Հայաստանի Հանրապետության 10-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պաշտոնը ստանձնեց լարված քաղաքական իրավիճակում եւ այդ պաշտոնում մնաց մոտ 7 տարի։ Այս տեղեկատվությանը կարելի է հանդիպել գրեթե բոլոր արտասահմանյան ԶԼՄ-ներում, որոնք շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Անդրանիկ Մարգարյանի մահվան թեման։
Ընդ որում, թե՛ ցավակցական ուղերձներում, եւ թե՛ օտարերկրյա ԶԼՄ-ներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նրա մարդկային որակներին։ Եվ հիմնականում հենց դրանով էլ բացատրում են, որ Ա. Մարգարյանը հավասարակշռող դեր էր կատարում ինչպես իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում՝ հարգանք վայելելով գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի մոտ, այնպես էլ հենց իշխանության ներսում։
«Կարո՞ղ է արդյոք Հայաստանի նախագահը գտնել այնպիսի դրական վարչապետ, ինչպիսին Անդրանիկ Մարգարյանն էր»,- գրում է Ceskenoviny չեխական ինտերնետային լրատվամիջոցը։ Բուլղարական «News.ibox»-ը Ա. Մարգարյանի մահը համարում է ողբերգություն՝ ողջ հայ ժողովրդի համար։
Լեհական «Gazeta Wyborcza»-ն գրում է. «Անդրանիկ Մարգարյանն իր ժողովրդի արժանի զավակն էր»։
Գրեթե բոլոր արտասահմանյան լրատվամիջոցները որպես մահվան պատճառ ընդունում են պաշտոնական տեսակետը՝ սրտի կաթված։ Իսկ լեհական «Rzeczpospolita»-ն կարծիք է հայտնել, որ դրա պատճառ կարող է հանդիսացած լինել առաջիկա ընտրությունների հետ կապված լարվածությունը։
Այս ֆոնի վրա, իհարկե, տարբերվում են ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք իբր փորձել են սկանդալային բնույթի տեղեկություններ հրապարակել։ Մասնավորապես, Day.az ադրբեջանական կայք-էջը «Հայաստանի վարչապետի վաղաժամ մահվան գաղտնիքը» խոսուն վերնագրով «վերլուծություն» է հրապարակել, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Ա. Մարգարյանի մահը ձեռնտու էր շատ կոնկրետ մարդկանց։ Հետաքրքիրն այն է, որ «վերլուծաբանները» հղում են անում «վարչապետին մոտ կանգնած անձանց» եւ հարազատներին, երբ ասում են, որ վերջին շրջանում Ա. Մարգարյանը բազմաթիվ սպառնալից հեռախոսազանգեր է ստացել։ Իսկ զանգերի հեղինակներն, իբր, պահանջել են Ա. Մարգարյանից ժամկետից շուտ հրաժարական տալ վարչապետի պաշտոնից։
Ինչեւէ, այս հրապարակման իրական նպատակը ոչ թե ընթերցողներին գրավելն է, այլ որքան հնարավոր է՝ նպաստել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրմանը։
Ի դեպ, բավական հետաքրքիր է հետեւել, թե ադրբեջանական ինտերնետ-ֆորումներում ինչպես է քննարկվում Ա. Մարգարյանի մահվան թեման։ Ադրբեջանցիները փորձել են պատասխանել այն հարցին, թե վարչապետի մահն ինչպես կազդի ներհայաստանյան զարգացումների վրա։ Դատելով պատասխաններից, կարելի է ասել, որ նրանք բավական լավ ծանոթ են թե՛ մեր ներքաղաքական կյանքին, թե՛ մեր սահմանադրական դրույթներին։ Եվ կարծիքների մեջ գերակշռում է այն տեսակետը, որ իրենց առնչվող մասով ոչինչ չի փոխվի։
Արտաքին քաղաքականության փոփոխությունների հավանականությունը ցածր են գնահատում գրեթե բոլոր ԶԼՄ-ները՝ ընդգծելով, որ ՀՀ սահմանադրության համաձայն, արտաքին քաղաքականության գիծը որոշում է երկրի նախագահը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ապա, օրինակ, ռուսական «Իզվեստիան» գրում է. «Երկրի քաղաքական լիդերներից մեկի անսպասելի մահն ամենայն հավանականությամբ կարագացնի Հայաստանի քաղաքական իրավիճակի սրման՝ հետզհետե թափ առնող գործընթացը»։ Թերթի կարծիքով, ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե իշխանամետ ո՛ր կուսակցությունն ավելի շատ ձայն կհավաքի՝ ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն։ «Դա՝ այն դեպքում, եթե ընտրություններն անցնեն խաղաղ, սահմանադրական կարգով։ Սակայն Հանրապետական կուսակցության առաջնորդի մահը սրում է այս ինտրիգը։ Չի կարելի բացառել, որ ընդդիմությունը կփորձի «նարնջագույն» սցենար իրագործել»,- գրում է «Իզվեստիան»։
Կարծիքներ են հնչում նաեւ, որ Անդրանիկ Մարգարյանի մահը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀԿ-ի ձայների վրա, քանի որ վարչապետը մեծ հեղինակություն էր վայելում։
Ռուսական ԶԼՄ-ներին, այդուհանդերձ, ավելի շատ մտահոգում է, թե ինչպիսին կլինեն զարգացումները՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից։ Ինչպես հաղորդում է «Lenta.ru» ինտերնետային լրատվամիջոցը, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Անդրանիկ Մարգարյանի մահը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։ «Միեւնույն ժամանակ փորձագետը գտնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ փոփոխությունների սպասել պետք չէ։ Մարկեդոնովի կարծիքով, Հայաստանի յուրաքանչյուր հաջորդ առաջնորդը լինելու է պակաս ռուսամետ եւ վարելու է ավելի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, սակայն Ռուսաստանի նկատմամբ «վեկտորի փոփոխություն» չի լինի»,- գրում է «Lenta.ru»-ն։
«RBK Daily»-ն, սակայն, չի կիսում այդ տեսակետը։ Թերթը նշում է, որ Հայաստանի վարչապետները մահանում են ամենաանհանգիստ պահերին՝ հիշեցնելով Վազգեն Սարգսյանի սպանությունը։ «1999-ի աշունը մի ժամանակաշրջան էր, երբ թեժ պայքար էր գնում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը որոշելու հարցում. Ռուսաստանում իշխանությունը փոխվեց, եւ շատ ուժեր՝ երկրում եւ երկրի սահմաններից դուրս, փորձեցին օգուտ քաղել դրանից։ 2000թ. մայիսին, երբ Անդրանիկ Մարգարյանը գլխավորեց կառավարությունը, ՌԴ նախագահն արդեն Վլադիմիր Պուտինն էր, եւ պաշտոնական Երեւանի ռուսամետ վեկտորը կայունացավ»։ «RBK Daily»-ն նշում է, որ Ասիա-Եվրոպա տրանսպորտային միջանցքի կառուցման հետ կապված՝ 2006-2007թթ. Հայաստանը կրկին հայտնվեց մեծ տերությունների ուշադրության կենտրոնում։ «Չնայած ռուս ներդրողների կողմից հայկական ակտիվների ձեռքբերմանը, Ռուսաստանի հետ ընդհանուր սահմաններ չունեցող Հայաստանի համար գնալով ավելի դժվար է դառնում մնալ ՌԴ դաշնակից։ Երեւանի բարձր ներկայացուցիչներն ավելի հաճախ են ակնարկում արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության մասին»,- գրում է թերթը՝ նշելով, որ դա հիմնականում կախված կլինի կառավարության նոր ղեկավարից. «Հայաստանում այդ պաշտոնը քիչ լիազորություններ ունի, սակայն այն լավ մեկնարկ է՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար»։ «RBK Daily»-ն, որպես Ա. Մարգարյանի իրավահաջորդ, նշում է առաջին հերթին Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։
Նույնպիսի կարծիք է հայտնում նաեւ «Թջչս՚Պ»-ը։ Թերթը մեջբերել է Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի խոսքերը. «Հայաստանի քաղաքական կյանքի փոփոխությունները շատ արագ կատարվեցին։ Կյանքից հեռացավ ոչ միայն երկրի վարչապետը, այլ իշխող կուսակցության ղեկավարը»։ Զատուլինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կայունությունը կախված է նրանից, արդյո՞ք Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, թե՞ ոչ։ «Եթե նախագահ Քոչարյանը ցանկանում է պահպանել երկրի կայունությունը, ապա Սարգսյանի ընտրությունը ճիշտ որոշում կլինի։ Իսկ եթե երկրի ղեկավարը փոխի իր միտքը, դա կնշանակի միայն մեկ բան՝ իշխանությունը կոնսենսուսի չի եկել»,- ասել է Զատուլինը։
Ռուս պատգամավորը նշել է, որ հանրապետականները հստակ պլաններ ունեն, որոնց մեջ մտնում է կառավարություն ձեւավորելը, խորհրդարանում ներկայացված լինելը եւ վերջապես՝ նախագահի պաշտոնում սեփական թեկնածու առաջադրելը։ «Վարչապետի մահն ապագա խորհրդարանական ընտրությունները զրկեց որեւէ ինտրիգից։ Նախագահը պետք է մայիսից շատ առաջ կողմնորոշվի՝ ում վրա ինքը պետք է հենվի»,- Զատուլինի խոսքերը մեջբերել է «Թջչս՚Պ»-ը։