168 Hours Weekly Online  
Wednesday, September 3, 2014



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Բուժիչ նամականեր

Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ | Հուլիս 7, 2009

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կոճապղպեղը (իմբիր) ունիվերսալ դեղամիջոց է

Որքան էլ զարմանալի է, ամենաօգտակար համեմունքներից մեկը` կոճապղպեղը, մեզանում այնքան էլ ընդունված չէ: Կոճապղպեղ` թարգմանաբար նշանակում է՝ «ունիվերսալ բուժամիջոց»: Դեռեւս մ.թ. առաջին դարում կոճապղպեղն օգտագործվել է որպես հակաթույն: Որպես համեմունք, այն բազմաթիվ ուտեստների մեջ է օգտագործվում: Ավելին, այն օգտագործում են թեյի մեջ կամ, օրինակ, կիտրոնի հետ: Դժվար է գտնել մի այնպիսի համեմունք, որում միաժամանակ համադրվեն հաճելի համն ու օգտակար, բուժիչ հատկությունները:

Կոճապղպեղն օժտված է քրտնամուղ, ցավազրկող եւ խորխաբեր հատկություններով: Կոճապղպեղը սնունդը դարձնում է հեշտամարս` միաժամանակ հաղորդելով նրան թեթեւ կծվություն: Այն սնուցում է բոլոր հյուսվածքները: Կոճապղպեղի կանոնավոր գործածումը բացում է ախորժակը, բարձրացնում է ներքին ջերմությունը, այդ պատճառով այն օգտակար է հատկապես սառը եղանակին: Կոճապղպեղով թեյը շատ լավ միջոց է ֆիզիկական եւ մտավոր հոգնածության դեպքում, որն օգնում է վերականգնել ուժերը ծանրաբեռնված աշխատանքային օրից հետո: Այս բույսի կարեւորագույն հատկություններից մեկն էլ այն է, որ ցածրացնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ: Վայրի կոճապղպեղը թեթեւացնում է հոդային հիվանդությամբ տառապողների վիճակը: Կոճապղպեղը հիանալի միջոց է բոլոր մաշկային եւ ալերգիկ հիվանդությունների դեպքում, այդ թվում` բրոնխիալ ասթմայի ժամանակ:

Տրանսպորտում սրտխառնոցի ժամանակ կամ ծովային հիվանդության դեպքում, կարելի է թեյի կամ հանքային ջրի հետ ընդունել կես թեյի գդալ կոճապղպեղ` ճամփորդությունից կես ժամ առաջ: Նույնիսկ հղի կանայք կարող են խմել շատ թույլ կոճապղպեղի թեյ:

Մրսածությանը շատ լավ օգնում է կոճապղպեղով թեյը` կիտրոնի ու մեղրի հետ: Գլխացավից ազատվելու համար կարելի է կես թեյի գդալ կոճապղպեղը խառնել մի քիչ ջրի հետ, այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված, եւ քսել ճակատին կամ ավելի շատ այն մասին, որ ցավում է: Այդ դեպքում թեթեւ այրոցի զգացումը նորմալ է, պետք չէ անհանգստանալ:

Կոճապղպեղով կարելի է թեթեւացնել թութքի վիճակը: Դրա համար օրը 2 անգամ կարելի է ընդունել կես թեյի գդալ ալոէ՝ մի պտղունց կոճապղպեղով: Կոճապղպեղով կոմպրեսը շատ լավ ազատում է մեջքի ցավից` ավելի լավ, քան շատ բժշկական քսուքներ ու գելեր: Մկանային ցավերը կհանգստանան, եթե ընդունեք կոճապղպեղով վաննաներ: 2-3 ճաշի գդալ կոճապղպեղի փոշին 10 րոպե եռացնել 1 լիտր ջրի մեջ, հետո այս թուրմը լցնել վաննայի մեջ ու նստել:

Ժողովրդական միջոց այրվածքների դեմ

Մարմնի այրված մասը անհրաժեշտ է անմիջապես մտցնել սառը ջրի մեջ ու մեկ րոպե հետո հանել ու վրան ցանել առատ կերակրի սոդա: Շատ տարիներ առաջ բժիշկ Գ.Ֆ. Վոթերսը Գերմանիայում հրապարակայնորեն ցուցադրում էր այրվածքների բուժումը կերակրի սոդայով: Բժիշկը բոլորի ներկայությամբ ձեռքը այրում էր շատ եռման ջրով, հետո մտցնում սառը ջրի մեջ, այնուհետեւ վրան ցանում առատ սոդա եւ կապում: Մեկ օր անց այրվածքն իսպառ վերանում էր, մնում էր միայն ոչ մեծ կարմրություն, որը նույնպես շուտով անցնում էր:

Եթե կոկորդն է այրված, ապա պետք է խմել յուղային նյութեր, օրինակ՝ ձիթապտղի յուղ կամ հում ձվի սպիտակուցի հետ խառնած ջուր:

Իսկ շատ հնում այրվածքները բուժում էին հում ձվի սպիտակուցով: Հարելով սպիտակուցը, դնում էին այրված մասին:

Ժողովրդական միջոցներ ոտքերի քրտնարտադրության դեմ

Վերցնել փոքրիկ կտոր կաղնու կեղեւը, մանրացնել (փոշու վերածել) եւ ամեն օր ցանել գուլպաների ներսի կողմին, այնքան ժամանակ, մինչեւ քրտնաթորությունը նվազի կիսով չափ: Խորհուրդ չի տրվում քրտինքից լրիվ ազատվել, քանի որ քրտնարտադրությունը նաեւ անհրաժեշտ է օրգանիզմին: Ոտքերի քրտնարտադրությունը չափազանց արագ նվազեցնելու դեպքում, ինչպես պնդում են որոշ մասնագետներ, բուժվողի մոտ ուժեղ գլխացավեր առաջ կգան: Կարելի է նաեւ ամեն օր ոտքերը լվանալ սառը ջրով: Իսկ եթե վերը նշված միջոցներից ոչ մեկը չի օգնում, ապա անհրաժեշտ է շիբի փոշի օգտագործել: Փոշին ցանել գուլպաների մեջ ու հագնել: Մի քանի պրոցեդուրաներն իսկ դրական ազդեցություն կտան:
Տպելու համար