168 Hours Weekly Online  
Monday, May 21, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Ինչպես են հայերը ծառայություն մատուցում

Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ | Հոկտեմբեր 1, 2005

«Փողը մարդու վեցերորդ զգայարանն է, առանց որի մնացած հինգն անիմաստ են դառնում»:
Սոմերսեթ Մոեմ

Անգլիացի գրողի այս բառերը հիշեցի, որովհետեւ վերջին շրջանում հայերն ավելի շատ «հեչից փող են սարքում», քան` «քարից հաց քամում»: Ընդ որում, այդ «փողը սարքվում է» ոչ թե որեւէ արտադրանք տալով, այլ տարբեր ծառայություններ մատուցելով: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ ծառայությունների մասին է խոսքը եւ ինչպե՞ս են այդ ծառայությունները մատուցվում:

Մայրաքաղաքի հյուրերը ցնցված են Երեւանի տաքսի ծառայություններով, որոնց ավելի հաճախ ընդունված է անվանել «տաքսի-սերվիզ»: Իմիջիայլոց, ի տարբերություն հայ աղջիկների օժիտի՝ «Մադոննա» սերվիզից», որը հաճախ լինում է «12 պեռսոնից», երեւանյան «տաքսի-սերվիզները» արդեն «120 պեռսոնից» ավելի են: Սակայն այս «սերվիզներն» ունեն նաեւ որոշ ընդհանրություն: Երեւանյան բոլոր «տաքսի-սերվիզների» դիսպետչերները «չայնիկ» են, որովհետեւ զանգահարելով յուրաքանչյուր տաքսի-ծառայություն, դուք կհամոզվեք, որ այնտեղ աշխատող աղջիկների մեծ մասը գիտի ընդամենը մի քանի թիվ՝ 3-4 րոպե կամ 7 րոպե (իրենց արեւին «կլիենտ չեն ուզում կորցնել», առանց հասկանալու, որ այդպես ավելի շուտ կկորցնեն այդ «կլիենտին»): Իսկ իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ Երեւանում այդքան շատ հատուկ դպրոցներ կան, որտեղ բոլոր այդ դիսպետչերները սովորել են:

Անցնելով առաջ, չի կարելի մոռանալ ամառային եւ ձմեռային սրճարանները, որտեղ մի քանի տարի առաջ հաճախ կարելի էր հանդիպել հետեւյալ հայտարարությանը. «Աշխատանքի են հրավիրվում 20-30 տարեկան գեղեցիկ արտաքինով աղջիկներ: Օտար լեզուների եւ համակարգչի իմացությունը պարտադիր է»: Ստացվել է այնպես, որ այսօր այդ աղջիկները չգիտեն, որ սրճարանում բացի եվրոպական չափանիշներին համապատասխանող ժպտալուց, նաեւ պետք է մատուցել:    

Այսօր ամեն քայլափոխի կարելի է հանդիպել գեղեցկության սրահներ («մարդավարի» հայերենով` այդ սրահները կոչվում են վարսավիրանոցներ): Ես հասկանում եմ, որ «Գեղեցկությունը զոհեր է պահանջում», բայց չէի պատկերացնում, որ զոհերն այդքան շատ են: «ՆՆ», «ՄՄ», «ԿԿ», «ՄՄԶ», «ՊՊԶ» եւ այլ վարսավիրանոցների գները կախված են միայն նրանց տերերի ով լինելու հանգամանքից: Մնացած ամեն ինչ՝ սկսած «Բոքս» սանրվածքից, վերջացրած անիմաստ, բայց շատ էրոտիկ հայացքով վիզաժիստներով (ի դեպ, այս բառի իմաստը չգիտեն ոչ վիզաժիստները, ոչ նրանց «պուզատի կլիենտները»), նույնն է:

Ինչ վերաբերում է կապի ծառայություններին, ապա ես չէ, որ պետք է խոսեմ «ԱրմենՏելի» կամ «Վիվա Սելլի» մասին: Այս պարագայում ամեն ինչ առանց այդ էլ հասկանալի է: Ինչպես ասում են, Դավիթ Հարությունյանի եւ Անդրանիկ Մանուկյանի «ականջը կանչի»:

Այն բանից հետո, երբ անհասկանալի դարձավ` «Լավանդան» դեղատո՞ւն է, քիմմաքրման կե՞տ, թե՞ «քցված» ընտրազանգված, մարդիկ չեն կողմնորոշվում. կոստյումը պետք է տալ քիմմաքրմա՞ն, թե՞ ավելի լավ է այդ կոստյումը դեն շպրտել եւ դրա փոխարեն «ՍԱՍ»-ից իրենց համար կոնֆետ գնել: Բայց սա էլ ամենաէականը չէ: Ինչպես սկզբում նշեցի, հայերն ավելի շատ «հեչից փող են սարքում»: Եվ ամենագեղեցիկ ձեւով դա անում են հայկական բանկերը: Մի կողմ դնենք դոլարի կուրսը, որի մասին խոսողն արդեն համարվում է «հին մարդ»: Վերջին շրջանում բոլոր «էլիտար» բանկերն իրենց պարտքն են համարում խոսել հիպոթեքային վարկի (գեղեցիկ բառ է, որը հասարակ ժողովրդին ավելի հասկանալի է «տոկոսով պարտք» արտահայտությամբ) մասին, առանց մանրամասնելու, որ աշխարհի ոչ մի երկրի բանկում (բացառությամբ` Բուրկինա-Ֆասոյի եւ Սենեգալի) այդպիսի տոկոսադրույքներ գոյություն չունեն: Էլ չեմ խոսում կրեդիտ-քարտերի մասին, որոնց մասին ժողովուրդն ասում է` «հարուստի բան»:

Բայց ես լավատես եմ եւ գիտեմ, որ եթե «տասից վատ ենք ապրում, ապա հարյուրից՝ լավ»: Այնպես որ, եթե այսօր կրեդիտ-քարտն առայժմ անհասկանալի «պլաստիկատի կտոր է», իսկ դիսպետչերները դեռ չգիտեն, որ 10-ը կամ 15-ը եւս թվեր են, դա դեռ չի նշանակում, որ մենք մարդավայել չենք ապրելու:

Ձեր խոնարհ ծառա  Ա.Ք.
Տպելու համար