«Սոլիդ» մոտեցում՝ ինքնակամ կառույցներին

10/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետի 27.02. 2003թ. 379 -1 որոշմամբ գործող՝ Երեւանի վարչական սահմաններում գտնվող ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակը որոշող հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեցին փետրվարի 23-ին: Հանձնաժողովը վերջնական արդյունքները դեռ չի ամփոփել: Փետրվարի 10-ի դրությամբ, ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանմունքներից ստացվել է 24.552 հայտ, որից 5463-ը 2003 թվականին, 11.575-ը՝ 2004-ին: 2005 թվականին ստացվել է 7514 հայտ: Հանձնաժողովի աշխատանքային վերջին մի քանի օրերին կադաստրի տարածքային ստորաբաժանումներում ասեղ գցելու տեղ չկար: Անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի ստորաբաժանումում «քաղաքացիները սպասարկվել են 6 պատուհանից», անգամ գլխավոր հաշվապահն էր դիմումներ ընդունում: Նույն պատկերն էր նաեւ մյուս ստորաբաժանումներում: Քաղաքացիները հիմնականում բողոքում էին, որ տեղյակ չեն եղել դիմումների ընդունման վերջնաժամկետից, այդ մասին իմացել են հիմնականում վերջին օրը՝ հարեւան-բարեկամներից: Վերջին օրով աշխատում էին գոնե դիմումները հանձնաժողովին հասցնել, որովհետեւ ոչ ոք տեղյակ չէր՝ ինչ պետք է անի ուշացած դիմումատուն, անգամ չգիտեին՝ ում դիմել տեղեկանալու համար: Կադաստրի Էրեբունու ստորաբաժանմունքում քաղաքացիներից մեկը պատմեց, որ իր դիմումը չեն վերցնում թաղապետարանից տրվող՝ կառույցի թույլտվությունը հաստատող փաստաթղթի բացակայության պատճառով. «Վերջին օրով պատկերացրեք քանի հոգի կարող են նման պրոբլեմ ունենալ: Իսկ թաղապետարաններում նման թղթարարական աշխատանքները հայտնի է՝ ինչպես են սիրում ձգձգել»: Թեեւ հանձնաժողովի աշխատակիցները քաղաքացուն առաջարկել էին 15 րոպեում թաղապետարանից այդ թուղթը հասցնել ու կցել դիմումին, եթե վերջինս վճարի 50 դոլար:

Քաղաքացիների դիմումների եւ հաճախումների կտրուկ աճի պատճառով ստեղծված լարումը կանխելու նպատակով քաղաքապետարանը հանձնաժողովի աշխատանքներին օժանդակող հատուկ հերթապահ աշխատանքային խումբ էր ստեղծել: Եվ թեեւ օրեր առաջ քաղաքապետարանի լրատվական ծառայությունը ծանուցել էր, որ լրատվամիջոցներն անհրաժեշտ տեղեկատվություն կամ պարզաբանումներ կարող են ստանալ խմբում ընդգրկված քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչներից, սակայն իմ եռօրյա անընդմեջ հեռախոսազանգերն ու այցելությունները կադաստրի ստորաբաժանումներ ապարդյուն անցան. հանդիպում էի միայն դիմումատուների հսկա բանակի, որը չգիտեր իր դիմումից հետո իրեն ինչ է սպասվում: Նրանք մի սենյակից մյուսն էին վազվզում ուսերը թափ տալով ու համոզված, որ այդ պահին կարեւորը դիմումը տեղ հասցնելն է, հաջորդ քայլը «մաղարիչով» է պայմանավորված: Կադաստրի Արաբկիրի ստորաբաժանման ղեկավար Ս. Շահբազյանը պարզաբանեց, որ դիմումների հանձնումից հետո, աշխատանքային 5 օրվա ընթացքում, դրանք կուղարկվեն քաղաքապետարան: «Այնուհետեւ թաղապետարանների, քաղաքապետարանի եւ սեյսմիկ կայանի կողմից հատ-հատ կստուգվեն ինքնակամ շինությունները, եւ եթե համապատասխանեն ճարտարապետաշինարարական նորմերին, կօրինականացվեն»,- ասաց Ս. Շահբազյանը: Քաղաքացիները «Ճարտարապետաշինարարական նորմ» ասելով, բնականաբար, հասկանում էին «մաղարիչը», որովհետեւ ուրիշ նորմի հետ նրանք մինչ այս չեն առնչվել եւ վստահ են, որ ոչ մի հանձնաժողով ի վիճակի չի քանդել մի ամբողջ շենքի «բալկոնային» կցակառույցը կամ «հարեւան պուզատու գարաժը»:

Հանձնաժողովի աշխատանքներին օժանդակող հատուկ հերթապահ խմբի աշխատանքը համակարգող, քաղաքապետ Ե. Զախարյանի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը խորհուրդ տվեց «քաղաքացիների մաղարիչները մեզ պահել», իսկ ինքը խոստացավ մի քանի օրից անպայման մեզ համար հստակեցնել «ճարտարապետաշինարարական նորմերը», որովհետեւ իրենց համար էլ է «կարեւոր լիարժեք ինֆորմացիայով, «սոլիդ» հոդվածի տպագրումը»: Իսկ ինչ վերաբերում է այս գործընթացից անտեղյակ ինքնակամ կառույցների տերերին, նրանց վերաբերյալ «օրենսդիր մարմինը դեռ ոչինչ չի որոշել»: