Տաքսիների վարորդների հետ այս շաբաթ զրուցելիս չէինք կարող չխոսել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին: Որեւէ այլ թեմայով զրուցելն անհնար էր: ՀՀ վարչապետի մահը խորապես ազդել է բոլորի վրա: Մեր զրուցակիցները բոլորն էլ հուզմունքով եւ ափսոսանքով էին խոսում վարչապետի մասին, իսկ ոմանք էլ իրենց թույլ էին տալիս շատ անկեղծանալ:
«Մենք դատապարտված ենք կարգին լիդերներին կորցնելու»
Վարորդ Լեւոնը համոզված լինելով, որ իր իրական անունը չենք հրապարակելու՝ ազնվորեն խոստովանում է. «Բացի նրանից, որ մեծ ցավ եմ ապրում՝ նաեւ ամաչում եմ: Ամաչում եմ, որովհետեւ մենք՝ հայերս, զզվելի բնավորություն ունենք: Մենք վախենում ենք մեր սիրելի մարդկանց լավ բան ասել, վախենում ենք բարձրաձայն խոսել մեր սիրած մարդկանց մասին: Իսկ օրինակ՝ մեր չսիրած մարդկանց հանգիստ քննադատում-հայհոյում ենք: Ես ամաչում ու ափսոսում եմ, որ սիրել ենք Անդրանիկ Մարգարյանին, բայց վախեցել ենք նրան գովել, ճիշտ է՝ չենք քննադատել, բայց լավ բան էլ չենք ասել: Չգիտեմ՝ մյուսներն ինչպես, բայց ես չափազանց հարգանքով, պատկառանքով եմ միշտ նրան վերաբերվել: Շատ եմ ափսոսում, որ նրան կորցնելուց հետո ենք խոստովանում, որ յուրահատուկ էր ինքը, իսկ կենդանության օրոք ուղղակի լռել ենք: Ես սա ձեզ անկեղծ եմ ասում եւ չեմ ուզում մտածեք, թե քծնում եմ»,- ասում է Լեւոնն ու հիշեցնում «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունը: «Նույն ապրումները ես ունեցել եմ հոկտեմբերի 27-ին: Ես չգիտեմ, երեւի մենք դատապարտված ենք կարգին լիդերներին կորցնելու: Դեմիրճյանի ու Սարգսյանի մահն էլ իմ մեջ խորը հետք թողեց, իսկ Մարգարյանինն՝ առավել եւս: Երբ որ նրանց սպանեցին, ես էնքան ատելությամբ էի լցվել, որ մենք չկարողացանք նրանց թիկունքին կանգնել: Բայց Մարգարյանինն ուրիշ է, նա մի տեսակ ոնց որ մեր մարդը լիներ: Ժողովրդի, հասարակ մարդը, որը ոչ մի բանով չի տարբերվում մեզնից: Ընտանիքի անդամի մահվան պես իմ վրա ազդեց: Դե՛, ես ոչ շփվել եմ, ոչ էլ մոտիկից ճանաչել եմ էդ մարդուն, բայց մի տեսակ ոնց որ հարազատս լիներ»,- ասում է Լեւոնն ու հուզմունքից խնդրում ընդհատել զրույցը:
«Ինքը դրախտի մարդ ա»
Վարորդ Միհրանը մանրամասնորեն նկարագրում է, թե վարչապետի մահվան լուրն ինչպես, ժամը քանիսին եւ ում միջոցով իմացավ: Վատ լուրը լսելուց հետո էլ մտածել է, թե կեղծ խուճապ կամ դաժան կատակ է: «Ընդմիջման էի գնացել, պատահական եղբորս երեխան եկավ, թե՝ հոպար մի բան պիտի ասեմ քեզ, չզարմանաս, բայց հավատա՛, որ ճիշտ ա: Բա՝ սենց-սենց, Անդրանիկ Մարգարյանը 1 ժամ առաջ մահացել ա: Զանգեցի ընկերոջս, նա էլ՝ իր ընկերոջը, որի հայրը ղեկավարությունում է աշխատում: Երեխայական ընդունեցի էլի, չհավատացի, բայց պարզվեց՝ ճիշտ էր: Չէի ուզում հավատալ, որ դա ճիշտ է: Շոկի մեջ էի: Հիմա դժվարանում եմ էդ մասին խոսել, մեծ ցավ եմ ապրում: Նույնիսկ երեկ հեռուստացույց նայելիս, 50 տարեկան մարդ եմ, բայց լաց եմ եղել: Շատ ծանր եմ տանում: Ամեն ինչ անելու եմ, որ թաղմանը գնամ, ինչքան էլ լարված ու ծանրաբեռնված լինի աշխատանքս՝ անպայման մասնակցելու եմ հուղարկավորությանը»,- ասում է վարորդ Միհրանն՝ ավելացնելով, որ որպես ՀՀ քաղաքացի՝ պարտավոր է վերջին հրաժեշտը տալ ՀՀ վարչապետին: «Իմ սիմպատիան միշտ էլ ինքը բռնել է: Ժողովրդի լեզվով ասած՝ մի տեսակ անշառ մարդ էր, ժողովրդի կողմից շատ հարգված, սիրված: Բնական է, տաքսու վարորդ եմ ու շատ տեղեր եմ մտնում: Իրենց շենքից էլ, կառավարության շենքից էլ ուղեւորներ եմ տեղափոխել: Շենքի բնակիչները, հարեւանները շատ լավ էին խոսում նրա մասին: Օրինակ՝ հարեւանները միշտ ասում էին, որ «չերեզչուր», ահավոր բարի մարդ է: Բայց մենք էլ էինք տեսնում, էլի, որ նա մյուսների պես ճոխ ձգտումներ չուներ: Եթե ունենար՝ կգնար կառավարության հատկացրած դղյակներում կապրեր, մյուսների պես շքեղության մեջ կապրեր: Հարեւանները պատմում էին, որ, երբ Ա. Մարգարյանը գործից գալիս էր տուն՝ սպասում էր, թե երբ պետք է «ախրանան» գնա, որ նարդին վերցնի, իջնի հարեւանների հետ բակում նարդի խաղալու: Պատմում էին, որ հարեւանների հետ նորմալ շփվում է, թոռների ձեռքը բռնում, բակում ման է տալիս, բոլորին՝ բարեւ, բարլուս: Եթե դուք տեսնեք շենքի էն պատշգամբը, որտեղ ինքը ապրել է՝ երբեք չեք մտածի, որ այնտեղ վարչապետ է ապրել: Դա արդեն իր համեստության մասին է վկայում: Ախրանաներն էլ շարված չէին, ընդամենը շենքի մուտքում, չերեւացող տեղ, մի ոստիկան հերթապահում էր: Էդ մարդն ինձ ոչ լավություն, ոչ էլ վատություն է արել, ուղղակի շատ եմ հավանել, ժողովրդականություն վայելողի համբավ ունեցող մարդ էր»,- պատմում է Միհրանը: «Օրինակ, դե՛, էսօրվա դրությամբ բոլորը վարչապետի մասին են խոսում: Սերվիսի տղերքով հավաքվում, զրուցում ենք, ու բոլորս նույն բանն ենք ասում, նենց մարդ չկա, որ իրա մասին բացասական խոսի, կամ էլ չափսոսի: 10 հոգով խոսում ենք ու 10-ն էլ նույն բանն են ասում, գիտեք էլի, էդ մարդը ոնց որ մեր սրտից դուրս եկած լինի: Շատ ցավալի է, ափսոս էր, երիտասարդ էր: Իմը մի քիչ ուրիշ է, ես էլ եմ սրտի վիրահատություն տարել, ինքն էլ: Էսօր ես իմ մեքենայով իմ բժշկին էի տանում, ով որ Մարգարյանին գիտեր: Բժիշկը մեր պատվիրատուն է, ասաց, որ ստենդով վիրահատված է եղել Ֆրանսիայում, բայց իրեն լավ չի հետեւել: Ինձ էլ չի կարելի էս աշխատանքը, բայց ստիպված անում եմ: Իմիջիայլոց, գարնանը սրտանոթային, աղեստամոքսային տրակտով հիվանդների վիճակը սրվում է: Ես էլ հիմա ինձ լավ չեմ զգում, իսկ էդ սթրեսն էլ ավելի ինձ վատացրեց,- ասում է Միհրանն ու ինքն իրեն մխիթարում,- Ինքը դրախտի մարդ է: Մեր ղեկավարության մեջ նման մարդիկ քիչ են, թու, թու, թու… թող էլ նման բան չլինի, բայց լինելուց էլ ժողովուրդն ուրիշ մեկի մահն էսքան չէր սգա: Ուզո՞ւմ եք մեքենան կանգնեցնեմ՝ դուք իջե՛ք, սովորական մարդկանցից հարցրեք, կտեսնեք, որ բոլորն էլ սգում են նրա մահը: Շատ լավ հիշում եմ վերջին ելույթը, Հանրապետական կուսակցությունը 5 հատ բնակարան տվեց, եւ իր բառերը հատիկ-հատիկ հիշում եմ: Ասեց՝ խոսք եմ տալիս մյուս տարի իմ եւ որդուս կողմից մի բնակարան էլ նվիրել: Բարի գործ արեց ու հեռացավ»,- հիշում է Միհրանը:
«Հավատում եմ, որ նրա գլուխը կերած լինեն»
Վարորդ Նորայրն էլ պահը բաց չի թողնում իր ունեցած կասկածները փարատելու համար. «Դուք թերթի աշխատող եք, կիմանաք, ճի՞շտ ա, որ ասում են՝ իրա մահով չի մահացել: Ամբողջ Հայաստանն էդ մասին ա խոսում, որ մի բան արել են: Ճիշտն ասած, որ գցում-բռնում եմ՝ էս ընտրությունների պահով կարային էլի տենց բան անեին: Ո՞նց էր էն անգամ էլ Վազգենին ու Դեմիրճյանին վերացրին, սրանցից տենց բաները հեռու չի: Ա. Մարգարյանը սիրված մարդ էր, ի՞նչ կա որ, կարող ա եւ իրանց ձեռք չէր տալիս, որ նա առաջ գնար, նախագահ դառնար»,- ասում է Նորայրն ու ինքն իրեն պատասխանում. «Չնայած, եթե սրտի պրոբլեմ ուներ ու վիրահատված էր, ուրեմն հնարավոր ա, որ իրոք ինֆարկտ ա եղել: Բայց դրանից առաջ ասում էին, որ ընտրություններից հետո Ազգային ժողովի նախագահ ա դառնալու, իսկ էդ աթոռի վրա ուրիշն էլ աչք ունի: Ի՞նչ իմանաս, ես մի տեսակ հավատում եմ, որ նրա գլուխն էլ կերած կլինեն: Է հա, մերոնց համար դժվար ա՞ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն սարքելը»:
«Այդ օրը հիշվելու է»
Վարորդ Սուրենը վստահեցնում է, որ մարտի 28-ը հայերի համար իսկապես սգո օր է լինելու եւ մշտապես հիշվելու է: «Ես շատ բարձր գնահատեցի ՀՀ նախագահի էդ քայլը, որ Սգո օր հայտարարեց, ու կտեսնեք, որ երկար տարիներ անց էլ էդ օրը հիշվելու է: Անդրանիկ Մարգարյանի թաղապետ որդու հեղինակությունն ու բարի համբավը խոսում է այն մասին, որ նա նաեւ լավ հայր է եղել, որ կարողացել է նման որդի դաստիարակել: Ես Ավանում ապրող հարազատներ ունեմ, որոնք շատ են գովում Տարոնին, ու ոչ միայն նրանք, այլեւ բոլոր բնակիչները: Ես հիշում եմ, որ ձմռանը, երբ Ավանում պատվեր էինք ունենում՝ ուրախանում էինք, որովհետեւ բոլոր համայնքներում ձյան պատճառով վախենում էինք երթեւեկել, իսկ Ավան մտնում էինք բաց, հալած փողոցներով: Եթե նման տղա է դաստիարակել, ուրեմն շատ կարգին ընտանիք է ունեցել: Ավանի բնակիչներից հարցրեք, թե եղե՞լ է, երբ մի հարցով դիմեն, ու իրենք մերժեն: Նույնն էլ ասում են կնոջ մասին, որ շատ համեստ ու հասարակ կին է: Ես չեմ հիշում քաղաքական մի պաշտոնյայի, որի մասին ժողովուրդն էդպես հարգանքով խոսի, որովհետեւ բոլորը շրջապատված են կամարներով, պարիսպներով ու արձանիկներով տներով, ու հլը թող մեկը փորձի մոտենա էդ պարիսպներին՝ ջարդուփշուր կանեն: Անդրանիկ Մարգարյանը մեր նման էր, դրա համար էլ իրան սիրում էինք»,- ասում է Սուրենը:
«Ժողովուրդը մեկ էլ երկրաշարժի ժամանակ էր սենց սգում»
Վարորդ Գագիկն այնքան հուզված է, որ դժվարությամբ է կարողանում արտահայտել մտքերը. «Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ հոգեբանորեն շատ ընկճված ու ճնշված եմ: Հեռուստացույցով նայում եմ Անդրանիկ Մարգարյանի մասին պատմող հաղորդումներն, ու սիրտս տրորվում ա: Երբեք չէի պատկերացնի, որ պաշտոնյայի մահն էսքան խորը կտանեմ: Չնայած պաշտոնյա էլ կա, պաշտոնյա էլ: Հիմա, որ սենց սգում ենք նրա մահը` ոչ թե որպես պաշտոնյա ենք սգում, այլ որպես մարդ: Իրոք, նրա հանդեպ շատ հարազատի զգացում ունեմ: Օրինակ, ո՞վ կարա իրան փոխարինի, որ ավելի լավը լինի: Էսօր բոլորն իրա մասին են խոսում, ու նույնիսկ իրան քննադատողները, ընդդիմախոսներն էլ մեծ ցավ են ապրում: Դուրս եկեք ու ժողովրդին նայեք, բոլորն էլ տխուր ու սգի մեջ են: Չկա մի մարդ, որ էս դեպքի առիթով անտարբեր լինի կամ էլ սրտի ցավով չխոսի: Ուր պտտվում ես՝ Մարգարյանի կյանքից են խոսում, նրա մասին պատմություններ են պատմում: Ես հիշում եմ, որ ժողովուրդը սենց միահամուռ կերպով մեկ էլ երկրաշարժի ժամանակ էր սգում: Բոլորը տխուր են, մեկի դեմքին ժպիտ չկա: Ուր պտտվում ես` մարդիկ խոսում են, թե ոնց էր վարչապետ լինելով՝ շուկա գնում, առեւտուր անում, կամ խեղճ ու կրակ պառավներին գրկում ու համբուրում: Ուրիշ պաշտոնյաները ժողովրդի հետ շփվելուց թիկնապահներով դեմները փակում են, որ հանկարծ հասարակ մարդը մոտ չգա, իսկ նա կարծես միշտ էդ ցածր խավի, հասարակ մարդու կողքին լիներ: Ինքը ուրիշների պես չէր, որ ամոթ համարեր աղքատ մարդկանց հետ շփվելը: Իսկ ընդհանրապես, ասեմ ձեզ, որ մեծահոգի մարդիկ են էդպես լինում»,- ասում է վարորդ Գագիկն ու պարբերաբար կրկնում, թե որքան դժվար է զգացումներն արտահայտելը: