«Կըրկատում եմ, կըպից-կըպից եմ անըմ, հագնըմ եմ»,- ասում է 90-ամյա Գոհար տատը

01/04/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Փախստականների հանրակացարանի վագոնների կուպեների խտությամբ իրար գլխի շարված սենյակների կոտրատված դռների արանքում միջանցք կա, որտեղից կարելի է կիսաբաց դռներից դուրս եկող գարշահոտից փախնել ու մի քիչ մաքուր օդ շնչել: Պատուհան չունեցող միջանցքի երկաթյա նստարանին մի ծեր կին նստել ու ինքն իր հետ կռիվ է անում, հաշտվում է, այնուհետեւ լաց է լինում ու մի քիչ թոթափվում: Հարեւանուհին թեւանցուկ անելով փորձում է սենյակ տանել, սակայն ծեր կինն անգամ ձեռնափայտի ու հարեւանուհու օգնությամբ չի կարողանում տեղից շարժվել: Տեսարանն այնքան ցավոտ է, որ մարդու սիրտը կտոր-կտոր է լինում: Մոտենում եմ… Այտուցված ձեռքերով անմիջապես փորձում է զուգագուլպան հագից հանել` ապացուցելու համար, որ մարմնի մասերն այլեւս կորցրել են իրենց կենսունակությունը: «Ուզում եմ աչքովդ տեսնես, խոխա ջան, թե վետներս ինչ ուռած են»,- ասում է նա ու սրբում ծանր շարժումներից առաջացած կնճռոտ ճակատի քրտինքը: Միջանցքի մյուս ծայրից մոտենում է մի ծերունի, որի ներկայությունը շփոթեցնում է տատիկին: Ասում է` «Վո՜ւյ, Արկադի՛կ կեցի, վետներս պյաց են»: Արկադի պապը շփոթվելով ծեր կնոջ մերկ ոտքի տեսարանից՝ գլուխն առած փախնում է: Գոհար Ազարյանն է, ում հրավիրում եմ իր սենյակ, որ մի քիչ խոսենք: Ասում է` «Խոխա ջան, քինանք, բայց զզվիլ մի, պառավ եմ, օբշի տուալետ կարալ չիմ քինալ, սենյակումս եմ անըմ, տանըմ թափըմ եմ: Ներող եղի»: Գոհար տատը 90 տարեկան է, ով 1988 թվականի հայտնի դեպքերից հետո Բաքվից փախել է Հայաստան: Փախուստի ժամանակ իր անցյալից կարողացել է միայն հագուստները բերել, իսկ չորս որդիներին թողել է այնտեղ. նրանք պատերազմի ժամանակ մահացել են: Գոհար տատի հետ հնարավոր չէ խոսել ներկայից. «Ներկայի՞ց, ներկայից աչքս էս 12 տարի ա տեսնում չի, ականջներս լսում չեն: Կեցի լաչակս հանեմ, որ մի քիչ լսեմ: Ներկայի՞ցը, խոխա ջան: 1988-ին եկել ենք Երեւան, ու մի տարի հետո ամուսինս դարդից մահացել ա, զոռի պահել եմ, բայց չի դիմացել: Տղեքս մահացել են, երկրորդ տղես փտբոլիստ էր, սաղ ճընաչըմ էին: 4 տղեքս էլ «նիկտո նիսուդիմի» էին: Գիտես թե հեշտ ա՞ հայը Բաքվա միջին: Էլ եվրեյ, էլ թաթար, էլ ռուս, էլ թուրք…»,- ասում է ու դողդողալով լաց է լինում: Տեղից վեր կենալով մոտենում է զգեստապահարանին ու անպետք փալասները դուրս բերելով՝ պատմում է ամեն մի հագուստի պատմությունը` «Ամուսինս էս շուբան ինձ հըմար նվեր էր արել: Աշխատըմ, կոպեկ էր հետ գցըմ, որ կնգան շուբա հըգցներ: Էս չուլկեքն էլ եմ Բաքվից պիրալ, ինչ շոր որ տեսնըմ ես` լրիվ Բաքվից բերած ա: Կրկատըմ, հագնըմ եմ: Էս մի ժակետը ինչքան կըրկատմ եմ, էնքան ճղվըմ ա»: Միայնակ թոշակառու Գոհար տատն ապրում է 8000 դրամ թոշակով եւ 7500 դրամ նպաստով: Թոշակի չնչին գումարի համար մեղադրում է ոչ թե մեր պետությանն, այլ ամուսնուն. «Թողըմ չէր ըշխատեի, ստաժ չունեմ: Բիձեն շատ գիտե՞ր, որ էս օրն էի ընկնելու: Նենց կվարտիրա ունեինք, նենց աշխատող ամուսին էր, որ հընչի՞ն էր պետք կնկա աշխատանքը»: Հարցնում եմ` «Օրդ ինչպե՞ս է անցնում, ինչո՞վ ես զբաղվում»: Պատասխանում է` «Հինչ եմ անը՞մ: Բաքվից պիրած շորերս եմ նայում, կրկատում եմ, կըպից-կըպից եմ անըմ, դասավորում եմ, հիշըմ եմ, թե քանի կոպեկով, որտեղից, երբ ենք առել»: Կրկին զգեստապահարանից հագուստի արխիվն է դուրս բերում ու նորից թվարկում է իր անցյալը հիշեցնող շորերի պատմությունները: Այնուհետեւ ինքն իրենից գոհ հարցնում է` «Լյավ կնիկ չե՞մ»: Ասում եմ` «Լավն ես, լավն ես»: Պատասխանս կասկածամտորեն մտքում քննարկելով՝ ասում է. «Բա խի՞ եք ասըմ, որ բաքվեցի ա, լյավ կնիկ չի: Շնորքով, սհե կնիկ եմ, չէ՞, տեսա՞ր չուլկիքս, լավ կըրկատած եմ, չէ՞»: Գոհար տատի ոտքերն ու ձեռքերն այտուցված են, հազիվ է տեղաշարժվում, իսկ ճողվածքի (գրիժայի) ցավն ուղղակի «սպանում» է իրեն: Ասում է, որ չի կարողանում ճաշ եփել, քանի որ մարմինը ցավում է, դրա համար էլ մշտապես հարեւանների օգնությանն է դիմում: Հանրակացարանի բնակիչներն այս տատիկին որքան կարողանում՝ օգնում են: Ասում է` «Ես շատ գոհ եմ մարդկանցիցը, ամեն ձեւով օգնել են, յոլա եմ քինացել: Բա վե՞նց գոհ չըլնեմ, որ ինձ տելեվիզոր ես գցում, չես ասում՝ բաքվեցի պառավ ես, լավը չես: Բուֆետ կարըմ չեմ քինամ, ճաշ ուտեմ, վետներս ըշխատըմ չեն: Սպասի մի ուրիշ շոր էլ բերեմ ցույց տամ: Էս մեկը Գենյաս` ըրեխես էր առել»: Գենյայի անունը տալիս կրկին հիշողությունները թարմանում են, ու երեխայի պես լաց է լինում: Հարցնում եմ` «Ինչի՞ կարիք ունես»: Պատասխանում է` «Ես ամեն ինչ էլ ունեմ` չուլկի, զակազնոյ շուբա, ժակետ: Մենակ վետնաման (կոշիկ.-Լ.Ս.) չունեմ: Էն որ մեզ օգնություն տվին` սաղ վրովս փոքր էր: Վետներիս մատներն արյունոտվել ա, մազոլիցն ա, ցավացնըմ ա, կարալ չեմ հագնեմ: Ինչ ճիշտն ա՝ ճիշտն ա, վետներս մեծ են, 41 համարն ա: Մի ջոխտ վետնաման… »: Հետո երկար լռությունից հետո սթափվելով՝ ինքն իրեն ուղղում է` «Չորս ըրախայիս կորցրալ ամ, ինչի՞ կարիք պիտի ունենամ»: Գոհար տատն էնքան բանի կարիք ունի, որ շփոթվում է, երբ իրեն նման հարց են տալիս, իսկ վերջում մի քիչ ուշքի գալով իմ անսպասելի այցելությունից՝ ասում է. «Խոսալու կարիք ունեմ: Որ ասես՝ բաքվեցի պառավը լյավ պառավ ա, դրա կարիքն ունեմ»: