168 Hours Weekly Online  
Tuesday, May 22, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Դատավճիռ համոզմունքների համար

Վահան ԻՇԽԱՆՅԱՆ | Նոյեմբեր 14, 2005

Այլընտրանքային ծառայողները դատապարտվում են ազատազրկման՝ ծառայության վայրը ինքնակամ լքելու համար

Եհովայի յոթ վկաներ, որոնք հրաժարվել են շարունակել այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը, դատապարտվել են ազատազրկման՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար: Դատապարտվածներն այն 22 երիտասարդների թվում են, որոնք դադարեցրել են իրենց այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը` հայտարարելով, որ իրենք եղել են Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ, ինչը հակասում է իրենց կրոնական համոզմունքներին. Եհովայի վկաները դեմ են զինվորական ծառայությանը (տես՝ «168 Ժամ»-ի N46-ի հոդված):

Սեւանում 19-ամյա Արթուր Չիլինգարովը, Գագիկ Դավթյանը, Վաղարշակ Մարգարյանը եւ 20-ամյա Բորիս Մելքումյանը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման: Նախապես նրանց մեղադրում էին կազմակերպված դասալքության մեջ, որի համար նախատեսվում է 4-10 տարվա ազատազրկում: Դատախազն իր մեղադրականում մեղմացրեց պատիժը` դասալքության փոխարեն արարքը որակելով ծառայության վայրի կազմակերպված ինքնակամ լքում եւ պահանջեց 3,5 տարվա ազատազրկում: Դատավորը նույն հոդվածով դատապարտեց 3 տարվա ազատազրկման:

Նույն մեղադրանքով Կապանի հոգեբուժարանում ծառայող Նարեկ Ալավերդյանը եւ Արսեն Սեւոյանը դատապարտվել են 2 տարվա ազատազրկման, իսկ Երեւանի ինֆեկցիոն հիվանդանոցում ծառայած Շալիկո Սարգսյանը` 2 տարի 8 ամիս ազատազրկման դասալքության մեղադրանքով (եթե կազմակերպված դասալքությունը նախատեսում է 4-10 տարվա պատիժ, ապա անհատականը` մինչեւ 4 տարվա): Եվս 15 երիտասարդ սպասում են իրենց դատավճռին:

Սեւանի դատավարությունում ամբաստանյալներին պաշտպանող բրիտանացի 70-ամյա փաստաբան Ռիչարդ Դանիելը, որ 44 տարվա փաստաբանական պրակտիկա ունի, ինտերնետով կարողացել է ուսումնասիրել անգլերեն թարգմանված Հայաստանի օրենսդրությունը: Օրենքների նկատմամբ նրա միակ դիտողությունն այն է, որ օրենսդրությունը շատ խիստ պատիժներ է սահմանել դասալքության ծառայության վայրը ինքնակամ լքելու համար. «Շատ ծանր պատիժ է, եթե մարդուն դասալքության համար կարող են 10 տարի տալ»,- ասում է նա: Նա նաեւ կարծում է, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքն անկատար է: Բրիտանացի փաստաբանի համար (որն ինքը Եհովայի վկա է) տարօրինակ է, որ դատավարության ընդմիջումները դատավորն ու դատախազը անցկացնում էին միասին նույն սենյակում փակված: «Իմ երկրում այսպիսի բան հնարավոր չէ,- ասում է նա: - Մեզ մոտ դատավորին երկու կողմերը մոտենում են միասին: Այստեղ եթե դատախազը պիտի մնար դատավորի հետ, ապա ես էլ պիտի մնայի, որ հանկարծ մի կողմը չկասկածի, թե մյուսը դատավորի հետ ինչ-որ գործարքի մեջ է մտնում»: Սակայն Դանիելի ամենամեծ դժգոհությունն այն է, որ տղաներին դատել են այլընտրանքային ծառայության մեկնելուց հետո ընդունված օրենքով:

2004թ. հուլիսին ուժի մեջ մտած «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում ասվում է, որ քաղաքացիական այլընտրանքային ծառայությունը դուրս է զինվորական ծառայությունից: Երբ նրանք մեկնում էին ծառայության, նախատեսված չէր, թե ծառայությունից հրաժարվելու համար նրանց ինչ պատիժ է սպասում: Սակայն ծառայության անցնելուց 15 օր անց այլընտրանքային ծառայության օրենքի մեջ փոփոխություն է արվում, որ ծառայողները պատժվում են զինվորականների համար նախատեսված հոդվածներով: Սկզբում երիտասարդներին քննել է զինվորական քննիչը, ապա՝ քաղաքացիական:

«Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, որ օրենքը հետադարձ ուժ չունի: Դա նաեւ Հայաստանի օրենքն է: Եթե այդ օրենքը ուժի մեջ լիներ, նրանք ծառայության չէին մեկնի: Ես ուրախ եմ, որ դատախազը հոդվածը փոխեց ու պատիժը մեղմացրեց: Սակայն, այսուհանդերձ, սա անօրինական դատավճիռ էր, եւ մենք բողոքարկելու ենք»,- ասաց Դանիելը:
Տպելու համար