168 Hours Weekly Online  
Wednesday, April 23, 2014



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում»

Դեկտեմբեր 22, 2011

Այսօր կպատմեմ մի պատմություն, որը տեղի էր ունեցել դեկտեմբերյան այս օրերին, բայց 14 տարի առաջ` 1997 թվականին: Այդ ժամանակ զինվորական ծառայություն էի անցնում Պաշտպանության նախարարության «Հայ Զինվոր» պաշտոնաթերթում: Շաբաթ օր էր, առավոտյան զանգեցին խմբագրությունից եւ ասացին, որ գլխավոր խմբագիր Վրեժ Իսրայելյանը շտապ կանչում է: Հասկացա, որ իրոք ինչ-որ արտառոց բան է պատահել, քանի որ պարոն Իսրայելյանը, ով միշտ կմնա իմ կյանքում հանդիպած ամենաբարի ու ամենատաղանդավոր ղեկավարը, մեզ երբեք հենց այնպես շտապ գործի չէր կանչում: Խմբագրություն եկա ու մտա իր մոտ:

- Վազգենն (նախարար Վազգեն Սարգսյանը.- Ա.Թ.) էր զանգել, հարցնում էր. դու ճարպի՞կ տղա ես:

- Ի՞նչ իմաստով` «ճարպիկ», պարոն Իսրայելյան:

- Դե, ասաց, որ մի քանի օրից Մոսկվա է մեկնելու, ուզում է քեզ հետը տանի:

- Ինչի՞ համար:

- Գնա նախարարություն, նախարարը քեզ ամեն բան կասի:

Իհարկե, խառնվեցի իրար: «Հայ Զինվորում» մենք ծառայում էինք «ջերմոցային» պայմաններում, սակայն միեւնույն է` ես շարքային Արա Թադեւոսյանն էի, ով պետք է գնար պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մոտ, ում խիստ բնավորության մասին լեգենդներ էին շրջում...

Դուռը ծեծեցի, բացեցի, ասացի. «Թույլ կտա՞ք, պարոն նախարար»:

Վազգեն Սարգսյանը լայն ժպտաց, ձեռքով արեց ու ասաց. «Ներս արի, նստի»:

Նստեցի: Ասաց` ծխո՞ւմ ես: Ամաչելով ասացի` այո (այն ժամանակ ծխում էի): Ծխախոտ հյուրասիրեց ու ինքն էլ իր կրակայրիչով վառեց: Անկեղծ ասած, շոկի ու պարծանքի խառը զգացում ունեի: Մի կողմից` երազում էի, թե ոնց եմ էսօր տղերքին պատմելու, որ նախարարը ինձ սիգարետ հյուրասիրեց: Մյուս կողմից` հասկանում էի, որ կարեւոր բան է ասելու, ու վստահ չէի` արդյոք կարողանալո՞ւ եմ կատարել նախարարի առաջարկը, իսկ ավելի ստույգ` հրամանը:

Վազգեն Սարգսյանը պատմեց, որ վերջերս Երեւանում հանդիպել էր ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարների պատվիրակությանը ու մի քանի օրից մեկնելու է Մոսկվա եւ ուզում է, որ ես հանդիպեմ այդ մարդկանցից մի քանիսին ու նրանց ամանորյա նվերներ հանձնեմ: «Պետք է նրանց ասել, որ հիմա մեր երկիրը բավական բարդ ժամանակաշրջան է մտնում, եւ միշտ չէ, որ մեր զինված ուժերում համամիտ են քաղաքական ղեկավարության հետ Լեռնային Ղարաբաղի հարցում»:

Իհարկե, զարմացա: Բայց միաժամանակ շատ մեծ նշանակություն չտվեցի` ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ մոտ մեկ ամիս անց ՀՀ նախագահը հրաժարական է տալու` «հայտնի ուժերի» պահանջով:

- Կարո՞ղ ես այդ գործը անել:

- Կարծում եմ` կարող եմ, պարոն նախարար:

- Դե շատ լավ, ուրեմն դու ու Մոսոն երկու օրից կմեկնեք Մոսկվա, ես էլ հաջորդ օրը կգամ:

Այդտեղ նորից թեթեւ շոկ ապրեցի: Մեսրոպ Գեղագուլյանը` Մոսոն, նախարարի համհարզն էր ու թիկնապահը: Նրանից բանակում ու ոչ միայն բանակում վախենում էին շատ-շատերը: Չէի պատկերացնում, թե ինչպես ես` սովորական շարքայինս, պետք է Մոսկվա մեկնեի Մոսոյի հետ: Ասեմ ավելին` պարզվեց, որ Մոսկվայում Մոսոյի հետ պետք է մնայինք հյուրանոցի նույն համարում...

