168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

QUO VADIS? ՅՈ ԵՐԹԱՍ

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Արտակարգ եւ լիազոր դեսպան | Ապրիլ 14, 2005

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգը` այսպես կոչված` կոմպլեմենտարիզմը, որը շրջանառության մեջ մտավ 98-ից, օրերս, հրաժեշտ տալով իր «կնքահայր» Վարդան Օսկանյանին, ոչ եւս եղավ: Այդ քաղաքական դոկտրինան, որն ի սկզբանե խարսխված էր Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ հավասարակշռվելու սկզբունքի վրա, վերջին շրջանում իջավ օտար տերությունների միջեւ անհաջող մանեւրների եւ դիվանագիտական սեթեւեթանքների մակարդակին: Արդյունքում այն փլուզվեց` առանց բավարար իրագործելու իրեն վերապահված խնդիրները, որոնք են. ա) պետության ազգային անվտանգության ապահովումը` հիմնականում կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Չնայած հայկական կողմի ռազմական հաղթանակին, հարցի դիվանագիտական կարգավորումը մտել է փակուղի, ռազմական վտանգ ստեղծելով եւ՛ Հայաստանի, եւ՛ Լեռնային Ղարաբաղի համար, բ) երկիրն իր միջազգային գործունեության միջոցով է ավելացնում քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մյուս բնագավառների պոտենցիալը: Կոմպլեմենտարիզմը չի ապահովել այս խնդրի լուծումը եւս, գ) օսկանյանական հայեցակարգը միջազգային ատյաններում եւ կառույցներում չի կարողացել հասնել պետության դերի եւ հեղինակության ամրապնդմանն ու բարձրացմանը:

Նշված գերկարեւոր նպատակների ձախողումը ստեղծել է տագնապահարույց իրավիճակ: Կոնկրետ` Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից: Կոպիտ ասած` բոլոր առումներով մեկուսացվել է՝ զրկվելով ներկա եւ հետագա կոմունիկացիաներից: Պատմությանը հայտնի են շատ դեպքեր, երբ մեկուսացված երկրները մատնվել են աղքատության, իսկ բանուկ ճանապարհների վրա հայտնվածները դարձել են ծաղկուն օազիսներ: Այստեղ չենք անդրադառնում Վրաստան-Թուրքիա կամ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան կառուցվելիք երկաթգծերին. այդ մասին բազմիցս գրվել է: Մի կողմ թողնենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որի իրագործումը, ըստ մեր պաշտոնական հաղորդագրությունների՝ պետք է որ տապալվեր: Ավելի մտահոգիչն ապագայի հեռանկարներն են: «Չնայած տարածքի եւ բնակչության փոքրությանը, Ադրբեջանն իր վառելիքաէներգետիկ հսկայական ռեսուրսներով ունի աշխարհաքաղաքական վճռորոշ նշանակություն»: Մեջբերումը ազերիական «Զերկալոյից» չէ: Այն պատկանում է ժամանակակից ակնառու վերլուծաբաններից մեկի` Զբիգնեւ Բժեզինսկու գրչին: (Երբ կարդում ես այս տողերը՝ պարզապես անհարմար ես զգում մեր մասնագետների «պրոֆեսիոնալ» մակարդակի համար, որոնք ազդարարում էին, թե Ադրբեջանի նավթային պաշարները սահմանափակ են): Զ. Բժեզինսկին, ի դեպ, կանխատեսում է, որ Ադրբեջանը դառնալու է Միջին Ասիայի «նավթառատ» երկրներն Արեւմուտքի հետ կապող կարեւոր մագիստրալ: Հարուստ երեւակայություն պետք չէ ունենալ պատկերացնելու համար, թե ինչ հեռանկարներ կարող են բացվել Բաքվի առջեւ, որն, ի դեպ, արեւմտամետ ուղղվածությունը հաջողությամբ զուգակցում է Մոսկվայի եւ Թեհրանի` իր դիվանագիտական հարաբերությունների հետ: Սկսված հարյուրամյակի նման աշխարհաքաղաքական ամբիցիոզ ծրագրերին, անշուշտ, անմասն չեն մնա նաեւ Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Իսկ Հայաստա՞նը: Նրա արտաքին քաղաքականությունը ծրագրող եւ իրագործող պետական այրերը պետք է որ հասկանան. Հայաստանի ներկա միջազգային կարգավիճակը աշխատում է մեր դեմ: Դրա վերանայման եւ փոփոխման գաղափարը դառնում է դոմինանտ: Մենք պարտավոր ենք, մենք դատապարտված ենք հաշտվել եւ նորմալացնել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ Վրաստանի եւ Իրանի հետ` խորացնել ու ջերմացնել: Եվ որքան շուտ, այնքան` լավ: Առանց դրա Հայաստանը ոչ միայն ի վիճակի չի լինի լիարժեք ապահովել ազգային անվտանգությունը, այլեւ կզրկվի իր տնտեսությունը տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսություններին միակցելու, ապրանքների եւ կապիտալի ազատ տեղաշարժման, ինֆորմացիոն-տեխնոլոգիական նորագույն նվաճումների եւ համաշխարհային մշակութային արժեքների հետ հաղորդակցվելու հնարավորություններից: Հայաստանի արտաքին քաղաքականության մյուս կարեւոր ուղղությունը մնում է Ռուսաստանը: Չնայած Հարավային Կովկասում ռուսական ազդեցության նկատելի կոռոզիային, մեր շահերը պահանջում են պահպանել եւ զարգացնել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը հյուսիսային հարեւանի հետ: Դառնալով ԱՊՀ-ին, ընդգծենք, որ պահն է հրաժեշտ տալ այդ ժամանակավրեպ կառույցին, քանի որ դե-ֆակտո այն արդեն քաղաքական դիակ է:

Արդ, XXI դարասկզբի աշխարհաքաղաքական, գլոբալիզացիայի եւ ինտեգրացիոն գործընթացների անկանխակալ վերլուծությունն ապացուցում է, որ Հայաստանի ապագան հարեւան երեք երկրների հետ Եվրամիության եւ Հյուսիսատլանտյան դաշինքին լիակատար անդամակցությունն է: Մենք այլ ճանապարհ չունենք:

Ըստ երեւույթին, նման եզրակացության է եկել նաեւ պետության ղեկավարությունը: Ինչպե՞ս այլ կերպ մեկնաբանել Քոչարյան-Սարգսյան տանդեմի որոնումներն արտաքին քաղաքականության ոլորտներում, երբ անզեն աչքով իսկ երեւում է, որ տխրահռչակ կոմպլեմենտարիզմին փոխարինելու է գալիս արեւմտյան վեկտորը: Ակտիվացվում է Եվրախորհրդի թեման: Պարզվում է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կատարելու է այդ կազմակերպության հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները, այսինքն, մեր ԶԼՄ-ները լինելու են ազատ, գործելու են մարդու իրավունքներն ապահովող օրենքները, ժողովրդավարությունը դառնալու է կյանքի նորմա եւ այլն (հետաքրքիր է, թե հայաստանաբնակների քանի՞ տոկոսն է հավատում քարոզչական այս կամպանիային): Խաղարկվում է ՆԱՏՕ-ի խաղաքարտը: Այս առումով ուշագրավ է պաշտպանության նախարարի հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցը, որովհետեւ մեր սպառազինությունն արտադրված է Ռուսաստանում եւ Խորհրդային Միությունում»: Փորձառու քաղաքական գործչի եւ, փաստորեն, պետության երկրորդ դեմքի այս խոսքերը Բրյուսելի շտաբ-բնակարանի դիվանագետներին կարող է հուշել միանգամայն այլ գաղափար. «Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի կարող համագործակցել ձեզ հետ, չէ՞ որ դաշինքի Արեւելյան Եվրոպայի անդամ երկրների սպառազինությունը եւս խորհրդային է»:

Սակայն որքան էլ այսօրվա լիդերները մանեւրեն դիվանագիտական քառուղիներում, քաղաքական ցնցումների դեպքում՝ որոնց ուրվականը շրջում է Հայաստանում, կկորցնեն իշխանությունը: Եվ այս պարագայում Ռուսաստանը չի ների «դավաճանությունը», իսկ Արեւմուտքը չի ընդունի նրանց:

Այսպիսով, կոմպլեմենտարիզմն ավարտում է իր անշնորհակալ առաքելությունը: Իսկ երկիրը ստանում է ծանր ժառանգություն, որն ընկնելու է ապագա իշխանությունների եւ ժողովրդի ուսերին:
Տպելու համար