168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Ինչպես են հայերը «տունուտեղ» դնում

Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ | Մայիս 5, 2005

Մեր ազգի պատմության ողջ ընթացքում յուրաքանչյուր հայ, իր գիտակցական կյանքը սկսելու պահից, մտածում է «տունուտեղ» դնելու մասին: Եվ քանի որ առաջներում մեր նախնիների մտքով անգամ չէր կարող անցնել, որ իրենց թոռներն ու ծոռները երբեւիցե կարող են եվրոպական արժեքների կրող լինել, հետեւաբար, նրանք չէին էլ պատկերացնում, որ «տունուտեղ» կարելի է դնել ոչ միայն Հայաստանում, այլ, ասենք, Իսպանիայում, Էմիրաթներում կամ Միացյալ Նահանգներում:
Առաջներում «տունուտեղ» ասելով՝ հասկանում էին հողակտորը (իհարկե, նրանք կերազեին այսօրվա «սեփականատերերի» չափ հող ունենալ), անկողինը, աղջկա օժիտը (երեւի միակ բանն է, որ համընկնում է ժամանակակից հայերի «տունուտեղ» հասկացողության հետ) եւ անասունների քանակը: Խորհրդային տարիներին «տունուտեղ»-ը աշխատում էին ի ցույց չդնել, այլ պահում էին անկողնու տակ կամ կանանց «չուլքիների» մեջ: Բնականաբար, դա կամ ոսկեղեն էր, կամ փող, կամ այն ժամանակ շատ ընդունված եւ «պրեստիժնի» 3 տոկոսանոց «աբլիգացիաները»: Հետո, երբ, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը, «տղեքը եկան», սկսվեց «տունուտեղ» դնելու նորագույն պատմությունը: Իսկ սկսվեց այն հնում դրած «տունուտեղ»-ը վաճառելուց: Ավելի ուշ հանրապետության ողջ բնակչությունը, հիշելով ատոմակայանը փակողների դեմքերը, «տունուտեղ» ասելով՝ առաջին հերթին պատկերացնում էր պարսկական նավթավառները, «սուխոյ» սպիրտը, երկու ժամում լիցքավորվող լապտերները եւ, իհարկե, ավտոմեքենայի մարտկոցով աշխատող հեռուստացույցները: Իսկ երբ եկավ «լավ տղեքի» ժամը՝ «տունուտեղ»-ը դառավ հայկական մրցակցության ձեւ: Ով շատ տուն կգնի Երեւանի կենտրոնում, ով շատ «Մայբախ» ու «Ֆանտոմ» կարող է ունենալ («Համմերն» արդեն «հավայի» մեքենա է դառել), ով որ ծովի որ կղզում եւ ինչ չափերի դղյակ կարող է ունենալ: Մինչեւ վերջին երկու ամիսը, թվում էր, թե դոլարը համարվում էր ժամանակակից «տունուտեղ»-ի անբաժանելի մասը: Սակայն վերջին օրերին ԱՄՀ-ի եւ Կենտրոնական Բանկի «լողացող» կուրսը ստիպեց «օրը հազարնոց տղեքին»՝ վերանայել իրենց ունեցվածքի ճիշտ պլանավորումը:
Դեռ սկզբում ես նշեցի, որ «տունուտեղ» դնում են ոչ միայն «օրը հազարնոց տղեքը», այլեւ մահկանացու հայերը, հետեւաբար, մի քիչ էլ խոսենք նրանց մոտեցումների մասին: 12 «պերսոնանոց սերվիզները» եւ «յուգասլավսկի կամբինացիաները» արդեն ոչ պրոբլեմ են, ոչ էլ արդիական: «Վիդեոյով» ոչ մեկին չես զարմացնի: Այսօր երիտասարդների ամենամեծ խնդիրը բնակարանն է: Եվ հենց այստեղ տեղին է հիշել մեր «կայացած բանկային համակարգի» կողմից տրամադրվող հիպոտեկային վարկերի տոկոսադրույքների չափի եւ ժամանակի մասին: Եթե խոսենք Երեւանում կառուցվող էլիտար շենքերի մասին, այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ Հայաստանում «էլիտան» կազմում է 60-70%: Իսկ եթե նշենք, որ Երեւանի իսկական էլիտայի 60-70%-ը վաղուց հանրապետությունում չէ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է մեր այսօրվա (աստված մի արասցե, որ դա լինի նաեւ վաղվա) էլիտան:
Ինչպես միշտ, ես մի փոքր շեղվեցի մեր այսօրվա թեմայից: Վերադառնալով բուն նյութին՝ ուզում եմ նկատել (վերջիվերջո, ես լավատես եմ, չէ՞), որ ժամանակակից «տունուտեղ» դնելու պարագաների մեջ է մտնում նաեւ երեխաների լավ կրթությունը: Ու չնայած մեր պետությունը կրթության համար նախատեսում է ծախսել ընդամենը ՀՆԱ-ի 2%-ը, սակայն անհատական մակարդակով այս հարցին սկսել են շատ լուրջ վերաբերվել:
Այնպես որ, ես համոզված եմ, որ 21-րդ դարում կրթություն ստացած հայերը ճիշտ որոշումներ կկայացնեն «տունուտեղ» դնելուց:
Տպելու համար