168 Hours Weekly Online  
Friday, October 24, 2014



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 
Տպելու համար

Բարեգործական թալան

Արմեն ԲԱՐՍԵՂՅԱՆ | Մարտ 31, 2005

Բարեգործության քողի տակ օրինախախտումներն «ամենաօրինականներն» են. թերեւս այսպես է մտածում Երեւանի Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ, «Ավետիս» հեռուստաընկերության տնօրեն Լեւոն Պարտագճյանը: Սրան հավելենք այն, որ «Ավետիս» հոգեւոր մշակութային կառույցը զբաղված է հոգեորսությամբ:

Սակայն այս հանգամանքին չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է խղճի եւ դավանանքի ազատությունը: Իսկ այն, որ պատվելի Լեւոն Պարտագճյանը բացահայտորեն գործում է ՀՀ օրենքի դաշտից դուրս, մտահոգիչ է, հատկապես, երբ նրա այդ գործունեությունից տուժում է իր տնօրինության տակ աշխատող մի ամբողջ կոլեկտիվ:

Վերջին ժամանակներում կարծես մեծ ուշադրություն է դարձվում աշխատավորի իրավունքների պաշտպանության վրա, սակայն, չգիտես ինչ հմտություններով, այս մեկը մշտապես վրիպում է օրինապահների վերահսկողությունից: Թերեւս հայերը երախտապարտ ազգ են, եւ բարեգործությունը մեզանում այսօր ուղղակի գերագնահատվում է: Ասածս հիմնավորելու համար բերեմ բազմաթիվ օրինակներ՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողի դատին:

Ընդունվելով Երեւանի Ավետարանական եկեղեցի-«Ավետիս» հեռուստաընկերություն միավորված կազմակերպություն աշխատանքի (կամ ինչպես այստեղ են ասում` ծառայության), անմիջապես կարող ես նախազգուշացվել, որ կարող ես ականատես լինել մի շարք տարօրինակությունների: Առաջին հերթին, ինչպես նախատեսված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, այստեղ չեն պահպանվում աշխատանքային ժամերը օրվա, էլ ուր մնաց թե՝ շաբաթվա ընթացքում: Ինչպես վկայում են ընկերության աշխատակիցները, ինչին նաեւ ականատես եմ ես, սույն ձեռնարկությունում աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 9:00-9:30-ի սահմաններում եւ ավարտվում երեկոյան 19:00-20:00 սահմաններում, առանձին դեպքերում այն ձգվում է մինչեւ գիշերվա 22:00-24:00-ը: Ստացվում է օրական մոտավորապես 12 աշխատանքային ժամ, ներառյալ՝ ընդմիջման համար տրվող 1 ժամը: Միգուցե այս աշխատանքային գրաֆիկը համարվեր օրինական, եթե լրացուցիչ աշխատանքային ժամերի համար լիներ լրացուցիչ վճարման կարգ` ինչպես նախատեսված է օրենքով: Աշխատակիցների հետ զրուցելիս պարզվեց, որ «արձակուրդ» բառը խորթ է այստեղ, քանի որ դրանք 7-10 օր տեւողությամբ կարող են տրվել միայն մահացության կամ նման այլ տխուր առիթներով, այն էլ՝ աշխատավարձից հանելով բացակայած օրերի աշխատավարձը, ինչը «ժամանակին» կոչվում էր արձակուրդ՝ սեփական հաշվին, էլ ուր մնաց՝ «արձակուրդային վճարում» հասկացությունը: Հանգստյան օրերը, տոները եւ նման այլ հետաքրքրություններն այստեղ կարելի է ճոխություն համարել:

Սա դեռ ամենը չէ:

Հայաստանի ոչ մի օրենքով ամրագրված չէ, որ գործատուն իրավասու է ստորացնել իր աշխատողներին, իսկ հոգեւորականության ոչ մի նորմերում չի նախատեսվում նման արարք հոգեւոր հովվի կողմից: Լեւոն Պարտագճյանը երբեւէ առիթը բաց չի թողել անպատվելու, անարգանքի խոսքեր ուղղելու իր ենթականերին՝ ինչպես անհատապես, այնպես էլ խմբակային: Սա, ըստ ականատեսների, երբեմն ավարտվել է ֆիզիկական ուժի գործադրումով: Եղել են դեպքեր, երբ հոգեւոր հովիվը ոլորել է իր 35-ամյա աշխատակցի ականջները` ասենք պարապուրդի մատնվելու կամ ինչ-որ հանձնարարություն պատշաճ չկատարելու պատճառով: Ականատեսների վկայությամբ եղել է նաեւ դեպք, երբ Լեւոն Պարտագճյանը բառիս բուն իմաստով «քացու տակ է գցել» մի աշխատակցի, որի կապակցությամբ, ի դեպ, ժամանակին հարուցվել է քրեական գործ, որը, սակայն, անհայտ հանգամանքներում կարճվել է:

Կրկին չցանկանալով որակումներ տալ` հիշատակեմ, որ կազմակերպության աշխատակիցներն այստեղ, անկախ նշանակված պաշտոնից, պարտավոր են տնօրենի հրամանով բանվորական աշխատանքներ կատարել ոչ միայն ընկերության տարածքում, այլեւ Լ. Պարտագճյանի սեփական տան վերանորոգման ընթացքում:

Երեւի թե այսպիսի ինքնավստահություն տնօրենին ներշնչում է այն հանգամանքը, որ իր աշխատակիցների մեծ մասը չունեն աշխատանքային պայմանագրեր: Կարծում եմ, որ պայմանագիր պետք է յուրաքանչյուր ոք պահանջի աշխատանքի ընդունվելիս, սակայն դա տնօրենի պարտականությունն է օրենքի առջեւ: Դա է միգուցե պատճառը, որ ժողովների ընթացքում օրենք հիշատակող աշխատակիցն անմիջապես ստանում է դրսի հրավիրատոմս: Կան նաեւ աշխատակիցներ, ովքեր հիշում են, որ ժամանակին ինչ-որ թուղթ են ստորագրել, որպես պայմանագիր, որի բովանդակությունը չեն հիշում, քանի որ այդ թուղթը եղել է մեկ օրինակից, այն էլ՝ պահվում է տնօրենի մոտ:

«Ավետիս» հեռուստաընկերությունում մի օր ձեռքս մի թուղթ ընկավ, որն ուղղված էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, ուր նշված էին ապշեցուցիչ թվեր աշխատակիցների քանակի եւ նրանց աշխատավարձերի վերաբերյալ: Թղթում նշագրված մոտ 50 հիմնական եւ մոտ այդքան էլ պայմանագրային աշխատակիցների շարքում ես իրականում կարողացա հաշվել գործող ընդամենը 2 օպերատոր, 2 մոնտաժող, 1 լրագրող, 2 թարգմանիչ, 1 խմբագիր, տնօրենի 1 քարտուղարուհի, Ավետարանական եկեղեցու 2 պահակ, տնօրենի 3 դուստրերը եւ իր տիկինը: Գումարենք` =15: Ինչպես ասում են` առանց մեկնաբանությունների:

Հեռուստատեսությունում իրավախախտումների կարեւոր եւ անբաժան ուղեկիցն է գործող եւ գնալով բարդացող տույժային համակարգը, որը նախատեսում է պահումներ աշխատավարձից եւ տուժողին է ներկայացվում ամեն ամսվա վերջին: Նշեմ դրանցից մի քանիսը, որը, կարծում եմ, շատերին կզվարճացնի.

- աշխատանքից ազատված կամ հեռացված աշխատակցի հետ ընկերական հարաբերություններ պահպանելու եւ հանդիպելու համար,

- տնօրենին սեփական անմեղությունն ապացուցելիս «հակաճառելու» համար,

- հեռուստացույցի ձայնը լսելի սահմաններում բարձրացնելու համար,

- ձմռանը՝ տաքանալու նպատակով, ամռանը՝ հովանալու նպատակով ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց,

- սենյակից 1-2 րոպեով բացակայելիս լույսը չանջատելու համար,

- գոյացած հարկադիր պարապուրդի համար:

Բացի վերոհիշյալ կետերը, նաեւ աշխատակիցը կարող է տուգանվել հեռուստատեսության աշխատանքներից չհասկացող Լ. Պարտագճյանի չափանիշներով խոտան տալու համար, որը կարող է լինել այսպիսին` լրագրողը արագ է կարդացել եւ սփյուռքահայ տնօրենը չի հասցրել հասկանալ տեքստի բովանդակությունը, կամ տեսանյութն ուղեկցող «ինտերաղմուկը» տնօրենը համարում է ավելորդ աղմուկ եւ այլք:

Ժամանակի ընթացքում տույժային համակարգում կատարվել են բարեփոխումներ, կամ հայերեն ասած` օպտիմալացում. տույժերը դարձել են ավելի հաճախակի, կիրառումը՝ խմբակային: Օրինակ, նախկին մի աշխատող իրեն չվճարված աշխատավարձի դիմաց Պարտագճյանին պատկանող մի հեռախոսահամարից (որն, ի դեպ, կազմակերպության տարածքում չի գտնվում) մոտ 1500 դոլարի հեռախոսազանգեր էր կատարել, որը տնօրենը նրանից հետո փոխհատուցեց մյուսների աշխատավարձերից: Կամ, օրինակ, նախկին մի աշխատակից չվճարված աշխատավարձի դիմաց, ոչ հեռուստաընկերության տարածքից, տարել էր չգործող հեռուստացույց եւ տեսագրիչ, որի շուկայական արժեքը կրկին վճարեցին հետայսու աշխատողները:

