հետ: Անուններ չեմ տա, բայց գիտեմ կարկառուն ղեկավարների, ովքեր իրենց կյանքում մի մարդու չեն ընդունել: Անդրանիկն այդպես չէր: Փողոցում էլ մոտենային, կկանգներ, կլսեր եւ վռազ կկարգադրեր լուծել: Հիմա իմ արվեստագետ ընկերների հետ մեր պարտքն ենք համարում՝ նրա հիշատակին մի լավ ժողովածու պատրաստենք»:
Շատերն էին հավաստիացնում, որ Ա. Մարգարյանն արվեստագետներին ընդունել եւ հովանավորել է: Նրանք ցավով էին խոստովանում, որ մշակույթը կորցրեց իր մեծ բարեկամին ու բարերարին: «Ինչպիսի սիրով ու մտահոգությամբ որ մոտենում էր մշակույթին, հազվադեպ է լինում մեր իրականության մեջ,- ասում է Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: -Երեւի Աստված մեզ շատ համարեց: Կարող եմ ասել, որ երեկ կառավարությունից ստացանք դպրոցականի ֆիլհարմոնիա հիմնելու մասին իր ստորագրությամբ վերջին որոշումը: Եթե չլիներ վարչապետի բարի կամքը եւ համառությունը, այդ որոշումը չէր լինի: Այդ որոշման նպատակը մեր սերունդը կրթելն է, որպեսզի վաղը մեր թատրոնը, մեր հանդիսասրահը, մեր հանդիսատեսը պակաս չլինի: Մենք մի ամբողջ սերունդ կորցրինք, որը մեծացավ ռաբիսի ու կորցրած երաժշտության արանքում: Դպրոցականի ֆիլհարմոնիան նրա բազմաթիվ մնայուն գործերից մեկը կլինի: Եվ այն երեխաները, ովքեր առաջին անգամ եւ շարունակական կգան դասական երաժշտություն լսելու, ներկայացում դիտելու, նրանք բոլորը վարչապետի բարի մտահոգության պտուղները կքաղեն: Իսկ ինչ վերաբերում է թատրոնին, վարչապետի շնորհիվ այնքան ներկայացումներ այս տարիներին կյանք ստացան: Երբեմն նա կարծես չեղած տեղից գումար էր գտնում եւ հերթական ներկայացումը դարձնում էր իրականություն: Մշակույթը կորցրեց իր դարդը հասկացողին եւ այդ դարդը դարման անողին»:
«Ինձ թվում է՝ ինչ-որ մի բան պակասեց, բարիության մի հսկա մասսա պակասեց մեր ազգից,- ասում է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: -Մեզանից հեռացավ իսկապես հայ, բարի, մարդասեր անձնավորություն, գյուղացուն օգնողը: Մեզանից հեռացավ մեծ անձնավորություն, մեծ հայ, մեծ քաղաքական գործիչը: Էնպես որ, իմ վրա շատ է ազդել: Երբ որ տեսնում ես նրա արած գործերը, ափսոսում ես, որ այսուհետ նա շատ ավելի մեծ գործեր կաներ մեր ժողովրդի համար: Նրա գործերի արժանի գնահատականն ավելի հետո կլինի»:
Անդրանիկ Մարգարյան գործչին բարձր էին գնահատում նաեւ օտարերկրյա դիվանագետները: «Ես պետք է ասեմ, որ Ա. Մարգարյանը մեզնից հեռանում է, բայց հեռանում է որպես հաղթող: Որովհետեւ երբ որ պատանի էր, նա երազում էր անկախ Հայաստանի մասին: Նա հնարավորություն ունեցավ տեսնելու իր երազը, եւ ոչ միայն տեսնելու, այլ աշխատելու անկախ Հայաստանի համար»,- ասում է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
Այս օրերին բազմիցս է ասվել, որ վարչապետը հավասարակշռող ուժ էր իշխանության եւ ընդդիմադիր թեւերի միջեւ: Այդ մասին ասել են գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները, նաեւ բազմաթիվ պաշտոնյաներ: Նրանք փաստում էին, որ Ա. Մարգարյանը տարբեր տիպի հարաբերություններում կարողանում էր ճիշտ մոտեցումներ դրսեւորել, կարողանում էր կայուն պահել իրավիճակը: Եվ պետական գործչի այդ հատկանիշների շնորհիվ է, որ նա կարողացել է 7 տարի պաշտոնավարել:
«Պետության ներսում ամենադժվարին պահերին հավասարակշռության կռվան էր,- ասում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: -Իր կորուստն այսօր բաց է թողնում մի ամբողջ դաշտ, եւ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը դասեր քաղի այս կորուստից, վերարժեւորի իր մոտեցումն իր հայրենակիցների նկատմամբ: Հուսով եմ, որ իր հեռացումը նաեւ մեզ կենդանի իմաստավորում եւ խթան կհանդիսանա, որպեսզի մենք կարողանանք մեր սերունդներին իրացնել քաղաքացու ազատության, ազգի շահը եւ պետության անվտանգության եռամիասնությունը: Ինքն ամբողջապես մարմնավորում էր այդ եռամիասնությունը: Եվ երբ անձը կրում է դրական հատկանիշներ, իր կորուստն իսկապես համակարգային ազդեցություն է թողնում: Ես հավատացած եմ, որ իր պատկերացրած, իր երազած, իր տենչած Հայրենիքը սա չէր: Սա հիմքն էր»:
Անդրանիկ Մարգարյանի պակասն անշուշտ կզգացվի նաեւ հիմա, քանի որ առաջիկայում բարդ ընտրություններ են սպասվում: Քաղաքական գործիչները կանխազգում են, որ նրա բացակայությունը պատճառ կդառնա, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում վերադասավորումներ եւ վերարժեւորումներ տեղի ունենան: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները բավականին բուռն ու լարված են լինելու: Նրա մահից հետո սպասվում է, որ այդ լարվածությունն էլ ավելի է սրվելու: Իսկ բոլոր այս կանխազգացումներն ու ենթադրություններն ապացուցում են, որ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի քաղաքական կյանքում խիստ կարեւոր եւ որոշիչ դեր ուներ: Եվ, որ նրա բացակայությունը շատ ծրագրերի եւ զարգացումների ընթացքը կտրուկ փոխելու է:
Հ.Գ. Ի դեպ, բավականին հետաքրքիր եւ խորհրդանշական նկար էր փակցված Օպերայի շենքի ճակատին: Նկարում նա շրջվել եւ նայում էր հեռացող թաղման թափորին: