168 Hours Weekly Online  
Tuesday, July 29, 2014



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Տասը դոլար, որ կարող են փոխել աշխարհը

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ | Հոկտեմբեր 28, 2008

Զրույց բանաստեղծ, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր Վիոլետ Գրիգորյանի հետ

- Գրողների միության (ԳՄ) անդամ եք: Առհասարակ, ստեղծագործական միությունների, մասնավորապես՝ ԳՄ-ի դերը սպառված չէ՞: Շեքսպիրը, հայտնի է, որեւէ միության, առավել եւս ՝ գրողների, անդամ չի եղել, նույնը՝ Գյոթեն, մյուսները, սակայն կարծես այնքան էլ վատ չեն ստեղծագործել:

- Շեքսպիրի ժամանակ ոչ միայն Գրողների միություն չկար, այլեւ էլեկտրականություն, բայց հիմա ոչ ոք չի ասում՝ մոմի լույսի տակ ավելի լավ է գրվում։ Գրողների միության դերը մեկի համար կարող է կարեւոր լինել, մյուսի համար՝ ոչ, դեմոկրատիան բազմապատկում է դիտանկյունները։ Եթե մոտ 400 գրող ուզում են այդ միությունը, դա իրենց իրավունքն է։ Կարող է հարց առաջանալ, թե ինչի՞ համար են ուզում, օրինակ, հայտնի անեկդոտում երբ մեկին հարցնում են՝ պոմիդոր սիրո՞ւմ ես, պատասխանում է՝ ուտելու՝ հա, բայց նենց՝ չէ։ Հիմա ոմանք ԳՄ-ն դիտում են որպես արհմիություն եւ ոչ թե՝ որպես շեքսպիրներ արտադրող ֆաբրիկա, փորձում են վերաձեւակերպել միության դերը, հո պոմիդոր չի՞, որ արագ որոշես՝ ուտելու է։ Բայց այդ դեպքում էլ տրամաբանական կարող է լինել կառուցվածքային փոփոխությունների պահանջը։ Ուղղակի ես հետաքրքրված չեմ ԳՄ-ով, վաղուց արդեն իմ գրական հետաքրքրությունները Գրողների միությունից դուրս եմ բավարարում. շուտով կտպագրվի «Ինքնագրի» հերթական համարը (որը վաճառվում է «Արտբրիջ» գրախանութում), իսկ մեր գրական ակումբն արդեն 7 տարի ամենշաբաթյա քննարկումներ է անցկացնում։

- Իսկ ինչո՞ւ է այնպես, որ ԳՄ անդամների ստեղծագործական պիկը հասարակությունը սկսում է նկատել այն ժամանակ, երբ պետք է գրողներով միմյանց հոգեբանորեն ոչնչացնել, վարկաբեկել, անվանարկել:

- Ձեր հեգնած պիկը, այսինքն՝ ղալմաղալ ու սկանդալը, մամո՛ւլն է սիրում եւ հենց դա՛ է հասարակությանը նկատել տալիս։ Հայտնի պատմություն կա, որ Բրյուսովը հայ պոեզիայի անթոլոգիա կազմելիս շատ է զարմացել, թե ինչ լավ հայ բանաստեղծներ կան, ինչպե՞ս իրենք Ռուսաստաններում խաբար չեն եղել, ու Թումանյանը մի հոդվածում պատասխանել է՝ մինչեւ հիմա այստեղ գող ու ավազակ, ոճրագործ ու մարդասպան էիք փնտրում, դա էիք գտնում, բանաստեղծ չէիք փնտրում, որ գտնեիք։ Հիմա մեր լրագրողները այդ ե՞րբ են գրականություն փնտրել, որ գտնեն։ Քաղաքական գործիչների կամ աստղերի հետեւից վազվզելու արանքում էլ ժամանակ ու հավես կմնա՞ գրողներին անդրադառնալիս գոնե մի երկու տող նրանց գրածից կարդալ, որ գրականության մասին գրեն։ Լրագրողների համար գրական հարցերը հենց էդ վեճերն են։ Ինչ փնտրում են` էն էլ գտնում են։ Լրագրողներից շատերը, մարդ ա մի քաղաքական գործչի կամ կուսակցության թեւի տակ մտած, իրենց հացը վաստակում են քաղաքական սեւ ու սպիտակ փիարով, ու վատ էլ չեն վաստակում, բայց գրողների մասին գրելիս էնպիսի մի բարոյախոսություն են բանեցնում, ասես իրենց հոդվածը ոչ թե ռոճիկով են գրում, այլ՝ ազգափրկիչ առաքելությամբ։

- Թույլ տվեք գոնե մասամբ չհամաձայնել, քանի որ տաղանդավոր գրողներին հայտնաբերելը լրագրողների առաքելությունը չէ, առավել եւս, լրագրողները չէ, որ մեղավոր են, եթե գրողների մեծ մասը, մեղմ ասած, տաղանդավոր չէ կամ իշխանություններին գովերգելն է համարում գրական մտքի թռիչք: Անգամ այն գրողները, ովքեր վտարվել են ԳՄ-ից, պնդում են, որ այժմ գրական ասպարեզը միջակություններինն է, նրանցը, ովքեր նախագահի մրցանակին արժանանում են իրենց «վրանբաց» գործերով ՝ նկատի ունենալով Դավիթ Հովհաննեսի հայտնի ժողովածուն: Ժամանակին նման խնդիր կար նաեւ Ձեր բանաստեղծությունների հետ կապված. գրողները բողոքում էին Ձեր՝ ոչ նորմատիվ լեքսիկոնով գրված բանաստեղծությունների դեմ:


- Գրողների միությունից առաջ Աստված է լիքը «միջակություններ» արտադրել, որոնք կոչվում են մարդ, բայց ես Աստծուց չեմ ակնկալում, որ հանճարներ արտադրի, ուր մնաց՝ Գրողների միությունից։ ԳՄ-ն հանճարների բուծարան չի ու չի էլ կարող լինել։ Իսկ «վրանբացությունը» գրական մրցանակի հակացուցում չի, շատ-շատ՝ տերտեր օծելու հակացուցում լինի Էջմիածնին։ Բայց Էջմիածնի փոխարեն էսօր տերտերություն են անում շատերը՝ բոլոր էն մարդիկ, որ գիշերը երազում Աստծուց հանձնարարություններ են ստանում «միջակությունների» գրածները խմբագրելու ու նրանց կարգի հրավիրելու։ Մեր հասարակությունն էլ, քանի որ բավական երեսպաշտ է, ցերեկը նամուսի մեռած կույսի ցենզուրա է պահանջում, գիշերը թաքուն կարդում ցերեկվա դատափետածը։ Առհասարակ, մեզանում քաղաքացիական ասելիս՝ հասկանում են՝ տերտերական, եւ աջ ու ձախ քարոզում-հորդորում են, որ միեւնույն «ճշմարտությունը» ընդունեն, միատեսակ կողմնորոշվեն։ Ինչ վերաբերում է ԳՄ-ից գրող վտարելուն, կարծում եմ՝ նման հարցերը իրավական լուծում պիտի ստանան, որպեսզի կամայականությունների տեղիք չտան։

Մի պատմություն էլ Մոլլա Նասրեդինից պատմեմ. կեսգիշերին մոլլան արթնանում է փողոցի շուխուրից, վերմակով փաթաթված տնից դուրս է գալիս, տեսնում՝ վեճ է։ Վերմակը գցում, վազում է, որ բաժանի կռվողներին, հետ է գալիս, տեսնում՝ վերմակը չկա։ Տուն է գնում, կինը հարցնում է՝ ինչի՞ համար էին կռվում, ասում է՝ իմ վերմակի։ Հիմա սա է. ամեն անգամ իրար հետ կռվելուց պարտադիր իմ «վերմակին» էլ են անդրադառնում, այս անգամ էլ պարզվեց, որ ես պոռնո-գրականության մայրն եմ։ Ինչ արած, թե որբ է մնացել խեղճը, թող ինձ մամա ասի, ես երեխա չունեմ։

- Ենթադրում եմ` այդ գրականությունը շատերին կարող է ոչ միայն «մամա», այլեւ «պապա» ասել:

- Ես դեռ պոռնո չեմ գրել. գուցե հետո գրեմ, քանի որ պոռնոյին կարելի է դիմել նաեւ գեղարվեստական, ինտելեկտուալ խնդիրների տեսանկյունից, բայց առայժմ իմ գրածների մեջ կարելի է գտնել ոչ նորմատիվ լեզու, ոչ ցենզուրային բառապաշար, էրոտիզմ… Իսկ սրանք տարբերվում են ոչ միայն պոռնոյից, այլեւ միմյանցից։ Ոչ նորմատիվ լեզվի կիրառումը կարող է բոլորովին էլ «վրանբաց» տեսարաններ նկարագրելու համար չլինել, օրինակ, Հրանտ Մաթեւոսյանի «Ռուսաստանները»՝ «Ռուսաստանի» փոխարեն, Չարենցի «հեռեւում»-ը, «մահվել է» եւ այլն։ Ոչ ցենզուրային բառապաշար կարող է լինել ոչ միայն պոռնո, այլեւ «ազգային-ազատագրական» գրականության մեջ, եթե, օրինակ, հեղինակն ուզում է, որ իր հայ հերոսը հայհոյի թուրքին։ Իսկ էրոտիզմը մեր գրականության մեջ շատ ավելի նուրբ ակնարկներով է արտահայտվում, քան արվեստի այլ ժանրերում ու մշակութային այլ դրսեւորումներում, որ պատկերային ու տեսողական են։ Եվ դա ոչ միայն գեղանկարչության մեջ, հսկայական վահանակներին ու տեսահոլովակներում լեցուն մերկ մարմիններին է վերաբերում, այլեւ նույնիսկ առաջին հայացքից անմեղ թվացող գովազդներին, օրինակ՝ խեցգետնի ու գարեջրի շշի գրկախառնության, լվացարանների «գրգռիչ» կորություններին, որ ցուցադրվում են տարփալի հառաչանքների ու տնքտնքոցների ուղեկցությամբ։ Այս ամենը եւ հատկապես գրականությունը, պետք է վերլուծել, ոչ թե պիտակավորել։

