Այս տարվա փետրվարին ավարտվեց «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհային իրավունքը միջազգային ելքի (ինտերնետ կապ) ոլորտում: Սա նշանակում է, որ տեղական պրովայդերներն «ԱրմենՏելի» մալուխային ցանցի վարձակալությամբ դեպի Վրաստան ինտերնետի ելքի հնարավորություն են ստանում, որից հետո իրենք էլ որոշում են, թե եվրոպական որ կազմակերպությունից ինտերնետ կապ գնեն: Շուկան ազատականացված է նաեւ արբանյակային ինտերնետի պարագայում: Սակայն մասնագետների գնահատմամբ՝ արբանյակային կապը մալուխային կապի համեմատ այնքան էլ հուսալի չէ, բացի այդ, այն նաեւ թանկ «հաճույք» է համարվում: Բոլոր դեպքերում հույսը միայն մալուխային ցանցի վրա դնել չի կարելի: Սեփական երկրից բացի, մալուխային գծերում երբեմն անսարքություններ են հայտնաբերվում Վրաստանի տարածքում, ինչը նշանակում է «ինտերնետի կաթված» ամբողջ Հայաստանի համար: «ԱրմենՏելին» որպես այլընտրանք՝ բոլորովին վերջերս շուկայում հայտնվեց «Ֆայբերնետ» ընկերությունը: Այս ընկերությունը 25 տարի ժամանակով վարձակալել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ մալուխային ցանցը եւ պատրաստվում է շուկա մտնել՝ գործի դնելով սակագների իջեցման քաղաքականությունը: «Հայկական երկաթուղու» մալուխային ցանցի պատմությունն ածանցվում է ՏՐԱՍԵԿԱ ծրագրից, որն, ինչպես հայտնի է՝ ՀՀ-ով այլեւս իրականացման ենթակա չէ: Միջազգային դոնոր կազմակերպության կողմից տրամադրված վարկային միջոցներով Վրաստանի սահման-Երեւան ձգվող մալուխային գիծը մոտ 300 կիլոմետր է, որի 1 մետրի շինարարության համար ծախսվել է մոտ 20 դոլար: Փակ բաժնետիրական ընկերության ներքին կանոնադրությունը թույլ է տալիս առանց մրցույթի անցկացման իր տնօրինած գույքը վարձակալական հիմունքներով հանձնել այս կամ այն ընկերությանը, ինչպեսեւ այս դեպքում վարվել է «Հայկական երկաթուղին»: Ինչպես հայտարարել է «Ֆայբերնետ» ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանը (ով մինչեւ վերջերս ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության հեռահաղորդակցության գործակալության պետն էր) ապրիլի 1-ից իրենց կողմից սահմանված սակագները 60 տոկոսով ցածր են լինելու «ԱրմենՏելի» սահմանած հաշվարկային արժեքից: Մինչ այս կամ այն հայտարարության իրողություն դառնալը փորձենք ուրվագծել ինտերնետ դաշտի սակագնային հեռահար «պատերազմը»:
«ԱրմենՏելի» ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ 2 մեգաբիթ վայրկյան (Մբթ/վրկ) թողունակությամբ կապուղու գինն ամսական սահմանված է 7 մլն 608 հազար 300 դրամ: Իսկ «ԱրմենՏելի» ինտերնետին միանալու փաստացի թողունակությունը մոտ 68 Մբթ/վրկ է կազմում` գծի ընդհանուր հնարավորությունը 622 մեգաբիթ է: Սա նշանակում է, որ «ԱրմենՏելի» կապուղիների վարձակալության ամսական եկամուտը գնահատվում է 70մլն դրամ, կամ տարեկան եկամուտը՝ 800մլն դրամ: «ԱրմենՏելն» ունի նաեւ ինտերնետային բազում հնարավորություններ, եւ այս թվաբանությունը տվյալ ոլորտները չի ներառում: Ինչպես տեսնում ենք, «ԱրմենՏելը» տիրապետում է մեծ ռեսուրսների, առավել եւս, երբ երկրորդ օպերատորի հզորությունները չեն գերազանցում իր հնարավորությունները: Շուկայում ունենք արդեն երկրորդ օպերատորը, ի դեմս «Ֆայբերնետի», որի գծի թողունակությունն ընկերության տնօրեն Արմեն Խաչատրյանը գնահատում է 622 Մբթ/վրկ: Պրն Խաչատրյանը խուսափեց նշել փաստացի թողունակության մասին, որը մեր տվյալներով՝ 45 Մբթ/վրկ է կազմում, «ԱրմենՏելի»՝ 68 Մբթ/վրկ-ի համեմատ: Մեր կոպիտ հաշվարկներով՝ «Ֆայբերնետը» 60 տոկոսով սակագների իջեցման դեպքում կարող է ակնկալել «ԱրմենՏելի» ստացած եկամուտների ճիշտ կեսը: «Ֆայբերնետի» 1 Մբթ/վրկ-ի ամսական սակագինն, ըստ ընկերության տնօրենի, սահմանվել է 1մլն 277 հազար դրամ: Եթե այս թիվը բազմապատկենք երկուսով, քանի որ «ԱրմենՏելի» սակագները 2 Մբթ/վրկ-ի հաշվարկով են, ապա կստանանք 2մլն 554 հազար դրամ: Կրկին հիշեցնենք, որ «ԱրմենՏելի» նույն ծառայությունը 7 մլն 608 հազար 300 դրամ արժե: «ԱրմենՏելի» հետագա վարվելակերպի մասին դժվար չէ ենթադրություններ անելը: Մեծ ռեսուրսների տեր այս ընկերությունը կընդունի «մարտահրավերը» եւ կարող է «Ֆայբերնետի» առաջարկած սակագնից ցածր սակագին սահմանել: Կդիմանա՞ արդյոք «Ֆայբերնետն» «ԱրմենՏելի» հետ մրցակցությանը. մեր այս հարցին Ա. Խաչատրյանի պատասխանը կարճ էր` կապրենք՝ կտեսնենք… Չնայած ընկերությունների ունեցած գրեթե անսահմանափակ հնարավորություններին, տեղական շուկայի պահանջարկի ծավալն ընդամենը 20 Մբթ/վրկ է գնահատվում: Այս դեպքում իսկապես անհասկանալի է դառնում «Ֆայբերնետի» ստեղծման մոտիվը, եթե շրջանառվող որոշ լուրեր չառնչվեին Հայաստանի աշխարհաքաղաքական շահերին:
Մեր տեղեկություններով՝ «Ֆայբերնետը» մտադիր է մալուխալար անցկացնել մինչեւ Իրանի սահման: Այս տեղեկությունը չհերքեց նաեւ Ա. Խաչատրյանը: Այս ծրագրի նպատակն է՝ միանալ Տրանս-Ասիա-Եվրոպա (ՏԱԵ) համակարգին: «Ֆայբերնետի» տնօրենն ասում է, որ այս մասին դեռեւս ընդամենը խոսակցություններ են եղել, իսկ ծրագրի գնահատման, շինարարության աշխատանքների մասին խոսելը դեռ վաղաժամ է: Ընթերցողին պարզ լինելու համար մանրամասնենք, որ ՏԱԵ մալուխային ցանցը Հնդկաստան-Չինաստան-Իրան-Թուրքիա երկրներով անցնում է դեպի Եվրոպա: Տարածաշրջանում խաչմերուկ դառնալու մեր պետական այրերի վաղեմի երազանքն իրողություն կդառնա, եթե «Ֆայբերնետը» կարողանա աշխարհաքաղաքական այս ծիրում դեպի Եվրոպա որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկել Հայաստան-Վրաստան տարբերակը:
Եթե առաջադրված խնդրից «Ֆայբերնետը» գլուխ հանի, թերեւս այս գնով կարելի է գլխի ընկնել, թե ո՞ւմ բիզնեսն է այն: