168 Hours Weekly Online  
Monday, May 21, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Հայի վախը

Արա ԳԱԼՈՅԱՆ | Օգոստոս 25, 2005

Ահագին անվախ ազգ ենք: Մեզ չի վախեցնում այն, որ Ադրբեջանն անընդհատ մեծացնում է իր ռազմական բյուջեն: Հավանաբար աշխարհի ամենաքաջարի ազգը կլինեինք, եթե չլիներ սեփականաշնորհումը: Հասարակական ունեցվածքի լայնամասշտաբ սեփականաշնորհումը սկսվել է 1994թ.: Անցած 10 տարիների ընթացքում, թվում է, հասարակությունը պետք է որ սեփականաշնորհմանը վարժված լիներ: Մինչդեռ մենք ցնցվում ենք` հենց խոսք է բացվում որեւէ նկատելի օբյեկտի, շինության, տնտեսական համակարգի սեփականաշնորհման մասին: Հիմա երեւանցիների խոսք ու զրույցի թեման մարզահամերգային համալիրի սեփականաշնորհումն է: Մի կողմից հասարակական վախը փորձառության արդյունք է: Սեփականաշնորհման առաջին փուլն աղետալի տնտեսական հետեւանքներ ունեցավ: 1996-97 թթ. հրապարակվեցին առաջին լուրջ վերլուծությունները: Պարզվեց` սեփականաշնորհումը դարձել է բիզնեսի ինքնուրույն ճյուղ: Հարուստների ձեւավորվող դասը ձեռք էր բերում որեւէ ձեռնարկություն կամ օբյեկտ, արագ ապամոնտաժում եւ վաճառում սարքավորումները: Աշխատած գումարները կրկին ուղղորդվում էին սեփականաշնորհում: Հաջորդ խոշոր բացթողումն այն էր, որ սեփականատերը որեւէ պարտավորություն չուներ իր սեփականության նկատմամբ: Հենց այդ պատճառով էլ կարող էր ապամոնտաժել ու մաս-մաս վաճառել այն:

Առաջին փուլում ունեցած լուրջ ձախողումից հետո իշխանությունները վերանայեցին սեփականաշնորհման օրենքն ու կարգը: Խոշոր արտադրական ձեռնարկությունները եւ տնտեսական համակարգերը սկսեցին սեփականաշնորհել հատ-հատ եւ, որ ամենակարեւորն է, առանձին պայմանագրերով: Այդ պայմանագրերը որոշակի պարտավորություններ էին դնում ապապետականացված հիմնարկների նոր տերերի առջեւ: Ասել, որ նոր մեթոդը կատարյալ էր, սխալ կլինի, բայց դրական հետեւանքներ ունեցավ: Ապացույցը հեռախոսահամակարգի սեփականաշնորհումն է, որի բացասական հետեւանքները հանրահայտ են եւ կարիք չկա դրանք առանձին ներկայացնել: Փոխարենը հիշեցնենք, որ կառավարությանը երկու անգամ հաջողվեց օգտագործել պայմանագրի գոյության փաստը: «ԱրմենՏելը», խուսափելով Միջազգային տնտեսական դատարանից՝ զիջումների գնաց: Սակայն միեւնույն է, հենց որեւէ նկատվող ոլորտ կամ օբյեկտ է հանվում սեփականաշնորհման, քաղաքական ուժերի մեծ մասը սկսում է շահարկել այդ փաստը: Այսպես դիվիդենտ ձեռք բերելը դժվար չէ, որովհետեւ հասարակությունը վախենում է: Ցանկացած սեփականաշնորհման փաստ Հայաստանում ընկալվում է որպես քցոցի ու խաբեություն: Քաղաքական պոպուլիստական ուժերը հակված են ամեն ինչ ազգային արժեք կամ ստրատեգիական երեւույթ համարել: Օրինակ հիմա մարզահամերգային համալիրը ազգային արժեք որակելով՝ համեմատում են Մատենադարանի եւ Ազգային պատկերասրահի հետ: Բլեֆն ակնհայտ է: Ոչ մի երկրում Ազգային պատկերասրահը կամ խոշորագույն գրադարանը մասնավոր սեփականություն չէ: Բայց մասնավոր սեփականություն կարող է լինել տնտեսության ցանկացած ոլորտ: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր արգելքների եւ կարգավորիչ միջամտության սահմանը: Ֆրանսիայում, օրինակ, ջրային տնտեսության ոլորտում եւ պետական, եւ մասնավոր սեփականություն կա: Միակ օրենսդրական սահմանափակումն այն է, որ ջրամբարների, ջրային համակարգերի սեփականատերը երկրի քաղաքացի պիտի լինի:

Տնտեսության մեջ հիմնական շահը տնտեսական արդյունավետությունն է: Եթե օդային երթուղիների գները մատչելի են, եւ ինքնաթիռները չվերթեր կատարում են, ամենեւին էլ կարեւոր չէ՝ դրանք պետակա՞ն են, թե՞ մասնավոր: Հանրահայտ է նաեւ, որ պետությունը վատ տնտեսվարող է: Այս պատճառով շուկայական տնտեսության երկրներում իշխանությունները գերադասում են ապապետականացնել բոլոր այն ոլորտները, որոնք պահանջարկ ունեն մասնավորի մոտ: Լավագույն օրինակը, թերեւս, անգլիական երկաթուղիների պատմությունն է: Հենց ոլորտը դառնում է շահութաբեր, այն մասնավորեցվում է, վնասով աշխատելու շրջանում կառավարությունը ետ է գնում եւ ինքը շահագործում: Պետության վատ տնտեսվարելու ինքնատիպ օրինակի կարելի է հանդիպել Ռուսաստանում: Նման «խմող» երկրում, ուր օղին հանապազօրյա հացի պես բան է, պետական «ՀՏրրտՌՐՑտՐՏՎ» ընկերությունը, որին պատկանում է Ռուսաստանում արտադրվող սպիրտի 60 եւ օղու 40 տոկոսը, աշխատում է վնասով: 2005-ի մայիսի 1-ի դրությամբ այս ընկերության պարտքը կազմել է 1 մլրդ ռուբլի։ Նման ցուցանիշներ ունեցող ոլորտներն ապապետականացնելով՝ պետությունն ազատվում է բազում վերահսկողական գլխացավանքներից: Փոխարենը՝ իրեն վերապահելով միայն հարկեր գանձելու հաճելի պարտականությունը: Այս պարագայում անգամ խիստ կարեւոր է մնում այն պայմանագիրը, որը կնքվում է սեփականաշնորհելիս: Ճիշտ պայմաններ պարտադրելը մեր չինովնիկները սովորեցին բազում սխալներ թույլ տալով: Օրինակ, Երեւանի կոնյակի գործարանի սեփականաշնորհումը պատահաբար հաջող ստացվեց: Ֆրանսիական ընկերությանը ճիշտ պայմաններ չպարտադրվեցին` ոչ խաղողի մթերման, ոչ շշալցման նվազագույն ծավալ, եւ այլն: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն արգենտինահայ Է. Էռնեկյանին հանձնելու պայմանագիրն այլ պարտավորությունների հետ արձանագրում է, որ օդանավակայանը ոչ բնակլիմայական պատճառներով չի կարող փակվել յոթ օրից ավելի: Այլապես պետությունն իրավունք ունի չեղյալ հայտարարել պայմանագիրը, առանց վարձակալի ներդրումները վերադարձնելու:

Այսինքն, եթե սեփականաշնորհումը կամ ապապետականացումը կատարվում է ճիշտ ու մանրամասն մշակված պայմանագրով` պետությունը միշտ շահում է: Խնդիրը պարզապես այն է, որ ապագա սեփականատերը Հայաստանում միշտ հաջողում է շահագրգռել պետական պաշտոնյաներին եւ ստորագրել տալ իրեն ձեռնտու պայմանագիր: Այլապես հասարակությունը այդքան չէր վախենա սեփականաշնորհումից: Անիմաստ չէր դողա ամեն մի օբյեկտի համար: Մարզահամերգային համալիրն ի վերջո Երեւանի դիմանկարը կերտող կառույցներից չէ: Հատկապես, որ նոր սեփականատերը խոստանում է չփոխել շինության արտաքին տեսքը եւ գործունեության պրոֆիլը: Ասածից պետք չէ ենթադրել, որ ես գովերգում եմ այս սեփականաշնորհումը: Նախ՝ չի հրապարակվել գործարքի պայմանագիրը: Երկրորդ` սա սեփականաշնորհման հերթական գաղտնի օրինակ է: Եվ կարծում եմ, որ վախենալ պետք է միայն ոչ հրապարակային եւ ոչ մրցութային սեփականաշնորհումներից:
Տպելու համար