- Արժեքավոր գրականություն ստեղծել ժամանակակից գրողների համար պիտի որ բարդ լինի, քանի որ համաշխարհային գրականությունը՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից, ունի այնպիսի գագաթներ, որ թվում է՝ ասվել են հնարավոր բոլոր ճշմարտությունները:


- Ձեր ասած գագաթները չէին լինի, եթե այդպես մտածեին իրենց նախորդների մասին, որ նրանք արդեն ամեն ինչ ասել-պրծել են։ Իսկ իմ պատկերացրած ժամանակակից գրականությունը ճշմարտություններ ասելու խնդիր չի դնում։ Ամեն ժամանակ արվեստի իր խնդիրներն է թելադրում եւ վերընթերցում ու նոր կոնտեքստների մեջ է դնում նաեւ նախորդ արվեստը։

- Ժամանակները գուցե եւ թելադրում են իրենց ասելիքը կամ, ավելի ճիշտ՝ ձեւը, սակայն բոլոր մարդկանց համար խնդիրները, որպես կանոն, ունիվերսալ են՝ ծնունդ, հարազատի կորստի վախ, վախ մահվան հանդեպ եւ շատ այլ զգացողություններ: Բոլորի էմոցիաները, զգացողությունները նույն բանի հանդեպ գուցե տարբեր ելակետեր կամ դրսեւորումներ ունեն, բայց դրանք միեւնույն, նման խնդիրների շուրջ են:

- Արվեստի ունիվերսալ թեմաներն ու խնդիրները, Ձեր թվարկածներից բացի, նաեւ հենց սեռական հարցերն են: Ու քանի որ, Ձեր ասածի պես, միեւնույն երեւույթի հանդեպ տարբեր զգացողություններ կան, արվեստն էլ բազմազան է լինում։

- Գրողները վրդովված են, որ ճշմարիտ գրականությունը ուշադրության չի արժանանում, մինչդեռ ոչ նորմատիվ լեքսիկոնի, պոռնո նկարագրություններով համեմված գրականությունն արժանանում է ընդհուպ նախագահական մրցանակի՝ նկատի ունենալով Դավիթ Հովհաննեսի ժողովածուն:

- Այդ գիրքը դեռ չեմ կարդացել, կպատասխանեմ տեսականորեն: Եթե նախագահական մրցանակ է տրվում մի գրականության, որը պարսավանքի է արժանանում «պոռնո» նկարագրությունների համար, ուրեմն նախագահական մրցանակը, կամա-ակամա, ձեռնոց է նետում հասարակության պահպանողականությանը եւ խախտում «ճշմարիտ» գրականությունը որոշելու մոնոպոլիկ դիրքորոշումն ու էլիտար հիերարխիան, որ Սովետից է դեռ մնացել: Ուղղակի հաճախ մեր գրական աշխարհում ոչ թե գեղարվեստական սկզբունքներով են գրքերը գնահատվում, այլ՝ ախպերության շահերով։

- Ըստ Ձեզ՝ գրողը պե՞տք է ձեռքը պահի հասարակական, քաղաքական կյանքի զարկերակին, թե՞ արվեստը վեր է նման բաներից:


- Արվեստը ամենալուրջ քաղաքականությունն է, այդ քաղաքական գործիչներն է, որ պետք է ձեռքը պահեն արվեստի զարկերակի վրա, որ հասկանան հասարակական պրոցեսները։ «Ինքնագրի» 4-րդ համարում տպագրված է հայտնի գիտնական Էդվարդ Սայիդի մի հարցազրույց, որտեղ նա, արաբական գրականության մասին խոսելով, ասում է, թե կարելի է ճիշտ պատկերացում կազմել արաբական աշխարհում տեղի ունեցածի մասին հինգ ժամանակակից բանաստեղծություն կամ վեպ կարդալով, եւ ոչ թե Միջին Արեւելքի Ինստիտուտի հրատարակած ուսումնասիրությունների ամբողջ գրադարանը, քանի որ Միջին Արեւելքով զբաղվողների մեծ մասը քաղաքագետներ են, որոնց գիտությունը հիմնված է արաբական հասարակության կամ մահմեդականության մասին եղած կարծրատիպերի վրա։ Այսինքն՝ արվեստը, գրականությունը կարող է հաղթահարել քաղաքական կարծրատիպերը։ Իսկ մի քանի օր առաջ էլ «Եվրոնյուզով» հնդիկ մի գրողի հետ հարցազրույց էին վարում այս ֆինանսական ճգնաժամի մասին:

- Այսինքն՝ Դուք վստահ եք, որ մեր գրողները, միմյանց ընդհատելով, կարող են ներկայացնել այն վտանգները, որը ֆինանսական ճգնաժամը կարող է բերել աշխարհին ու Հայաստանի՞ն, եւ նույնիսկ անդրադառնալ դրան իրենց գրականության մե՞ջ:


- Ավելի լավ չէ՞, որ իրար չընդհատեն ու տնտեսագետների պես լեզվակոխ չանեն տնտեսագիտական տերմիններով ու թվերով, որոնցից ոչ լրագրողներն են մի բան հասկանում, ոչ էլ մենք՝ ընթերցողներս, բայց հիմար չերեւալու համար հարցեր չենք տալիս։ Համենայն դեպս, գրողները կարող են տնտեսագետների բանաձեւերից շատ ավելի տպավորիչ գեղարվեստական պատկերներով գրել մեր կյանքում այս ճգնաժամի դրսեւորման մասին։ Ես, օրինակ, սպասում եմ, թե ֆինանսական ճգնաժամը ինչպես կարտահայտվի Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակում». հնարավոր է, որ այս խոսքս ու ակնկալիքս, ես ու դու էլ հետը՝ միասին, Լիլիթ ջան, հայտնվենք նրա վեպի հաջորդ գլխում։ Իսկ «Ինքնագրի» 5-րդ համարում էլ, որ մի երկու շաբաթից լույս կտեսնի, այդ թեմայով գործ կա։

- Ֆինանսական ճգնաժամի վերլուծությունը թողնենք Արմեն Շեկոյանին, իսկ Ձեզնից, Վիոլե՛տ, հետաքրքրվեմ քաղաքականությունից: Վերջին շրջանի ամենակարեւոր քաղաքական իրադարձությունն, ըստ Ձեզ, ո՞րն է։

- Այսօրվա ամենաակտուալ հարցը ԱՄՆ նախագահական ընտրություններն են, ու իմ կողմնորոշումն էլ Օբաման է, ում քարոզարշավին անձնական լումայով եմ մասնակցել, ավելի ճիշտ, ոչ թե լումայով, այլ դոլարով։ ԱՄՆ-ում ապրող ընկերուհուս խնդրել եմ, որ իմ անունով 10 դոլար դնի նրա ընտրարշավի համար ստեղծված ֆոնդին։ Ի դեպ, Օբաման վերը հիշածս Էդվարդ Սայիդի ընկերներից է եղել։ Նրա ընտրությունը կարեւոր եմ համարում ոչ միայն իր հավաստիացումների պատճառով, թե կօժանդակի հայերի անվտանգությանը եւ կաշխատի վերջ դնել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանը, այլ հատկապես էն հույսի համար, որ նա արթնացնում է միլիոնավոր մարդկանց մեջ, թե վերջապես Բուշի էքսպանսիվ, ուժային քաղաքականության փոխարեն, երկրորդ կամ երրորդ աշխարհի երկրներին ախկոյի գույնի հեղափոխություններ պատվիրելու փոխարեն՝ Ամերիկան կրկին կփորձի մարմնավորել ազատության, ստեղծագործականության, առաջադիմության իդեալներն ու դեմոկրատական արժեքները։ Եվ նման իդեալների շնորհիվ հնարավոր է, որ մեր ու մեր նման երկրներում ոչ թե տուրք տան նացիոնալիզմի ու ինտերնացիոնալիզմի հին ու գռեհկացված մտայնություններին, որոնք փոխադարձաբար իրար սնում ու պայմանավորում են, ոչ թե ընկնեն «թուրքը մնում է թուրք» կամ «թուրքի հետ քիրվայություն անելու» ծուղակը, ոչ թե վկայակոչեն արյան ու հողի կանչը կամ սովետական «եղբայրական ժողովուրդների» նոստալգիան, այլ փորձեն ստեղծել ժամանակակից երկիր։

- Կարծում եմ, Ձեր անունով փոխանցված տասը դոլարը ճակատագրական կլինի Օբամայի համար, եւ նա կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը:
Տպելու համար