Դատապարտվել է պատվերով

01/04/2007 Արարատ ԴԱՎԹՅԱՆ

«ԱրմենՏելի» էլեկտրամանտյոր Հրաչ Վարդանյանը 2004թ. հունվարի 19-ին սովորականի պես գնացել է աշխատանքի եւ տեղեկացել, որ հեռացված է` հունվարի 13-ին գրած իր դիմումի համաձայն: Նա բազմիցս դիմել է «ԱրմենՏելի» ղեկավարությանը` տեղեկացնելով, որ ինքը որեւէ դիմում չի գրել: Արդյունքում, ինչպես ինքն է ասում, Իրավաբանական ծառայության պետ Արմեն Ղազարյանը եւ Կարեն Գասպարյանը ահաբեկել են իրեն:

«ԱրմենՏելի» Ղազարյանը սպառնում էր, որ եթե բողոքեմ, գլխիս քրեական գործ կսարքվի, իսկ ընկերության Անվտանգության պետ Գասպարյանն էլ ուղղակի ավելացրեց` ինչ ուզում ես, արա, էն դատավորի ու դատախազի մերը…, ով որ քո բողոքին ընթացք կտա: Ինձ ձեռնաշղթա էին հագցրել ու ստիպում էին, որ հետին ամսաթվով աշխատանքից ազատվելու դիմում գրեմ: Ես դա չարեցի, ու չնայած նրանց սպառնալիքներին` բողոքեցի»,- պատմում է Հրաչ Վարդանյանը: Նա իր անունից գրված կեղծ դիմումի կապակցությամբ Գլխավոր դատախազությունում հայտարարություն է տվել, որը փոխանցվել է Զեյթունի ոստիկանություն: Մեկ ամսից ավելի Հ. Վարդանյանը որեւէ պատասխան չի ստացել:

«Նորից դիմեցի, ասացին` բողոքը կորել է, դրա համար գործը չենք սկսել: Հետո իմացա, որ դա սուտ էր, որովհետեւ իրենք «ԱրմենՏելին» արդեն հարցում էին արել ու գործով զբաղվում էին: Ուղղակի գործը իմ դեմ էին շուռ տալիս, ու էդ ժամանակահատվածը դրա համար էր պետք»,- վստահ է Հ. Վարդանյանը:

Զեյթունի ոստիկանությունում մայիսի 1-ին նա գրել է նոր հայտարարություն, որն օրեր անց ուղարկվել է Կենտրոնի, այստեղից էլ` Մարաշի ոստիկանություն: «Գործը Մարաշի ոստիկանություն փոխանցվել է մայիսի 18-ին, բայց մինչ այդ քաղգործում Մարաշի ոստիկանապետի անունից առանց գրանցման եւ թվագրության մի տեղեկանք է հայտնվել, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- ասում է Հ. Վարդանյանը:

Ըստ այդ տեղեկանքի` 2004թ. հունվարի 13-ին Հ. Վարդանյանն աշխատավայրում մի քանի աշխատակիցների ներկայությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել նույն համակարգում աշխատող իր նախկին կնոջն ու ծեծել նրան: Այս առթիվ մայիսի 24-ին Կենտրոնի ոստիկանապետի որոշումներով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության: Բայց Հ. Վարդանյանը, համադրելով իր մոտ եղած փաստաթղթերը եւ համեմատելով ստորագրությունները, փաստում է, որ այդ որոշումների հեղինակն իրականում Մարաշի ոստիկանապետ Ե. Անտոնյանն է, որովհետեւ դրանցում առկա ստորագրությունները պատկանում են նրան: Հ. Վարդանյանը վստահեցնում է նաեւ, որ հունվարի 13-ին, ժամը 11-ից մինչեւ ուշ երեկո ինքն ընկերների հետ իր տանը նշել է հին Նոր տարին եւ աշխատանքի չի գնացել:

«Իմ դեմ հարուցված քրեական գործի մասին ինձ տեղյակ չեն էլ պահել: Ես գիտեի, թե բողոքիս են ընթացք տալիս,- ասում է նա եւ հավելում,- Արդարադատության նախարարությունում իբր դատաձեռագրաբանական փորձաքննություն էին նշանակել: Այստեղ էլ իմ անունից գրված այդ կեղծ դիմումը փոխեցին: Արդեն ձեռագիրն ուրիշ է, իսկ ստորագրությունը հայտնվել է «Վարդանյան» ազգանվան վերջնամասում: Բայց բոլոր փաստաթղթերում, մարդկանց տված ցուցմունքներում նշված է, որ այն եղել է ազգանունի դիմաց»: Հունիսի 30-ին Ոստիկանության Կենտրոն բաժանմունքի քննիչ Աշոտ Գալստյանը, վերանայելով քրեական գործի նյութերը, պարզել է, որ գործով վկաների տված ցուցմունքների համաձայն` «Հ. Վարդանյանի աշխատանքից ազատվելու դիմումը թեեւ գրել է Հրանտ Մուրադյանը (Հ. Վարդանյանի անմիջական ղեկավարը – Ա. Դ.), սակայն այն ստորագրվել է Հ. Վարդանյանի կողմից»: Ու քանի որ դատաձեռագրաբանական փորձաքննությունը չի կարողացել պարզել, թե ով է ստորագրության հեղինակը, քննիչը որոշել է ստորագրությունը կեղծելու վերաբերյալ քրեական գործի մասը կարճել:

«Քննիչն իբր թե իմ դեմ հարուցված քրեական գործից անջատել եւ կարճել է կեղծ դիմումի առթիվ հարուցված քրեական գործը: Բայց նման քրեական գործ երբեւէ չի էլ հարուցվել: Թե ի՞նչն է կարճել, ես չգիտեմ»,- ասում է Հ. Վարդանյանը եւ տեղեկացնում, որ դրանից հետո խուլիգանության փաստով հարուցված քրեական գործն անմիջապես ուղարկվել է դատարան, եւ ինքը նախաքննության վերաբերյալ բողոք ներկայացնելու հնարավորություն այդպես էլ չի ունեցել: Արդեն Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Հ. Վարդանյանը ներկայացրել է լուսանկարներ, որոնք փաստում են, որ հունվարի 13-ին նա ընկերների հետ եղել է իր տանը: Նկարներում լուսանկարչական սարքն ամրագրել է ամսաթիվն ու թվականը` 13.01.2004: Հետեւաբար, նա չէր կարող միաժամանակ լինել աշխատավայրում եւ ինչ-որ դիմում գրել կամ խուլիգանություն կատարել: Իսկ նրա ընկերները դատարանին տված իրենց գրավոր հայտարարություններով հաստատել են, որ նշյալ օրը միասին են եղել:

«Բացի այդ, դատի ժամանակ նախկին կնոջս հարցրի` «եթե քեզ ծեծել եմ, ինչո՞ւ ես դրա մասին հիշել 5 ամիս հետո, երբ ես աշխատանքից հեռացվելու համար արդեն բողոքել էի», ասաց` ես ցուցմունք չեմ տվել, ինձանից այն վերցրել են»,- պատմում է Հ. Վարդանյանը: Դատավարության ընթացքում Հրաչը ներկայացրել է նաեւ անկախ փորձագետի ձեռագրագիտական եզրակացությունը, ըստ որի` աշխատանքից ազատվելու համար գրված դիմումի ստորագրությունն իրենը չէ: «Դատավոր Էդիկ Ավետիսյանը բացեիբաց ասաց` ինձ ոչ մի բան չի հետաքրքրում. ինձ ինչ տվել են, ես էն եմ քննում,- նշում է Հ. Վարդանյանը եւ շարունակում,- ասաց` քեզ որ լավ ձեւով աշխատանքից հեռացրել են, ինչի՞ չես լսել, որ էս ձեւի գործ են սարքել»:

