168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Ինչպես են հայերը պաշտոն ստանում

Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ | Ապրիլ 21, 2005

Այս թեման կարելի էր ավարտել երկու բառով: Որովհետեւ անգամ հինգ տարեկան երեխան Ձեզ կարող է ասել, որ Հայաստանում պաշտոնի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե Դուք շատ փող ունեք եւ հնարավորինս շատ օճառ: Սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում այդ երկու պարագաները դարձել են անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման՝ պաշտոն ստանալու համար: Այսօր այդ ամենին գումարվել է նաեւ կուսակցական պատկանելությունը: Բնականաբար, եթե Դուք ներկայացնում եք կոալիցիայի անդամ կուսակցություն, ապա Ձեր հավակնությունները շատ մեծ են, անգամ, եթե Ձեր անունը Հովիկ Հովեյան է: Ի դեպ, «Իրավունքի» վերջին համարներից մեկում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ասել էր, որ Հովիկ Հովեյանը նախկինում եղել է իրենց աշխատակիցը, եւ պատրաստակամություն էր հայտնել, անկախ ամեն ինչից, հետ վերցնել Հովեյանին, որպեսզի մշակույթի ոլորտը մաքրվի: Հարգելի՛ պարոն Հարությունյան, Հայաստանում կա եւս մի ոլորտ, որի ղեկավարը նախկինում աշխատել է Հանրային հեռուստատեսությունում: Եվ քանի որ կրթությունն այսօր ոչ պակաս կարեւոր ոլորտ է, խնդրում եմ հետ վերցնել նաեւ Սերգո Երիցյանին:

Վերադառնալով մեր այսօրվա թեմային՝ նշեմ, որ առայժմ Հայաստանում պաշտոն ստանում են երկու ձեւով՝ ընտրովի եւ նշանակովի: Այդ երկու եղանակներն իրարից տարբերվում են նրանով, որ նշանակովի պաշտոնյան պետք է շատ փող տա միայն վերադասին, պաշտոնավարության ողջ ընթացքում «սապոնվի» նույն վերադասին եւ լինի կոնկրետ կուսակցության անդամ. եթե պաշտոնը շատ «յուղոտ» է, ապա հանրապետական, դաշնակ կամ ՕԵԿ-ական, իսկ եթե գրաված դիրքը փոքր է, կարող է լինել նաեւ զանազան կենտրոնամետ կամ պետականամետ «խուրդա» կուսակցություններից մեկի անդամ: Մի փոքր այլ է ընտրովի պաշտոնյայի վիճակը: Նախ՝ նա պետք է նախընտրական շրջանում մի քիչ փող տա ու «սապոնվի» ընտրողներին (մինչ այդ, բնականաբար, փող տալով եւ «սապոնվելով» վերադասին), իսկ ընտրվելուց հետո արդեն անի նույնը, ինչ անում է նշանակովի պաշտոնյան:

Շատ հետաքրքիր է պաշտոնից ազատվածների կամ իրենց պաշտոններում չվերընտրվածների դիրքը: Նրանք հիմնականում կամ շատ արագ հիշում են քրիստոնեական արժեքները եւ դառնում քրիստոնեա-դեմոկրատ, կամ փորձում են ՆԱՏՕ-ին համոզել, որ Հայաստանում էլ կարելի է գտնել Յուշչենկո եւ Սահակաշվիլի: Իհարկե, դա միայն այն դեպքում, երբ այլեւս հնարավորություն չկա տարին մի քանի անգամ «մուֆթա» գնալ Ստրասբուրգ:

Շատ հետաքրքիր են նաեւ պաշտոնին ձգտելու շարժառիթները: Չեմ կարծում, թե 21-րդ դարի հայերն այնքան ռոմանտիկ են, որ ուզում են պաշտոն ստանալ երկիրը զարգացնելու, կամ, ասենք, ժողովրդավարություն հաստատելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար: Առաջին նպատակն, անկասկած, հարստանալն է: Սակայն կան մարդիկ, ովքեր ուզում են հասնել պաշտոնի, որպեսզի շրջապատին ինչ-որ բան ապացուցեն: Դրանք այսպես կոչված «աբիժնիկներն» են, որոնց փոքր հասակում ծեծել են կամ աղջիկ չեն տվել, որովհետեւ նրանք «ցածր» են եղել իրենց դիրքով, եւ այլն:

Շատ հետաքրքիր է պաշտոն ստացած հայերի պահելաձեւը: Շատ դեպքերում նրանք մոռանում են ոչ միայն իրենց ընկերներին եւ բարեկամներին, այլեւ սկսում են խուսափել իրենց անմիջական հարազատներից: Դա բացատրվում է մի քանի հանգամանքներով: Նախ՝ նրանց ճանաչողները ցանկացած պահի կարող են հիշեցնել, «թե ով է եղել Պանիկովսկին մինչեւ հեղափոխությունը»: Հետո՝ նրանցից կարող է սկսեն պաշտոն կան փող ուզել: Եվ վերջապես, ինչպե՞ս կարող է «Ինքը» շփվել ինչ-որ ժողովրդական զանգվածների հետ, չէ՞ որ նրանք իր հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Այս ամենի հետեւանքով պաշտոնյաները սկսում են շփվել հիմնականում նրանց հետ, ովքեր իրենց երեսին ծիծաղում են, բայց հետեւից հայհոյում, այսինքն՝ պոտենցիալ «տակ փորողների հետ»:

Մի խոսքով, ո՛չ պաշտոնյա հայեր, եթե մտադրություն ունեք հասնել ինչ- որ պաշտոնի, ավելի լավ է ընտրեք մարդավարի ապրելակերպը, որովհետեւ, ինչպես տեսնում եք, հայ պաշտոնյան՝ փողի հետ միասին ունենում է շատ նախանձողներ, հայհոյողներ եւ անիծողներ: Հիմա ես չեմ՝ դուք եք, բա արժե՞ այդքան «սապոնվել», որ հետո այդքան «հայհոյանք ուտես»:

Պաշտոնի չձգտող հայ՝ Ա. Ք.
Տպելու համար