Մոսկվայում աշխատանքս հետեւյալն էր` առավոտյան ինձ հատկացված մեքենայի բեռնախցիկը դնում էինք 3-4 արկղ «Նաիրի» կոնյակ (ամանորյա նվեր նախարարից) ու գնում հանդիպումների: Այդ ժամանակ աշխատում էի որպես «Մոսկովսկիե Նովոստի» թերթի հայաստանյան թղթակից, ու վերջինիս գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակին եւս պետք է նվեր հանձնեի: Երբ մոտեցանք խմբագրությանը, կայանելու տեղ չկար, բայց այդ պահին ավտոմեքենայով խմբագրության բակ էր մտնում իմ բաժնի ղեկավար Միխայիլ Շեւելյովը: Տեսավ ինձ, իջավ մեքենայից, իմացավ, թե ինչն է խնդիրը, ու ասաց. «Հարց չկա, տուր ինձ, ես կփոխանցեմ Վիտյային»: Արկղը տեղափոխեցինք նրա մեքենա, ու նայելով Միշայի դեմքին` ես անմիջապես հասկացա, որ Վիկտոր Գրիգորեւիչ Լոշակի ամանորյա սեղանին «Նաիրի» կոնյակ հաստատ չէր հայտնվելու...

Նախարարը Մոսկվա եկավ մեր ժամանելու հաջորդ օրը, եւ երեկոյան մտա իր մոտ` զեկուցելու հանդիպումների ու դրանց արդյունքների մասին: Հրաժեշտ տալուց առաջ ասացի.

- Պարոն նախարար, ամեն տեղ այնպես լավ են ընդունում:

Ձեռքը դրեց ուսիս, ամուր սեղմեց ու ժպտալով ասաց այս բառերը, որոնք կհիշեմ միշտ.

- Որովհետեւ մենք հաղթած երկիր ենք:

Մոսկվայում մնացինք 2 կամ 3 օր. ամեն երեկո հանդիպում էի Վազգեն Սարգսյանին ու պատմում հանդիպումներիս մասին: Ապրում էինք զինվորական մի հյուրանոցում, որտեղ նախաճաշ նախատեսված չէր: Դրա մասին հոգ էր տանում Մոսոն, ով առավոտյան սառնարանից հանում էր տարբեր ուտելիքներ ու ինձ հրավիրում նախաճաշի: Ու կրկին մտածում էի. «Տղերքը տեսնեին, էլի, թե ինչպես է ամենակարող Մոսոն շարքային Թադեւոսյանին նախաճաշ հյուրասիրում»: Մոսոն չէր թաքցնում, որ լրագրողներին չի սիրում, բայց ինձ հետ ստիպված էր շփվել: Ու չնայած Մոսոն «հրեշտակ» չէր, ես ջերմությամբ եմ հիշում մեր օրերը Մոսկվայում ու ցավում եմ, որ նա երիտասարդ տարիքում հրաժեշտ տվեց կյանքին:

Այդ ուղեւորության ամենամեծ արժեքն այն էր, որ ես տեսա իսկական Վազգեն Սարգսյանին: Տեսա, որ նա էլ կարող է մեղմ ժպտալ ու տխրել, որ նա էլ բոլորիս պես մարդ է: Ու հետո, երբ կարդացի Վազգեն Սարգսյանի այս հայտնի խոսքերը, հասկացա, որ ինձ իրոք բախտ է վիճակվել տեսնել նրան հենց այնպիսին, ինչպիսին որ ինքը կար. «Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ` էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ»:

Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
«Մեդիամաքսի» տնօրեն
Տպելու համար