Հ. Վարդանյանը դատապարտվել է 4 ամիս ուղղիչ աշխատանքների` վաստակի 10 %-ի պահումով: Նա դիմել է Վերաքննիչ դատարան, բայց վճիռը մնացել է անփոփոխ: «Հըլը մի հատ էլ վրես մատ թափ տվին: Գլխավոր դատախազությունից Շահինյանն ասաց` դուրսն ենք թողել, որ առիթից օգտվե՞ս: Ինչ ասում ենք, ձենդ կտրած տեղդ նստի»,- հիշում է Հ. Վարդանյանը: Վճռաբեկ դատարանը նույնպես որեւէ բան չի փոխել: Հ. Վարդանյանը պահանջել է դատարանի որոշումը եւ այն ստացել առանց կնիքի: «Որ Եվրադատարան չկարողանամ դիմել»,- համոզված է նա: Այս ամենի կապակցությամբ Հ.Վարդանյանը դիմել է Երեւան քաղաքի եւ Գլխավոր դատախազություններ: «Քաղաքային դատախազությունից պատասխանեցին, թե քննիչի որոշումը չենք կարող վերացնել: Բայց ես իմ նկատմամբ կատարված բոլոր անօրինականությունների, ինձ ապօրինի դատելու մասին էի գրել»,- զարմանում է Հ. Վարդանյանը:

Գլխավոր դատախազությունում, հաշվի առնելով անկախ փորձագետի եզրակացությունը եւ այն հանգամանքը, որ Հ. Վարդանյանի ընկերները չեն հարցաքննվել, քննիչ Ա. Գալստյանի` քրեական գործի մասը կարճելու որոշումը վերացրել են: Բայց գործը, նախաքննություն կատարելու համար, դարձյալ հայտնվել է նույն քննիչի մոտ: Ա. Գալստյանը Վարդանյանի ընկերներին այդպես էլ չի հարցաքննել: Փոխարենը՝ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչությունում նշանակել է կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն: Արդյունքում պարզվել է, որ անկախ փորձագետի եզրակացությունը «սխալ» է, ու «իրականում» հնարավոր չէ որոշել, թե աշխատանքից ազատվելու համար գրված դիմումի ստորագրությունն ում է պատկանում: Ուստի, քննիչը մերժել է քրեական գործի հարուցումը: «Գլխավոր դատախազությունը, երբ քննիչի որոշումը վերացրեց, բողոքը պետք է ներկայացվեր Վճռաբեկ դատարան: Բայց դատախազության Մեղադրանքի պաշտպանության վարչությունն այն ուղարկեց Կենտրոնի քննչական բաժին: Իսկ սա անօրինություն է. վարչությունը նման իրավունք չունի»,- պարզաբանում է Հ. Վարդանյանը:

Նա դարձյալ ապարդյուն դիմել է դատական ատյաններին` այս անգամ Երեւան քաղաքի եւ Գլխավոր դատախազությունների գործողությունների դեմ: Վճռաբեկ դատարանը, հղում անելով Քր. դատ. օրենսգրքի 2 հոդվածներին, նշել է, որ բողոք բերողը համապատասխան կարգավիճակ չունի: Հ. Վարդանյանի բողոքը վերադարձվել է առանց քննության: Նա դիմել է նաեւ Սահմանադրական դատարան: Այստեղ պատասխանող կողմ է ճանաչվել Ազգային ժողովը (ԱԺ), եւ քննությամբ որոշվել է, որ այդ 2 հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հ. Վարդանյանը նորից է դիմել Սահմանադրական դատարան եւ պնդել, որ պատասխանող կողմ ճանաչվի ոչ թե ԱԺ-ն, այլ Վճռաբեկ դատարանը: «Ես չեմ ասում, որ օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը: Բայց եթե այդ նույն օրենքն իմ նկատմամբ սխալ է կիրառվել, ուրեմն խախտվել է իմ սահմանադրական իրավունքը: Հետեւաբար, Սահմանադրական դատարանը պարտավոր է Վճռաբեկ դատարանի որոշումն անվավեր ճանաչել»,- ասում է նա եւ վստահեցնում, որ ՀՀ Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանն այդ լիազորությունն ունի: Հ. Վարդանյանը Սահմանադրական դատարանից պահանջել է նաեւ դատաքննության ձայնային եւ տեքստային արձանագրությունները եւ մինչ օրս դրանք չի ստացել: Նա այս պատմության հետ կապված բոլոր նյութերը հավաքում է եւ մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

www.hetq.am