Հիմա սենսացիոն տույժերը` բոլորին տույժ օպերատորի ուշացման, եթերն ընդհատվելու համար, քարտուղարուհու ուշացրած ինչ-որ զանգի պատճառով, տնօրենի ընդունարանում մարդկանց կուտակման հետեւանքով, հավաքարարի աշխատանքի չներկայանալու, կանանց զուգարանը կեղտոտ լինելու, անգամ ծիծաղելու, պատահել է նաեւ սիրահարվելու համար (վերջին դեպքում աշխատավարձից զրկվել են միայն երկու կողմերը)... Այս շարքն անվերջանալի է:

Եվ վերջում կուլմինացիան. 2005 թվականի փետրվար ամսին հեռուստաընկերության տնօրեն, Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտագճյանն իր տիկնոջ հետ վայելում էր Կարմիր ծովի բարիքները, իսկ աշխատակիցները միեւնույն պատրաստակամությամբ եւ կարգապահությամբ կատարում էին իրենց պարտականությունները: Ամսվա վերջին օրերին հեռուստաընկերությունից կատարվեց գողություն` տնօրենի գնահատմամբ՝ մոտ 9000 դոլար արժողությամբ: Գողության փաստով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն ընթացքի մեջ է, եւ դեռեւս որեւէ մեկին պաշտոնապես կասկածանք կամ մեղադրանք չի առաջադրվել: Սակայն, Պարտագճյանի խոսքերով, ըստ քննիչի, գողություն կատարող անձը «ներսի մարդ է», այդ իսկ պատճառով էլ տնօրեն Պարտագճյանը հրաժարվում է վճարել բոլոր աշխատակիցների (եկեղեցու եւ հեռուստաընկերության) 2-3 ամսվա աշխատավարձերը այնքան ժամանակ, մինչեւ դուրս գա գողացված ապրանքի գինը (իսկ միգուցե սա ուղղակի պատճառ էր. ասում են, մոտ այդքան գումար նա ծախսել է իր կարմիրծովյան շրջագայության ընթացքում): Միայն աշխատավարձի վճարումից հրաժարվելը չէ, որ բարկացնում է բոլորին: Հոգեւոր հովիվն անհիմն մեղադրանքներ է հղում աշխատողների հասցեին` անվանելով գող եւ ինչ-որ անհիմն հիմնավորումներ բերելով. ասենք` դու գող ես, քանի որ չես արգելել տվյալ անձնավորությանը կոմպյուտերի վրա խաղ խաղալը, կամ չես արգելել անձնական հեռախոսազանգին պատասխանելը: Ցավալին այն է, որ այս ամենը համարվում է վերոնշյալ գողությանը հանցակցություն: Իսկ սեփական մեղքի բաժինը կատարված հանցագործության մեջ չհասկացող եւ չընդունող աշխատակիցների յուրաքանչյուր պահանջը մերժվում է նույն համառ ու էլ ավելի բիրտ խոսքերով. «Սկզբունքը մեկն է, եթե ապրանքը չվերադարձվի, դուք եք փակելու այդ գումարը»: Եվ վերջին սենսացիոն հայտարարությունն այսպիսին էր. «Ես ձեզ հնարավորություն եմ տալիս գողություն կատարել, միեւնույն է՝ դուք եք այդ գումարը փակելու»: Իսկ հոգեւոր հովիվ պատվելի Լեւոն Պարտագճյանի խոսքերից հիպնոսացածներին սթափեցնելու նպատակով նշեմ, որ աշխատակիցներից մեկի այն հարցադրմանը, թե՝ «Իմ 3 տարեկան երեխան ի՞նչ մեղք ունի գողության համար, որ ես նրան բացատրեմ, թե ինչո՞ւ աշխատավարձ չեմ ստանում», մերօրյա քարոզիչն առանց խղճի խայթ զգալու եւ շատ հանգիստ պատասխանեց. «Քո երեխան ինձ չի հետաքրքրում, ԹՈՂ ՄԵՌՆԻ»:

Մարտի 25-ին, այլեւս չդիմանալով այս վիճակին, ստուդիայի աշխատակիցներից մի քանիսս հեռացանք աշխատանքից: Չգիտեմ` ում ուշադրությունը հրավիրել, չգիտեմ՝ ում դիմել, ուստի դիմում եմ բոլորին, ով կարող է ինչ-որ կերպ կասեցնել այս բարեգործական թալանը:

Հ. Գ. Մարտի 29-ին Լ. Պարտագճյանը ստուդիայի որոշ աշխատակիցների որոշ չափաբաժիններով աշխատավարձ է բաժանել:
Տպելու համար