168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Արդյո՞ք ՆԱՏՕ-ն հակացուցված է Հայաստանին

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Արտակարգ եւ լիազոր դեսպան | Ապրիլ 28, 2005

Նախկին Խորհրդային Միության տարածքում հեղափոխությունների շղթայական ռեակցիան, ռուսական սահմանների պարագծով լարվածության ուժեղացումը եւ ԱՊՀ հոգեւարքը հայկական քաղաքական իսթեբլիշմենտին կանգնեցնում է մեծ դիլեմայի առաջ. Ռուսաստա՞ն, թե՞ եվրաատլանտյան ինտեգրացիա: Հռետորական թվացող այս հարցն ունի կենսական նշանակություն, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն տարբեր քաղաքակրթությունների եւ նրանց համակարգային կառույցների միջեւ ճիշտ ընտրություն կատարելու խնդրին, այլեւ երկրի պետական ազգային անվտանգությանը: Այսպես, օրինակ, մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունո՞ւմ (ՀԱՊԿ), թե՞ անդամակցել Հյուսիսատլանտյան կազմակերպության պայմանագրին (ՆԱՏՕ): Եթե Հայաստանը կարողանար խուսափել այդ կառույցների մեջ մտնելու «ստիպողականից», քանզի, այսպես թե այնպես, դրանք ռազմական բլոկներ են, անշուշտ, բարեբախտություն կլիներ մեզ համար: Այդ դեպքում մենք կունենայինք Շվեյցարիայի կամ Ավստրիայի նման կարգավիճակ: Ավա՜ղ, դա Հայաստանի համար չէ, եւ մեր աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային բարդ քաղաքական իրավիճակը փաստում են, որ մենք դատապարտված ենք լինել այս կամ այն կոլեկտիվ ռազմական պայմանագրի մեջ: «Noblesse oblige»՝ «վիճակն է պարտադրում»,- կասեր ֆրանսիացին: Հիմա փորձենք հպանցիկ վերլուծել, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում վերոհիշյալ բլոկները եւ դրանցից ո՞րն է շահավետ կամ պակաս վտանգավոր մեզ համար: 1992թ. Տաշքենդում ստեղծված ՀԱՊԿ-ի մեջ մտնում էին Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը,Տաջիկստանը, Բելառուսը եւ Ղրղըզստանը: Վերջինս հեղափոխությունից հետո դե-ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, նույնը վերաբերում է Տաջիկստանին, որտեղից Աֆղանստանի հետ ողջ սահմանը հանձնելով տաջիկներին, Ռուսաստանը ներկայումս շտապ կերպով դուրս է բերում իր սահմանապահ զորքերը: Այսպիսով, սկզբնական 6 անդամի փոխարեն՝ ՀԱՊԿ-ն, փաստորեն, ունի 4 անդամ:

Կոլեկտիվ պաշտպանության իրավունքի մասին ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի իրավապայմանագրային եւ միջազգային նորմերի առումով՝ ՀԱՊԿ-ն նորմալ կազմակերպություն է: Պայմանագրի հիմնական «մեխը» 3-րդ հոդվածն է, որում կարդում ենք՝ «եթե մի անդամ-պետություն ենթարկվում է ագրեսիայի… ապա դա դիտվում է որպես ագրեսիա բոլոր անդամ-պետությունների դեմ», եւ հետո՝ «…բոլոր անդամ-պետությունները կցուցաբերեն նրան անհրաժեշտ օգնություն, ներառյալ` ռազմական»: Այսինքն, եթե, օրինակ, Հայաստանը ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, ապա բոլոր մյուս անդամները ռազմական գործողություններ են սկսում Բաքվի դե՞մ: Որքանո՞վ է դա ռեալ: Անհասկանալի է նաեւ հետեւյալը. այդ ինչպե՞ս է լինում, որ հակոտնյա երկու կազմակերպություն` ՀԱՊԿ-ն եւ ՎՈՒՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա), գոյատեւում եւ խաղաղ գոյակցում են միեւնույն կառույցում` ԱՊՀ-ում, երբ նրանք առանձին-առանձին կամ միասին վերցրած լուրջ պրոբլեմներ ունեն մեկմեկու հետ: Սա, հավանաբար, միջազգային իրավունքի կազուիստիկա է, որը լուրջ ուսումնասիրման կարիք ունի: Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Եվրամիությունը համատեղի երկու հակառակորդ կազմակերպություններ: Իսկ, եթե հանկարծ ՀԱՊԿ-ի անդամ-պետություններից մեկը ռազմական բախո՞ւմ ունենա ՎՈՒՈՒԱՄ-ի որեւէ անդամ-պետության հետ: Ուրեմն` պատերա՞զմ կսկսվի ԱՊՀ տարածքում: Ավելին, աստված մի արասցե, եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ի՛նչ է, ՀԱՊԿ-ն պատասխան հարվա՞ծ է հասցնելու: Բայց չէ՞ որ մեր հարեւանը ՆԱՏՕ-ի անդամ է: Այս դեպքում արդեն ունենալու ենք ապոկալիպսիս եւ Երրորդ Համաշխարհային պատերա՞զմ: Մի խոսքով, այն, որ ՀԱՊԿ-ն դիտվում է որպես Հայաստանի անվտանգության գարանտ ԱՊՀ-ի տարածքում կամ դրանից դուրս, մեղմ ասած, մեծ կասկածանք է առաջացնում:

Այժմ անդրադառնանք ՆԱՏՕ-ին, որը ստեղծվել է 1949թ. Խորհրդային Միության հավանական ագրեսիայից Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան կոլեկտիվ ուժերով պաշտպանելու համար: Սկզբում նա պաշտպանողական, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ հարձակողական մեխանիզմ էր: 1990թ. հայտարարելով, որ Վարշավայի պայմանագրի երկրներն այլեւս չի դիտում որպես թշնամի, ՆԱՏՕ-ն որդեգրեց ստրատեգիայի միանգամայն այլ դոկտրինա, որը պայմանավորում է ուժի գործադրման նոր կանոններ, այն է` օգտագործել բանակը խաղաղարար նպատակներով: Իսկ կոնկրետ ի՞նչ կտա Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանին. 1/ ՆԱՏՕ-ն հանդիսանում է իր անդամների անվտանգության գարանտ, ապահովում է նրանց կայունությունը, օգնում է լուծել միջէթնիկական կոնֆլիկտները, եթե այդպիսիք կան նրանց միջեւ: Թե ինչ նշանակություն կարող է ունենալ այս ամենը Թուրքիայի եւ Ադրբեջանի նման հարեւաններ ունեցող Հայաստանի համար` մեկնաբանությունն ավելորդ է: 2/ ՆԱՏՕ-ի անդամներն իրար նկատմամբ չեն կարող կիրառել ռազմական ուժ կամ ուժի սպառնալիք: Այն խաղաղարար եւ կոլեկտիվ անվտանգության օրգան է: Նշանակում է, Հայաստանի՝ անդամ լինելու եւ ագրեսիայի ենթարկվելու դեպքում, նրա պաշտպանությունը կլինի կոլեկտիվ: Սակայն դրա անհրաժեշտությունը դառնում է զրոյական. որովհետեւ մեր պոտենցիալ թշնամիներից մեկը` Թուրքիան, այդ բլոկի անդամ է, մյուսը` Ադրբեջանը` պատրաստվում է դառնալ։ 3/ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բաց է եվրոպական բոլոր երկրների համար, որոնցում բանակը հսկվում է ժողովրդի կողմից: Այսինքն, ՆԱՏՕ-ում լինելը կօգնի Հայաստանի իսկական ժողովրդական ինստիտուտների կառուցման գործին։ 4/ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մեզ կտա տնտեսական դիվիդենտներ:

Հայաստանի Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցն անհրաժեշտ է դիտել հայ-ռուսական հարաբերությունների պրիզմայով, թեկուզ այն առումով, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Կա նաեւ հարցի հոգեբանական կողմը: Քիչ չեն հայկական այն քաղաքական ուժերը, որոնք ՆԱՏՕ-ի հետ լինելը համարում են հայ-ռուսական բարեկամության դավաճանություն: Սա ժամանակավրեպ է: Նախ` Հայաստանի ՆԱՏՕ-ին միանալն այդ բլոկին աշխարհագրական առումով չի մոտեցնում Ռուսաստանին, ինչին Մոսկվան միշտ էլ բացասաբար է վերաբերվել: Դա մեր փոխարեն կանեն Վրաստանը եւ Ադրբեջանը: Երկրորդը եւ ամենագլխավորը` 1997 թվից տեղի է ունենում ՆԱՏՕ-Ռուսաստան քաղաքական երկխոսություն, որի ընթացքում կողմերը փնտրում են համագործակցության եզրեր եւ հորիզոններ: Պուտինը, Քլինթոնը եւ Բուշը տարբեր առիթներով չեն բացառել Ռուսաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, նշելով, որ դրանից միայն կշահեր խաղաղությունը եւ միջազգային անվտանգությունը: ԽՍՀՄ-ի այդքան շուտափույթ փլուզումից հետո ո՞վ կարող է բացառել դեպքերի նման զարգացումը եւս:

Հաշվի առնելով այս ամենը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջիկա տարիների քայլերը հարկ է ծրագրավորել այն հաշվարկումով, որպեսզի երկիրը մի օր չհայտնվի գլոբալիզացիոն բուռն գործընթացներ ապրող տարածաշրջանի ռազմական, քաղաքական եւ տնտեսական ետնաբակում:
Տպելու համար