168 Hours Weekly Online  
Thursday, May 17, 2012



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Ինչու են հայերն ամեն ինչ կիսատ-պռատ անում

Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ | Ապրիլ 7, 2005

1988-ին ողջ հայ ազգը միացավ հանուն վեհ գաղափարների՝ անկախության, Արցախի ազատագրման, ազատության: Փաստորեն աշխարհի նոր վերաձեւումը սկսվեց մեզանից: Դրանից հետո միայն քանդվեց Բեռլինի պատը, փլուզվեց ԽՍՀՄ-ը, իսկ ուզբեկներն ու ղրղըզները, բացի Ազգային ակադեմիայից, ունեցան նաեւ սեփական նախագահ: Սակայն, ինչպես եւ յուրաքանչյուր նախաձեռնություն, այս մեկը եւս արվեց կիսատ-պռատ: Մենք այսօր կիսատ-պռատ անկախ ենք, կիսատ-պռատ պետություն ենք, կիսատ-պռատ է մնացել Արցախի հարցը:

Չեմ կարող ասել՝ այս խնդիրն ունի՞ խոր գենետիկ արմատներ, թե՞ թշնամի հարեւաններն են մեղավոր, որ մեզ մոտ ոչ մի բան ավարտի չի հասցվում, բայց այն, ինչ այսօր կատարվում է Հռոմում, երբ ողջ կաթոլիկ եւ ոչ կաթոլիկ աշխարհը սգում է Պապի մահը, թույլ է տալիս ենթադրել, որ, չնայած քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունել են հայերը, սակայն այսօր մենք ամենա կիսատ-պռատ հավատացյալ ազգն ենք: Այս տարի մենք նշելու ենք Գրերի ստեղծման 1600-ամյակը: Եթե ուշադրություն դարձնեք մեր առօրյա խոսակցական լեզվին, կհասկանաք, որ չնայած մեր լեզուն հարուստ է, սակայն այն գործածում ենք կիսատ-պռատ: Չնայած այդ նույն կիսատ-պռատ լեզվով կիսատ-պռատ օրենքներ են ընդունում մեր կիսատ-պռատ պատգամավորները, որոնցով եւ ստիպված է կիսատ-պռատ ապրել Հայաստանում կիսատ-պռատ մնացած հայ ազգը: Բայց ավելի լավ է տխուր բաների մասին չխոսենք, չէ՞ որ ես լավատես եմ, ընդ որում՝ ոչ կիսատ-պռատ:

Հասկացել եմ, թե ինչու մեր ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարողանում լավ խաղալ: Որովհետեւ յուրաքանչյուր հայ տղա կհիշի, որ երեխա ժամանակ բակում ֆուտբոլ են խաղում մեկ դարպասով, այսինքն՝ կիսատ-պռատ: Ա՛յ, երբ ՖԻՖԱ-ն որոշում կընդունի միջազգային խաղերն անցկացնել մեկ դարպասով, կտեսնեք, թե ինչքան լավ կխաղա մեր հավաքականը: Դեռ մի քանի տարի առաջ ես հույս ունեի, որ գոնե դպրոցը չի քանդվի: Բայց երբ տեսնում ես մեր կրթության եւ գիտության կիսատ-պռատ նախարարին, հասկանում ես, որ մեր երեխաներն անգամ կիսատ-պռատ կրթություն չեն կարող ստանալ: Դե՛, իսկ գիտության մասին ընդամենը մի քանի օր առաջ Ազգային ակադեմիայում շատ դիպուկ էր արտահայտվել մեր վարչապետը:

Այսօր շատ է խոսվում մեր մշակութային կյանքի մասին: Տեղին է նշել, թե ինչպես էին մեր կիսատ-պռատ շոու-բիզնեսմեններն ուզում բերել կիսատ-պռատ հայ Կիրկորովին: Մի բան է զարմացնում այս պատմության մեջ: Նրանց դեմ պայքարողներն իրենց գործը հասցրին ավարտին: Երբ դիտում ես հայկական հեռուստաեթերը, հասկանում ես, որ ՀՌԱՀ-ի կիսատ-պռատ նախագահի կողմից տրված կիսատ-պռատ լիցենզիաներով հազիվ էլ այդպիսի հեռուստատեսություններ լինեն:

Քայլելով Երեւանի փողոցներով, կասկած անգամ չի մնում, որ Քըրքորյանի տրամադրած գումարների կեսը ծախսվեց ճանապարհների կիսատ-պռատ ասֆալտապատման աշխատանքների վրա, իսկ մյուս կեսը՝ ինչ-որ մարդկանց ծակ գրպանները կարելու: Երեւանի քաղաքապետարանը կիսատ-պռատ պայքարում է ապօրինի շինությունների դեմ (բնականաբար, քանդվում են անտեր կիսատ-պռատ տիրովի մարդկանց շինությունները միայն): Կիսատ-պռատ տնտեսություն ենք զարգացնում, կիսատ-պռատ դոլարի կուրս գցում, կիսատ-պռատ դիվանագիտական հարաբերություններ հաստատում, կիսատ-պռատ բարձր տեխնոլոգիա զարգացնում:

Բայց մյուս կողմից՝ Եվրոպայում լիարժեք գեղեցկուհի ունենք, ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղում հոլանդացիների հետ, մեր երգիչ-երգչուհիները պարգեւներով են վերադառնում հեղինակավոր փառատոներից, իսկ մեր գործարարները շարունակում են աշխատել Հայրենիքում, անկախ ամեն ինչից: Այնպես որ, կարողանում ենք, եթե ուզում ենք:

Անլիարժեքության բարդույթով մի քիչ տառապող հայ՝  Ա.Ք.
Տպելու համար